Վարչապետ Կարեն Կարապետյանը չի լինի իշխող Հանրապետականի (ՀՀԿ) նախընտրական ցուցակում, և դա նրա որոշումն է: Այսօր «Ազատության» հետ զրույցում նման համոզմունք հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախագահ Նաիրա Զոհրաբյանն՝ ընդգծելով, թե հենց նա [Կարեն Կարապետյանը] թույլ չի տվել իշխող ուժին իր համար կեղծիք անել՝ տեղեկանք պատրաստելով, թե Կարապետյանը վերջին չորս տարում բնակվել է Հայաստանում։
Նշենք, որ փոփոխված Սահմանադրության համաձայն՝ պատգամավորության թեկնածուն վերջին չորս տարում պետք է լինի Հայաստանի քաղաքացի և վերջին չորս տարում մշտապես բնակված լինի Հայաստանում:
Վարչապետ Կարեն Կարապետյանի կենսագրության մեջ հստակ նշվում է, որ նա 2011-ից 2016 թվականը «Գազպրոմ»-ում բարձր պաշտոններ է զբաղեցրել:
Այսօր էլ հրավիրած ասուլիսում նա չթաքցրեց, որ Հայաստանում չի ապրել։ Բայց, ինչպես ԲՀԿ ղեկավարը պնդեց, եթե չլիներ Կարապետյանի որոշումը, Հանրապետականը կարող էր ապացուցել, որ նա անգամ Մարսում է ապրել:
Զոհրաբյան. - Կարեն Կարապետյանը շատ լավ հասկացել է, որ եթե ինքը թույլ տա, որ Հանրապետական կուսակցությունն իր համար նման բացահայտ կեղծիքի գնա, ապա այն ամենն, ինչ այս ընթացքում հայտարարել է Կարեն Կարապետյանը կզրոյացվեր, ուստի դա, վստահաբար, Կարեն Կարապետյանի անձնական որոշումն է՝ թույլ չտալ Հանրապետական կուսակցությանն իր համար անել հերթական կեղծիքը, որին Հանրապետական կուսակցության թեթև ձեռքը միշտ սովոր է եղել։ Կարեն Կարապետյանը, վստահաբար, չի լինի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում։
«Ազատություն». - Դուք կարծում եք, որ սա հենց նրա՞ որոշումն է, նա՞ թույլ չի տվել։
Զոհրաբյան. - Միանշանակ և բացառապես, որովհետև Հանրապետական կուսակցությունը, վստահաբար, պատրաստ էր Կարեն Կարապետյանի համար պատրաստել ցանկացած տեղեկանք, այդ թվում, եթե անհրաժեշտ լինի, որ նա վերջին հինգ տարիներին բնակվել է Մարսում։
Նշենք, որ Կարեն Կարապետյանը կարող է չլինել նախընտրական ցուցակում, բայց շարունակել մնալ վարչապետի թեկնածու, ինչի մասին խոսել էր նաև Սերժ Սարգսյանը:
Փոփոխված Սահմանադրության դրույթը, ըստ որի, վարչապետը նույնպես պետք է վերջին չորս տարում բնակված լինի Հայաստանում, ուժի մեջ է մտնում միայն 2018 թվականից հետո։ Սակայն, ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը խորհուրդ է տալիս չշտապել վարչապետի հարցում, քանի որ ընտրություններից հետո՝ ապրիլի 3-ին, կարող ենք արթնանալ բացարձակապես այլ Հայաստանում, իսկ դա, ըստ Զոհրաբյանի, մեծապես կախված է լինելու ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առաջիկա որոշումից։
Զոհրաբյան. - Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները մեր երկրում շատ բան կարող են փոխել, և դա մեծապես կախված է լինելու իհարկե Գագիկ Ծառուկյանի առաջիկա որոշումից։
«Ազատություն». - Իսկ մոտավորապես դա ե՞րբ կլինի։
Զոհրաբյան. - Ես կարծում եմ, որ եկող շաբաթվա առաջին օրերին։
«Ազատություն». - Նա արդեն կհայտարարի՞, թե ինչ ֆորմատով է մասնակցելու։
Զոհրաբյան. - Ես կարծում եմ՝ շաբաթվա առաջիկա օրերին, մենք կունենանք Գագիկ Ծառուկյանի խոսքը ընտրություններին իր մասնակցության, ձևաչափի վերաբերյալ։
Եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ վարչապետ Կարեն Կարապետյանն անձամբ է արգելել Հանրապետականին իր օգտին կեղծիք անել և տեղեկանք պատրաստել Հայաստանում իր մշտական բնակության մասին, ապա ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պնդում է՝ Սերժ Սարգսյանը Կարապետյանին նախընտրական ցուցակում չի ընդգրկում քաղաքական նպատակահարմարությունից ելնելով:
«Այսօրվա կեղծարար իշխանության համար մի անգամ էլ նման կեղծիք անել և այդ կեղծիքը մատուցել որպես օրինական՝ ոչ մի խնդիր չկա: Հետևաբար իրենց համար տեղեկանք կեղծելը խնդիր չէ», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Փոստանջյանը՝ շարունակելով․ - «Խնդիրը այլ տիրույթում պետք է գտնենք: Փաստացի՝ մենք հասկանում ենք, որ այս պահին իրենք չեն ցանկացել Կարեն Կարապետյանին ներառել իրենց ցուցակի մեջ: Իրենք իրենց մեջ էլ խնդիր ունեն՝ ինչպես պետք է բաժանեն իշխանությունը ապագայում, այսպես կոչված՝ ընտրություններից հետո: Եվ եթե Կարեն Կարապետյանը չի ներառվում և նորից հրավիրվածի դերում պետք է լինի, այստեղ իշխանության կիսելու հարցը այլ ձևաչափով պետք է քննարկենք: Կարծում եմ՝ հենց քաղաքական նպատակահարմարությունից ելնելով նրան ուղղակի չեն ներառում այդ ցուցակի մեջ»:
«Ազատության» ճշտմանը՝ այսինքն այդ կերպ չեն ցանկանում ուժեղացնե՞լ Կարեն Կարապետյանին, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց․ - «Իհարկե: Սերժ Սարգսյանը չի ցանկանում որևիցե մեկին ուժեղացնել: Ինքը իրեն է պատկերացնում առաջին դերում: Իհարկե, նա չի թույլ տա, որ որևիցե մեկը ուժեղանա, որը կարող է խոչընդոտ դառնալ հենց իրեն»: