«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, Հայաստանի Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը նամակ է հղել Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին՝ «առնվազն տարակուսելի» որակելով նրա հայտարարությունը դեկտեմբերի 29-ին հայ - ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:
Ընդգծելով, որ Յագլանդը մշտապես աչքի է ընկել անկողմնակալ և հավասարակշիռ հայտարարություններով, Զոհրաբյանը շարունակում է. - «Ես հասկանում եմ, որ Ձեր հայտարարության հիմնական ուղեցույցը եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ոչ հավասարակշիռ և խիստ կողմնակալ հայտարարությունը, սակայն, հարգարժան գլխավոր քարտուղար, ես չէ, որ Ձեզ պետք է ասեմ, որ մարդասիրությունը չի կարող ընտրովի լինել և մարդասիրությունն իրավունք չունի քաղաքական գունավորում ունենալ։ Ես կհասկանայի Ձեզ, եթե դուք նույնպիսի ջանասիրությամբ ժամանակին հստակ գնահատական տայիք Ադրբեջանի կողմից կատարված վայրագություններին՝ դիվերսիաներին, անթույլատրելի զինատեսակների կիրառմանը, զինվորների և քաղաքացիական անձանց խոշտանգումներին և դիակների պղծումներին, եթե Դուք կոչ անեիք Ադրբեջանին հարգել միջազգային պարտավորությունները և եթե Դուք դատապարտեիք այն, ինչ արեց Ադրբեջանը ապրիլյան վերջին պատերազմի ժամանակ՝ գլխատելով և անարգելով հայ զինվորներին ու քաղաքացիական անձանց, սպանելով երեխաներին։ Բոլոր այդ փաստերը ժամանակին Ձեզ տրամադրվել են։ Սակայն, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խումբը և թե՛ Դուք զարմանալիորեն չհիշեցիք մարդասիրության և միջազգային իրավունքի մասին, ինչը առնվազն տարակուսելի է, եթե չասեմ՝ խիստ դատապարտելի»։
«Փաստն այն է, որ սահմանային վերջին միջադեպը Ադրբեջանի հերթական դիվերսիան էր, և Ձեր մատնանշած զինվորը չեզոքացվել է Հայաստանի տարածքում՝ դիվերսիոն գործողություն իրականացնելու ժամանակ», - շեշտում է Նաիրա Զոհրաբյանը:
«Ես ցավում եմ, որ մեր բոլորի կողմից մեծագույն հարգանք վայելող ԵԽ գլխավոր քարտուղարը ուղղակի երկրորդել է Մինսկի խմբի անընդունելի հայտարարությանը, դրանով վնաս հասցնելով ոչ միայն իր բարի համբավին, այլ նաև բանակցային գործընթացին։ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը պատրաստ է հունվարյան նստաշրջանի ժամանակ հանդիպել Ձեզ հետ և ներկայացնել իրականությունն այնպես, ինչպես այն կա՝ մարդասիրության և միջազգային նորմերի տիրույթում», - իր նամակն ամփոփում է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ներկայացուցիչը:
Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը, հիշեցնենք, իր հայտարարությամբ միացել է ադրբեջանցի զոհված զինծառայողի դին անհապաղ վերադարձնելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչին: