Վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ եթե հնարավորություն չունենա, 2018 թվականից հետո վարչապետ չի լինի:
Մինչդեռ, ընդամենը մեկ ամիս առաջ լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը Կարապետյանը ընդգծել էր՝ 2018-ից հետո իրեն տեսնում է վարչապետի պաշտոնում՝ եթե իր գլխավորած կառավարությունը արդյունավետ լինի:
Ըստ նոր Սահմանադրության, 2018-ի ապրիլից հետո վարչապետը պետք է ոչ միայն լինի Հայաստանի քաղաքացի, այլև վերջին չորս տարում մշտապես բնակված լինի Հանրապետությունում:
Այսօր հարցրեցինք Կարեն Կարապետյանին՝ արդյո՞ք անհրաժեշտ իրավական հիմքերը կան, որ 2018-ից հետո էլ նա կարողանա զբաղեցնել վարչապետի պաշտոնը:
«18 թվին էլ, գա՝ կխոսանք: Կլինեմ ես վարչապետ, չեմ լինի վարչապետ՝ ամենաշատ հուզող հարցը Ձեզ այս պահին դա՞ է: Հստակություն կա, գնում ենք առաջ: Եթե հնարավորություն չեմ ունենա, ուրեմն՝ չեմ լինի: Տրամադրվա՞ծ եմ լինեմ․ եթե էֆեկտիվ աշխատենք՝ այո, եթե էֆեկտիվ աշխատենք և ապրիլյան այս ընտրությունները Հանրապետականը հաղթի», - արձագանքեց վարչապետը՝ հավելելով․ - «Բոլոր հնարավոր մեկնաբանությունները այս հարցի պատասխանի եթե հաշվի առնես, պետք է չպատասխանես էս հարցը, որովհետև ոնց ուզում եք տեքստից կարող եք մի մասը հանել և մեկնաբանել»:
Ինչ վերաբերում է ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, վարչապետը չհստակեցրեց՝ լինելո՞ւ է արդյոք հանրապետականների նախընտրական ցուցակում:
«Վերջին հինգ տարիներին Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ապրել եմ Երևանից դուրս: Համապատասխանո՞ւմ է իմ ապրելու օրերի քանակի սահմանափակումը, որպեսզի լինեմ Հանրապետական կուսակցության ցուցակում, թե՞ չէ՝ այդ հարցի պատասխանը չգիտեմ, բայց եթե չի համապատասխանում, ապա ես ցուցակում չեմ լինելու», - ասաց Կարեն Կարապետյանը:
Այսօր էլ տնտեսությունը ծանր վիճակում է
Կարապետյան այսօր ամփոփում էր իր գլխավորած կառավարության հարյուր օրը: Անցած ամիսներին, թերևս, ամենից հաճախ հիշատակվել է նրա աղմկահարույց հայտարարությունը՝ Հայաստանի տնտեսությունը գտնվում է չափազանց ծանր վիճակում, որը նա արեց նշանակման հենց հաջորդ օրը:
«Մեր տնտեսությունը, ես ասել եմ, գտնվում է ծանր վիճակում: Եվ այսօր էլ եմ ասում: Դա նշանակո՞ւմ է, որ այն կառավարելի չի: Ո՛չ: Բավարարո՞ւմ է այսօր մեզ բոլորիս մեր տնտեսությանը վիճակը: Չի՛ բավարարում: Երեք ամսվա մեջ կտրուկ փոփոխություններ եղե՞լ են: Մենք ձեզ ներկայացրել ենք մեր փոփոխությունները: Դուք կարող եք հետո ընթերցել, ըստ դրա գնահատել՝ կտրո՞ւկ է, թե՞ կտրուկ չէ: Բայց ես ձեզ բոլորին խնդրում եմ, որպեսզի դուք հասկանաք, որ տնտեսությունը, այս մեծ համակարգը մի օրվա մեջ փոփոխելու հնարավորությունը չկա: Համոզված են, որ մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ», - այսօր ասաց վարչապետը:
«Օլիգարխների հետ ինձ զգում եմ ապահով»
Հունվարի սկզբին Հայաստանում թանկացան առաջին անհրաժեշտության որոշ ապրանքներ՝ ալյուրը, շաքարավազը: Այսօր լրագրողներից մեկը հարցրեց վարչապետին՝ կարո՞ղ է օլիգարխներին ասել, որ չթանկացեն:
Վարչապետի արձագանքը․ - «Բայց վարչապետի գործառո՞յթն ա․ զանգ տա ջղային տոնով ասի՝ շաքարի գնին ձեռ չտաք․․․ Օլիգարխների հետ զգում եմ ինձ շատ հանգիստ»:
«Ինձ միլիցա մի սարքեք»
Պետկամուտների կոմիտեն նոյեմբերի 21-ին հաղորդագրություն տարածեց, ըստ որի մի գործարար, ում անունը այդպես էլ չհրապարակվեց, Ռուսաստանից բանան է ներկրել Հայաստան, սակայն սահմանը հատելուց հետո խոչընդոտների է հանդիպել, և միայն կոմիտեի օպերատիվ հետախուզության ու ներքին անվտանգության վարչությունների միջամտության արդյունքում է, որ կարողացել է բանանն իրացնել: Լրատվամիջոցները բազմիցս են գրել, որ բանանի և մի շարք այլ ապրանքների ներկրման մոնոպոլիան պատկանում է ԴԱՀԿ նախկին ղեկավար և Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ սերտ կապեր ունեցող Միհրան Պողոսյանին: Ուստի շատերը տարօրինակ չհամարեցին, որ իրավապահները այդպես էլ չպարզեցին, թե ովքեր են այդ անհայտ անձինք, որ փորձել են խոչընդոտել բանանի ներկրումը:
Այսօր այս պատմությունը հիշեցրեցին վարչապետին՝ հարցնելով, թե ի վերջո անհայտ խոչընդոտողը հայտնաբերվեց ու պատժվե՞ց: «Ես չգիտեմ պատիժ կրել ա թե չէ: Ինձ համար դա կարև՞որ հարց ա: Հստակ ասում եմ՝ չէ՛: Ինձ համար կարևոր ա, որ էդ տենդենցը, եթե նույնիսկ եղել է, որ մեկը խոչընդոտել է, էլ չլինի: Այս պահին կա՞: Չկա՛: Ունե՞ք օրինակ, բերեք ինձ ասեք: Բայց ինձ միլիցա մի՛ սարքեք», - պատասխանեց Կարապետյանը:
Կարապետյանին այսօր նաև հարցրեցին ղարաբաղայան կարգավորումից՝ արդյոք կո՞ղմ է տարածքներ խաղաղության դիմաց տարբերակին:
Վարչապետի պատասխանը․ - «Չէ, ես դրա կողմնակիցը չեմ: Ես վստահ եմ, որ մենք ունենք տարբերակ, երբ որ մեր ինքնասիրությունը, մեր անվտանգությունը, մեր հաղթանակը մենք կարող ենք պաշտպանել, պահել համապատասխան տրամաբանական բանակցությունների արդյունքում: Եկեք, երբ որ գա պահը․․․ Փոխզիջումը ոչ միայն տարածք է, չէ՞: Փոխզիջումը կարգավիճակ է, փոխզիջումը տարբեր բաներ են: Ես չեմ կարծում, որ որևիցէ մեկը Հայաստանի Հանրապետությունում որոշում կայացնող լինի․ իր վրա այդ պատասխանատվությունը լինի, կկայացնի մի որոշում, որի հետ մեր ազգը, մեր քաղաքացիները համաձայն չեն լինելու: Դա այնպիսի մեծ պատասխանատվություն է, որ ես ճեմ տեսնում այդ մարդուն, որը կարող է իր նորմերը խախտի, գնա դրան»: