Պաշտպանել ժողովրդավարությունն ու շարունակել պայքարը հանուն մարդու իրավունքների ու հավասարության՝ սա էր ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի պատգամն ամերիկացիներին՝ հրաժեշտի երեկվա ելույթում:
Օրեր անց պաշտոնավարումն ավարտող նախագահը վերջին ուղերձը որոշել էր հղել Չիկագոյից, որտեղից սկսել է քաղաքական կարիերան: «Հենց այստեղ էր, որ ես հասկացա՝ փոփոխությունները տեղի են ունենում միայն այն ժամանակ, երբ շարքային քաղաքացիներն են մտնում գործընթացի մեջ՝ միասնաբար պահանջներ առաջ քաշելով», - հայտարարեց Օբաման՝ հիշեցնելով իր նախընտրական խոստումը․ - «Այո, մենք կարող ենք, կարող ենք և հասանք մեր նպատակներին»:
«Եթե ես ձեզ ութ տարի առաջ ասեի, որ Ամերիկան դուրս է գալու մեծ դեպրեսիայից, վերագործարկելու է ավտոարտադրությունը՝ մտնելով աշխատատեղերի ստեղծման՝ պատմության մեջ ամենաերկար փուլ, եթե ասեի, որ մենք նոր էջ ենք սկսելու Կուբայի ժողովրդի հետ հարաբերություներում, որ առանց գեթ մեկ կրակոցի դադարեցնելու ենք Իրանի միջուկային ծրագիրը, և ոչնչացնելու ենք սեպտեմբեր 11-ի կազմակերպչին, դուք գուցե արձագանքեիք, թե շատ բարձր նշաձող ենք սահմանում: Սակայն, մենք այդ ամենն արեցինք, դո՛ւք արեցիք, և ձեր շնորհիվ Ամերիկան հիմա ավելի լավ ու ամուր երկիր է, քան ութ տարի առաջ», - ասաց Բարաք Օբաման:
Որևէ բառ չասելով իր հաջորդի՝ հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակի կամ կուսակից Հիլարի Քլինթոնի պարտության մասին, Օբաման միայն նշեց. - «Դեպի առաջ յուրաքանչյուր երկու քայլից հետո Ամերիկան ասես մեկ քայլ ետ է գնում»: «Ժողովրդավարությունը հիմա ձեր կարիքն ունի», - դիմելով դահլիճում հավաքված հազարավորներին՝ հայտարարեց նա, կոչ անելով պաշտպանել սկզբունքներն ու արժեքները, որ տասնամյակներ շարունակ առանցքային են եղել Նահանգների համար:
«Մեր կենսակերպի պաշտպանությունը միայն մեր զինվորականների գործը չէ, և ինչպես որ մենք՝ քաղաքացիներս, աչալուրջ ենք արտաքին հարձակումների նկատմամբ, նույն կերպ զգոն պետք է լինենք, որ չթուլանան սկզբունքները, որ մեզ դարձնում են այն, ինչ մենք կանք», - ասաց ԱՄՆ 44-րդ նախագահը:
Ելույթի մեծ մասը նվիրելով ժողովրդավարությանը՝ Ամերիկայի նախագահը նշեց․ - «Այսօր այն վտանգում են մոլեռանդ ծայրահեղականները, որ իբրև թե խոսում են իսլամի անունից, ինչպես նաև աշխարհիկ բռնապետերը, որոնք արհամարհում են օրենքի գերիշխանությունը, չեն հանդուրժում այլակարծությունն ու խոսքի ազատությունը և վստահ են, որ զենքը կամ քարոզչամեքենան են ի վերջո որոշում՝ որն է ճիշտը, որը՝ սխալ»: «Մենք պետք է նրանցից զգուշանանք, բայց ոչ թե երկյուղենք», - շեշտեց Օբաման:
«Իսլամական պետություն»-ը կփորձի սպանել անմեղ մարդկանց, սակայն նրանք չեն կարող հաղթել Ամերիկային, քանի դեռ մենք չենք դավաճանել մեր Սահմանադրությանն ու սկզբունքներին: Ռուսաստանի կամ Չինաստանի նման մրցակիցները չեն կարող հասնել աշխարհում մեր ունեցած ազդեցությանը, քանի դեռ մենք չենք հրաժարվել այն ամենից, ինչին հավատում ենք, դառնալով մեկ այլ գերտերություն, որը սպառնում է իր փոքր հարևաններին», - ասաց նա:
Միացյալ Նահանգների պատմության մեջ առաջին աֆրոամերիկացի նախագահը կոչ արեց նաև առավել հանդուրժող լինել ու շարունակել պայքարը խտրականության դեմ՝ անուղղակիորեն թերևս հիշեցնելով Դոնալդ Թրամփի հայտարարությունները ներգաղթյալների հոսքը դադարեցնելու մասին:
«Տարիներ ի վեր նորեկները իրենց ներկայությամբ ոչ թե թուլացրել, այլ հզորացրել են Ամերիկան, և երբ նրանք բողոքի ցույցեր են անցկացնում, առանձնահատուկ վերաբերմունք չեն պահանջում, այլ՝ հավասարություն, ինչը և մեր հիմնադիր հայրերն են խոստացել», - ընդգծեց նա:
«Տասը օրից աշխարհը ամերիկյան ժողովրդավարության մարմնավորման՝ իշխանության խաղաղ փոխանցման ականատեսը կդառնա», - փաստեց Օբաման, ընդգծելով՝ ի վերջո, Ամերիկան մնում է աշխարհի ամենահարուստ, հզոր ու հարգված երկիրը, «մեր երիտասարդությունը, էներգիան, բազմազանությունը, անվերջ նորարարության ու ռիսկի գնալու կարողությունը երաշխավորում են, որ ապագան մերն է»:
Զգացմունքային ելույթի ավարտին ԱՄՆ 44-րդ նախագահը չկարողացավ զսպել արցունքները կնոջը՝ Միշելին դիմելիս: «Վերջին 25 տարիների ընթացքում դու ոչ միայն իմ կինն ես եղել ու երեխաներիս մայրը, այլև իմ լավագույն ընկերը, դու Սպիտակ տունը հասանելի դարձրիր բոլորի համար: Ես հիանում եմ քեզնով, ողջ երկիրն է հիանում քեզնով», - Միշել Օբամային ասաց Բարաք Օբաման: