Մատչելիության հղումներ

Նոր Գեղիում 30 տարվա համայնքապետին համեմատում են Շառլ Ազնավուրի հետ


Ի նշան երախտագիտության՝ Ֆրոնտիկ Թևոսյանի անունով են անվանակոչել համայնքի գլխավոր փողոցն ու արվեստի դպրոցը:

Չնայած առկա սոցիալական խնդիրներին՝ Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի բնակիչները պնդում են, թե գոհ են իրենց ավելի քան 30 տարի ղեկավարող հանրապետական համայնքապետից։ Փողոցները լուսավորվել են, որոշները՝ ասֆալտապատվել, դպրոց է նորոգվել և այլն։ Եվ ինչպես գյուղապետ Ֆրոնտիկ Թևոսյանն է ասում՝ ի նշան երախտագիտության համայնքի գլխավոր փողոցը և արվեստի դպրոցն անվանակոչել են իր անունով:

Թե ինչ միջոցներով է գյուղապետն այդքան գործ արել, գյուղացիները չգիտեն։ Բայց այն, որ գյուղապետի որդուն պատկանող մասնավոր, վճարովի դպրոցն ամեն ամիս գյուղի բյուջեից ֆինանսավորում է ստանում, փաստում է դպրոցի տնօրեն Մարիա Մկրտչյանը։

«Գյուղապետարանը ամսական որոշակի գումար է փոխանցում դպրոցի հաշվին, և դա մենք մուծում ենք որպես հարկ: Ավագանու որոշմամբ հատկացվում է: Հիմնադիրը գյուղապետի որդին է՝ Թևոսյան Կարապետը», - «Ազատության» հետ զրույցում նշեց Մարիա Մկրտչյանը:

Մինչդեռ գյուղապետ Ֆրոնտիկ Թևոսյանը, ով մեր այցի ժամանակ առողջարանում էր, պնդում է՝ մասնավոր դպրոցը գյուղապետարանինն է։ - «Իմ տղայինը չէ այդ դպրոցը: Շենքը գյուղապետարանինն է, բայց դպրոցը անհատույց վերցրել է վարձակալությամբ», - «Ազատության» հետ զրույցում ասաց գյուղապետը:

Գյուղացիների համար եկեղեցի կառուցող գյուղապետի ֆինանսական միջոցները, ըստ Թևոսյանի, գոյանում են գյուղատնտեսական աշխատանքներից, այգեգործությունից։

«Ամբողջ օրը գյուղատնտեսությամբ են զբաղվում: Այգիներ են մշակում, վարում, ցանում, և անասնապահություն: Էդ բոլորիցա եկել իմ եկամուտը, ես ուրիշ բիզնես չունեմ», - նշեց նա:

Արվեստի հետ կապ չունեցող Ֆրոնտիկ Թևոսյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Անդրանիկ Թավոյանն էլ դեմ չի լինի, եթե մի օր գյուղապետի կիսանդրին կանգնեցվի գյուղում։

Նշենք՝ կառավարության 2005 թվականի որոշմամբ՝ Հայաստանում ականավոր որևէ անհատի անվամբ կարող է անվանակոչում կատարվել նրա մահվանից առնվազն 10 տարի հետո: Արվեստի դպրոցի տնօրենը, ում նախաձեռնությամբ է կատարվել անվանակոչումը, հիշում է Շառլ Ազնավուրին: - «Նա ոչ միայն դպրոցի համար արժանիքներ ունի, այլ ամբողջ համայնքի համար: Եթե բան լիներ, կենդանության օրոք կարելի էր արձան կանգնեցնել: Շառլ Ազնավուրի արձանը կանգնած չէ՞», - հարցնում է Թավոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG