Մատչելիության հղումներ

Նալբանդյանն արձագանքում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը


«Համանախագահներն անդրադառնում են նրան, ինչի մասին մենք մշտապես հետևողականորեն բարձրաձայնում ենք», - «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երեկ տարածած հայտարարությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական դիվերսիոն հարձակման փորձի վերաբերյալ, ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը

«Համաձայն ենք նրանց հետ, որ հրադադարի խախտումներն անընդունելի են: Համաձայն ենք, որ պետք է անվերապահ իրականացվեն Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, ներառյալ, ինչպես նշում են համանախագահները՝ հնարավորինս կարճ ժամանակահատվածում ներդրվի միջադեպերի հետաքննության մեխանիզմը: Եռանախագահ երկրները բազմիցս են նշել, թե որ կողմն է մերժում մեխանիզմի ներդրումը, հետևաբար, հենց այդ կողմի վրա է ընկնում միջադեպերի և զինադադարի խախտումների ողջ պատասխանատվությունը։ Նման մեխանիզմը հնարավորություն կընձեռնի, ինչպես համանախագահներն են ասում, ձերբազատվել փոխադարձ մեղադրանքներից: Թեև, երբ ադրբեջանական դիվերսանտը վնասազերծվում է հայկական դիրքերում, բոլորի համար առանց մեխանիզմի էլ պարզ է, թե ով է հարձակվել», - ասել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Նալբանդյանը հույս է հայտնել, որ եռանախագահները հետևողական կլինեն` անհապաղ խստորեն արձագանքելու հակամարտության գոտում ուժի կամ ուժի սպառնալիքի յուրաքանչյուր դրսևորմանը` հատկապես, երբ հրադադարի խախտման արդյունքում զոհեր են լինում:

«Չպետք է թույլ տալ, որ ուշացած արձագանքը խախտումներ իրականացնողի կողմից ընկալվի, թե իր գործողությունները կարող են հանդուրժվել։ Ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են բազմիցս շեշտել՝ 1994-1995թթ զինադադարի եռակողմ համաձայնագրերի անվերապահ կատարումը պարտադիր է, դրանց խախտումների հետևանքով արձանագրված միջադեպերն անընդունելի են և լուրջ վնաս են հասցնում կարգավորման գործընթացին», - ասել է Նալբանդյանը՝ շարունակելով. - «Այն պայմաններում, երբ Ադրբեջանը խոչընդոտում է հետաքննության մեխանիզմի ներդրումը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնումը, համանախագահներին մնում է այն եզակի ձևաչափը, որն իր մանդատի համաձայն կարող է և պետք է շարունակի իր կանխարգելիչ գործունեությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG