ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունվարի 9-ին հայտարարություն են տարածել Ամանորի նախաշեմին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
«Բաքուն և Երևանը շարունակում են միմյանց մեղադրել 2016թ. դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ներխուժման փորձի համար, որը հանգեցրեց մարդկային զոհերի», - ասված է դեսպաններ Իգոր Պոպովի (Ռուսաստան, Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդի (Միացյալ Նահանգներ) տարածած հայտարարությունում: - «Հայաստանի Զինված ուժերը դեռ իրենց մոտ են պահում մարտերում սպանված ադրբեջանցի զինծառայողի մարմինը», - արձանագրում են միջնորդները:
«Հրադադարի խախտումները անթույլատրելի են և հակասում են այն պարտավորություններին, որ ստանձնել են կողմերը, որոնք կրում են ամբողջ պատասխանատվությունը ուժ չկիրառելու համար: Համանախագահները կոչ են անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին խստորեն պահպանել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ թվում` հնարավորինս կարճ ժամկետներում վերջնական տեսքի բերել ԵԱՀԿ-ի` միջադեպերի հետաքննության մեխանիզմը», - ասված է հայտարարությունում:
Համանախագահները նաև կոչ են անում անհապաղ վերադարձնել աճյունները` հիշեցնելով «խնդրի բացառապես հումանիտար բնույթը»:
«Մենք կոչ ենք անում կողմերին դադարեցնել փոխադարձ մեղադրանքներն ու ձեռնարկել անհրաժեշտ քայլերը իրավիճակը կայունացնելու ուղղությամբ», - ասել են միջնորդները և ցավակցություններ հայտնել զոհված զինծառայողների հարազատներին և բոլոր այն հայերին ու ադրբեջանցիներին, ում համար` «Նոր Տարվա հետ կապված հույսերը մթագնվել են անիմաստ կորստի վշտից»: