Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային ներկայացրել է իր զեկույցը ԱՄՆ-ի վրա կատարված հաքերային հարձակումների վերաբերյալ:
The Washington Post-ը և Reuters-ը հաղորդում են, որ զեկույցում բացահայտված են ռուսաստանցի պաշտոնյաների անունները, որոնք երրորդ կողմի միջոցով WikiLeaks-ին են փոխանցել Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի և կուսակցության առաջնորդների համակարգիչներից գողացված նյութերը՝ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների վրա ազդեցություն թողնելու նպատակով, և որ դա արվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ: Reuters-ը նշում է, որ գողացված նյութերը Ռուսաստանի ռազմական հետախուզությունը WikiLeaks-ին է փոխանցել զարտուղի ճանապարհներով՝ փորձելով թաքցնել նյութերի ձեռբքերման սկզբնաղբյուրը, ինչը հետքերը խճճելու համար բոլոր հետախուզական ծառայություններում ընդունված գործելաոճ է:
Հաղորդագրություններում նշվում է զեկույցի կարևորությունը, քանի որ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հերքել էր Ռուսաստանի հետ կապը՝ հայտարարելով, թե ռուսներն իրեն որևէ տեղեկատվություն չեն տրամադրել, իսկ ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը, վկայակոչելով Ասանժի հերքումը, կասկածելի էր համարել Ռուսաստանի մասնակցությունը հաքերային հարձակումներին:
Reuters-ը նշում է, որ ԿՀՎ-ի զեկույցը գաղտնի փաստաթղթեր է պարունակում, և որ հունվարի 5-ին Օբամային ներկայացված այդ զեկույցը այսօր տրամադրվելու է նաև ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփին:
Այսօր նախատեսված է Թրամփի հանդիպումը ամերիկյան հետախուզական ծառայությունների ղեկավարների հետ:
Երեկ Սենատի պաշտպանության հարցերով հանձնաժողովում ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ անցկացված լսումներին Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Ջեյմս Քլափերն ասաց, որ հետախուզական ծառայությունները շատ ավելի քան երբևէ համոզված են, որ Մոսկվան միջամտել է անցած նոյեմբերին կայացած ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին: Ամերիկյան հետախուզական ծառայությունները հրապարակավ մեղադրեցին Ռուսաստանի իշխանություններին ամերիկյան ընտրությունների վրա ազդեցություն ունենալու նպատակով արշավ ձեռնարկելու մեջ, որի նպատակն էր աջակցել Դոնալդ Թրամփի հաղթանակին:
Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը երեկ քննադատել է Թրամփի թերահավատությունը հետախուզական ծառայությունների հանդեպ՝ ասելով, թե ժամանակն է, որ Թրամփը «չափահաս դառնա»: PBS NewsHour-ին հունվարի 5-ին տված հարցազրույցում Բայդենն ասել է, թե նախագահի համար «բացարձակ անմտություն է» հետախուզական ծառայություններին չհավատալը կամ դրանց չլսելը: