Մատչելիության հղումներ

Հաշված օրեր անց Դոնալդ Թրամփը կստաձնի ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը


Դոնալդ Թրամփ, արխիվ
Դոնալդ Թրամփ, արխիվ

Հաշված օրեր անց Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը կստանձնի հանրապետական Դոնալդ Թրամփը, ով նախագահությունը չստանձնած՝ արդեն հայտնվել է աղմկոտ պատմությունների մեջ:

Առաջին անգամ Սպիտակ տուն է գալիս մեկը, ով երբևէ քաղաքական, դիվանագիտական կամ զինվորական պաշտոն չի զբաղեցրել, տասնամյակներ շարունակ սեփական բիզնես կայսրությունն է զարգացրել և քարոզարշավի առաջին իսկ օրից շարունակ հայտնվել է սկանդալների մեջ: Նախընտրական շրջանում սոցիոլոգները կասկած չունեին՝ հաղթելու է նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, մեծահարուստ գործարարը, սակայն, ջարդուփշուր արեց բոլոր այդ կանխատեսումները՝ ապացուցելով, որ անգերազանցելի է նաև իր քաղաքական հաշվարկներում: Քվեարկության հաջորդ օրը հեղինակավոր լրատվամիջոցները ստիպված էին խոստովանել՝ այն ամենը, որ մեզ թվում էր՝ գիտենք քաղաքականության մասին, սխալ դուրս եկավ:

Բիզնես կայսրությունից՝ Սպիտակ տուն. Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենահարուստ նախագահն այս ճանապարհն անցավ մի քանի ամսում ՝ խոստանալով կրկին գերտերություն դարձնել Ամերիկան: Մինչ այդ 70-ամյա Թրամփը բազմապատկել էր սեփական կարողությունը՝ հորից պարտք վերցրած մեկ միլիոն դոլարը վերածելով միլիարդների:

Այսօր նրա անունը գրված է ոչ միայն Մանհեթենի հանրահայտ երկնաքերի, այլև ողջ աշխարհով մեկ սփռված հարյուրավոր հյուրանոցների ու խաղատների ճակատին: Բիզնեսի մասին իր բեսթսելլեր դարձած գրքերում Թրամփը ժամանակին գրել է՝ «առաջին քայլը դեպի հաջողություն մեծ-մեծ մտածելն է»: Հիմա արդեն նա խոստանում է «մեծ-մեծ գործել» նաև ամերիկյան քաղաքականության մեջ:

Դոնալդ Թրամփ, ԱՄՆ-ի 45-րդ նախագահ

«Իմ օրակարգը հիմնվում է շատ պարզ սկզբունքի վրա՝ «նախևառաջ Ամերիկայի շահը: Լինի դա մետաղագործություն, ավտոմեքենաների արտադրություն թե՝ բժշկություն, ես ուզում եմ, որ արտադրության և նորարարության հաջորդ սերունդը լինի այստեղ՝ իմ մեծ հայրենիքում, Ամերիկայում: Այստեղ ապահովվի հարստություն և աշխատատեղեր ամերիկացի աշխատողների համար», - ասում է ընտրյալ նախագահը:

Կտրուկ ու շրջադարձային քայլեր՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ: Պաշտոնավարման առաջին 100 օրվա ծրագիրը ներկայացնելիս Թրամփը պնդեց, որ միանգամից սկսելու է նախընտրական խոստումներն իրագործել:

«Առաջին իսկ օրից պատրաստվում եմ սկսել ապօրինի ներգաղթյալների արագ արտաքսումն այս երկրից, այդ թվում՝ հարյուր հազարավոր քրեական տարրերի վտարումը, որոնք ԱՄՆ են սողոսկել Օբամայի և Քլինթոնի ոչ հմուտ քաղաքականության արդյունքում: Մենք պատրաստվում ենք մեծ պատ կառուցել Մեքսիկայի սահմանին և ներդնել մի համակարգ, որով որևէ մեկը չի կարող մեկ օր անգամ առանց վիզայի մնալ Նահանգներում», - հայտարարում էր Թրամփը:

Գործարարի իր հմտությունները հիշեցնելով` նա պնդում է, որ կարող է բանակցել ու Ամերիկայի համար առավել շահեկան գործարքներ կնքել առևտրի ոլորտում: Ընդ որում, չի թաքցնում, որ պատրաստ է հանուն դրա, մինչև 45 տոկոս տուրք սահմանել ներկրվող ապրանքների վրա, կամ հրաժարվել տասնամյակներ շարունակ գործող համաձայնագրերից:

«Առևտրի հարցում ես կտեղեկացնեմ մեր գործընկերներին, որ մտադիր եմ դուրս գալ Անդրխաղաղօվկիանոսյան համագործակցությունից: Դա մի աղետ է մեր երկրի համար: Դրա փոխարեն մենք բանակցելու ենք արդար ու յուրաքանչյուր երկրի հետ առանձին գործարքներ կնքելու ուղղությամբ, ինչի արդյունքում աշխատատեղերն ու արտադրությունը կվերադառնա ԱՄՆ», - ասել է Թրամփը։

«Չինաստանը սպանում է մեզ», - դեռ մեկ տարի առաջ ասել էր Թրամփը, պնդելով` գումարը, որ տանում են նրանք Նահանգներից, «ամենամեծ թալանն է Ամերիկայի պատմության մեջ»:

Թրամփն ընտրություններից հետո էլ չփոխեց հռետորաբանությունը, ավելին` առաջին անգամ վերջին երեսուն տարվա մեջ Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահը հեռախոսազրույց ունեցավ Չինաստանից անջատված Թայվանի առաջնորդի հետ: Հետո էլ Սպիտակ տան խորհրդական նշանակեց Պեկինի հասցեին կոշտ քննադատությամբ հայտնի պրոֆեսոր, «Մահ Չինաստանից» գրքի ու վավերագրական ֆիլմի հեղինակ Պիտեր Նավարոյին:

Թրամփի նախագահության օրոք, փաստորեն, ԱՄՆ-ի առևտրի հարցերով խորհուրդը կղեկավարի մեկը, ով վստահ է, որ ամերիկացիներն առնվազն հինգուկես միլիոն աշխատատեղ ու 57 հազար գործարան են կորցրել Չինաստանի պատճառով, և եթե վարչակազմը քայլեր չձեռնարկի` Պեկինը վաղ թե ուշ կկործանի Միացյալ Նահանգները:

Հաջորդ հեղափոխական քայլը Թրամփը ծրագրում է կատարել էներգետիկայի ոլորտում՝ խոստանալով չեղարկել նավթի արդյունահանման և արտահանման սահմանափակումները: Տարիներ շարունակ ԱՄՆ-ն խնայում էր ռազմավարական նշանակության այս էներգակիրները, մինչդեռ հիմա դրանք կարող են հայտնվել միջազգային շուկայում` ծանր հարված հասցնելով Սաուդյան Արաբիայի, Ռուսաստանի և նավթային եկամուտներից կախված մյուս երկրների շահերին:

Դիվանագիտական հարաբերություններից առաջ և ավելի հաճախ տնտեսական շահի մասին խոսող Թրամփն առանց կաշկանդվելու ՆԱՏՕ-ի դաշնակիցներից պահանջում է քսակներն առավել լայն բացել, սպառնում է վերանայել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունն ու հրապարակավ հայտարարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները սերտացնելու մասին՝ չնայած ներքին ու արտաքին դիմակայությանը:

«Կարծում եմ՝ ես շատ, շատ լավ հարաբերություններ կունենամ Պուտինի, ինչպես նաև Ռուսաստանի հետ: Ռուսները մեզ պես «Իսլամական պետությանը» հաղթելու ջատագով են: Ուրեմն, ավելի լավ չէ՞ր լինի, եթե մենք հիմա նրանց հետ սերտ կապերի մեջ լինեինք, միասին աշխատեինք ԻՊ-ը ջախջախելու հարցում, ասացեք` մի՞թե հրաշալի չէր լինի», - ասում է Թրամփը:

Փորձագետները փաստում են, որ բիզնեսի կանոններին հավատարիմ Թրամփը համագործակցում է, որտեղ շահ կա` չմոռանալով, սակայն, մրցակցության մասին: Շաբաթներ առաջ, օրինակ, երբ Ռուսաստանի նախագահը հայտարարեց միջուկային սպառազինությունը զորեղացնելու մասին, Թրամփը շտապեց հակադարձել` Միացյալ Նահանգներն էլ հետ չի մնա:

«Այսօր, հաշվի առնելով մի շարք գործոններ, այդ թվում՝ մեր պատմությունը, աշխարհագրությունը, ռուսաստանյան հասարակության վիճակը, կարելի է վստահ պնդել` մենք ուժեղ ենք ցանկացած հնարավոր ագրեսորից: Ցանկացած: Սակայն, եթե թույլ տանք մեզ մեկ րոպեով անգամ թուլանալ, իրավիճակը կարող է շատ արագ փոխվել, և դա հաշվի առնելով` անհրաժեշտ է հզորացնել ռազմավարական նշանակություն ունեցող միջուկային սպառազինությունները» - ասել էր Պուտինը:

Այս հայտարարությունից ժամեր անց Թրամփը Թվիթերում հետևյալ գրառումն արեց. - «Միացյալ Նահանգները պետք է էականորեն ամրապնդի և ընդարձակի իր միջուկային ներուժը, քանի դեռ աշխարհում միջուկային զենքի մրցավազքը չի դադարել»:

Անսպասելի հայտարարություններով ու կտրուկ քայլերով հայտնի Թրամփը նույնքան անկանխատեսելի էր իր կադրային քաղաքականության մեջ: Առաջին անգամ պատմության մեջ նա ԱՄՆ-ի արտգործնախարարի պաշտոնը վստահեց ողջ կյանքում նավթային բիզնեսով զբաղված գործարարի` խոշորագույն Exxon Mobil ընկերության տնօրեն Ռեքս Թիլերսոնին։

«Ռեքսը մեր ժամանակների ամենահզոր ու հմուտ գործարար առաջնորդներից է, որը կնքել է ամենաշահավետ գործարքները նավթային ոլորտում կամ այլ բնագավառում: Մեծ դիվանագետ, ուժեղ մարդ, որը Ամերիկայի շահերի մոլեռանդ պաշտպանն է լինելու ողջ աշխարհով մեկ և ունի տաղանդ ու անհրաժեշտ ունակություններ՝ մեր արտաքին քաղաքականության կոպտագույն սխալներն ու աղետները շտկելու համար: Ես շատ հիացած եմ նրանով: Եվ ի դեպ, Ռեքսն ընկերական հարաբերություններ ունի աշխարհի մի շարք առաջնորդների հետ», - ասել է Թրամփը:

Հենց այդ բարեկամական կապերի, մասնավորապես, Ռուսաստանի նախագահի հետ ջերմ հարաբերությունների պատճառով էլ պետքարտուղարի թեկնածուն հայտնվեց սուր քննադատության թիրախում: Ընդդիմախոսները հիշեցրին՝ ժամանակին Վլադիմիր Պուտինն անձամբ է նրան բարեկամության շքանշան շնորհել: Ինքը՝ Թիլերսոնը ևս բազմիցս քննադատել է Կրեմլի դեմ սահմանված պատժամիջոցները: Ընդ որում, նրա թեկնածությունն ակնհայտ դժգոհությամբ ընդունեցին ոչ միայն դեմոկրատները, այլև Թրամփի կուսակից հանրապետականները: «Վլադիմիրի ընկերոջը չէ, որ կուզեինք տեսնել նոր պետքարտուղարի պաշտոնում», - հայտարարեց սենատոր Մարկո Ռուբիոն: Ջոն Մքքեյն էլ հարց բարձրացրեց. - «Ի՞նչ գործ ունենք մենք ավազակ, մսագործ, մարդասպան Պուտինի հետ»: «Թիլերսոնի պես մեկին հաստատելու համար կպահանջվի երկար երկար քննարկում»,- եզրակացրին փորձագետները:

Պաշտպանության նախարարի պաշտոնում Թրամփն առաջադրեց պաշտոնաթող գեներալ Ջեյմս Մատիսին, ով բանակում հայտնի էր «Կատաղած շուն» մականունով և Օբամայի վարչակազմի հասցեին սուր ու անխնա քննադատությամբ: Իրաքյան պատերազմներին մասնակցած, Աֆղանստանի հարավում ամերիկյան ուժերի հրամանատարությունը ստանձնած գեներալը տարիներ առաջ իր զինվորներին կարգադրել էր. - « Եղե՛ք քաղաքավարի, եղե՛ք արհեստավարժ, բայց և ունեցեք ծրագիր՝ հանդիպած յուրաքանչյուրին սպանելու»:

Մատիսը նաև առիթը բաց չէր թողնում Օբամայի մերձավորարևելյան քաղաքականությունը՝ հատկապես, Իրանի հետ մերձեցումը քննադատելու համար:

Ոչ պակաս ուշագրավ էր առևտրի նախարարի պաշտոնում 79-ամյա Ուիլբուր Ռոսի առաջադրումը, ով գործարար աշխարհում հայտնի է պարտքերի մեջ թաղված տասնյակ ընկերություններ ոտքի կանգնեցնելու և հաջող գնով վերավաճառելու իր բացառիկ հմտությամբ: Միլիարդատեր Ռոսը ժամանակին օգնել էր անգամ Թրամփի երեք կազինոները սնանկացումից փրկելու համար, հիմա զբաղվելու է ողջ երկրի առևտրային քաղաքականությամբ։

Շաբաթներ շարունակված բանակցություններից հետո նահանգների պատմության մեջ ամենահարուստ նախագահն ի վերջո ձևավորեց Ամերիկայի պատմության մեջ ամենահարուստ կաբինետը: Կրթության նախարարի պաշտոնում առաջադրված Բեթսի Դեվասի ընտանիքը, ըստ «Ֆորբս»-ի, ունի ավելի քան 5 միլիարդ դոլարի կարողություն, Առևտրի նախարար Ռոսը՝ 2.5 միլիարդ դոլարի: Ֆինանսների նախարարի թեկնածու Սթիվեն Մաչինի կարողությունը հասնում է մոտ 2 միլիարդ դոլարի:

Դեմոկրատների արձագանքը տպավորիչ այս թվերին չուշացավ: «Միլիարդատերերից, միլիարդատերերով և միլիարդատերերի համար»․- Թվիթերում արձանագրեց նախագահի պաշտոնին հավակնող դեմոկրատ Բերնի Սանդերսը:

Բերնի Սանդերս

Սենատոր, 2016 նախագահի հավակնորդ

​«Թրամփ, մենք պատրաստվում եք հաշվետվություն պահանջել քեզնից, քարոզարշավի ժամանակ դու հայտարարում էիր, թե հետ ես կանգնելու վաշինգտոնյան էլիտայից, լինելու ես շարքային քաղաքացիների ու աշխատող ամերիկացիների կողքին: Միլիոնավոր մարդիկ հիմա պահանջելու են քեզնից, որ հավատարիմ մնաս խոստումներիդ», - հայտարարել է Բերնի Սանդերսը։

«Ես ընտրում եմ մարդկանց, որոնք հաջողության են հասել», - հակադարձում է նորընտիր նախագահը, ում համոզմամբ, հարստությունը հզորության նախապայման է. - «Որպեսզի ուժեղ ազգ լինենք, մենք պետք է ունևոր, հարուստ լինենք... շատերն են ինձ ասում, թե այս արտահայտությունը գեղեցիկ չի հնչում, բայց ես կրկնում եմ` «մենք պետք է հարուստ ազգ լինենք, եթե ուզում ենք արդիականացնել մեր բանակը, եթե ուզում ենք հասնել մեր նպատակներին... մենք պե՛տք է հարուստ լինենք»։

Զգուշանալով պաշտոնավարումը չսկսած նախագահի, այն էլ Թրամփի մասին կանխատեսումներ անելուց, փորձագետները միաժամանակ փաստում են, որ միլիարդատեր գործարարը ֆենոմեն է, որը մինչ օրս Ամերիկան չի ունեցել, արտասովոր առաջնորդ, որի հետ աշխարհը դեռ չի շփվել։

Հենրի Քիսինջեր

ԱՄՆ նախկին պետքարտուղար

«Ես շատ եմ գնահատում նրան՝ Ամերիկայի իրավիճակը վերլուծելու, իր իսկ կուսակցության վերնախավի նկատմամբ ռազմավարություն մշակելու և, ի վերջո, հաղթանակի հասնելու համար: Հիմա նա պետք է նույնը իրագործի միջազգային ասպարեզում: Թրամփի պաշտոնավարումը շոկային փորձություն է լինելու շատերի համար, միևնույն ժամանակ բացառիկ հնարավորություն, և ես կարծում եմ, որ նա ունակ է որպես նախագահ շատ նշանակալի ավանդ թողնել Միացյալ Նահանգների պատմության մեջ», - պնդում է նախկին պետքարտուղար, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Հենրի Քիսինջերը։

Մինչ լրատվամիջոցներն ու փորձագետները վերլուծում են, թե ինչպես էր դա հնարավոր, ինչն էր, որ օգնեց Թրամփին կամ խանգարեց նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, միլիարդատեր գործարարը ժամանակ չի կորցնում և այսօր արդեն հստակ հայտարարում է, որ այս մի հաղթանակով մտադիր չէ բավարարվել։

Դոնալդ Թրամփ

ԱՄՆ 45-րդ նախագահ

«Շնորհակալ եմ, որ վստահեցիք ինձ... կհանդիպենք չորս տարուց՝ հաջորդ ընտրություններին: Վստահ եմ, որ այդ ժամանակ մենք շատ ավելի տպավորիչ արդյունքներ կունենանք, շատ ավելի տպավորիչ...», - հայտարարել է Թրամփը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG