Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննադյան տոների կապակցությամբ.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Պատմության գիրկն է անցնում 2016 թվականը, որը մեր անկախության վերականգնման քսանհինգ ամյակի տարին էր: Այն իսկապես իրադարձություններով և փորձություններով լի ժամանակաշրջան էր:
Ապրիլին տեղի ունեցավ քառօրյա պատերազմը: Մարտի դաշտում մեր ժողովուրդը կրկին ապացուցեց, որ իր հավաքական ուժն անկոտրում է, հայրենիքը պաշտպանելու կամքը՝ անսասան: Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնությունը նենգ ու դավադիր հարձակումներից չի ընկրկելու: Բոլոր փորձություններից մենք դուրս ենք գալու ավելի ամրացած:
Թո՛ղ մեր հիշողության մեջ 2016 թվականը մնա որպես ազգային համախմբման տարի: Անցնող տարում մենք ինքներս մեզ և ողջ աշխարհին ևս մեկ անգամ ապացուցեցինք, թե ինչ ասել է ազգային ոգի, ազատության և հայրենիքի համար պայքարելու կամք:
Այսպիսի ազգային համաձայնությամբ թևակոխում ենք մեր անկախ պետականության երկրորդ քսանհինգ ամյակը: Մեր անկախության առաջին շրջանը պատերազմ և դժվարություններ դիմագրավելու փուլ էր: Այդ ընթացքում կերտեցինք Արցախի ազատամարտի հաղթանակը, դրեցինք հայոց անկախ պետության հարատևության հիմքերը:
Ահա այստեղ է իմ լավատեսության աղբյուրը: Նաև այստեղ է մեր վաղվա հաջողությունների ակունքը: Ավելի լավ երկիր կառուցելու հավատը և այն պաշտպանելու կարողությունը մեզ արդեն դարձրել են ավելի ուժեղ: Ամեն շաբաթ, ամեն ամիս մենք կատարելու ենք գուցե և փոքր, բայց վստահ քայլ դեպի ավելի լավ, ավելի արժանապատիվ և ավելի բարեկեցիկ ապագա:
Մենք նոր տարի ենք մտնում մեր ուժերին վստահ: Գալիք 25 տարիները լինելու են վերելքի՝ ավելի ուժեղ և ավելի բարեկեցիկ Հայաստան կերտելու շրջան: Հենց այդ ոգով մենք ամեն օր առաջ ենք գնալու բոլորիս համար տեսանելի և շոշափելի փոփոխություններ իրականացնելու ճանապարհով:
Նոր տարի ենք մտնում լուրջ և իրատեսական ծրագրերով: Հետևողական և լայնածավալ փոփոխությունների դրական արդյունքները թե՛ տնտեսության, թե՛ այլ ոլորտներում մոտ ապագայում զգալու ենք բոլորս: Հավատում եմ, որ նոր կառավարությանը դա հաջողվելու է, և դա լինելու է բոլորիս հաջողությունը:
Եկող տարին վճռորոշ է լինելու մի քանի առումներով: 2017 թվականի գարնանը կայանալու են Ազգային ժողովի ընտրությունները: Մեր հասարակությունը միասնաբար կարող է կազմակերպել այնպիսի քաղաքական գործընթաց, որին կվստահի նրա յուրաքանչյուր ներկայացուցիչ: Մեզ անհրաժեշտ են այնպիսի ընտրություններ, որպեսզի մեր պետության նավը խուսափի անցյալից հայտնի ստորջրյա խութերին բախվելուց:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ամանորի տոնական սեղանների շուրջ բոլորս բաժակ ենք բարձրացնում հայոց բանակի համար, այն մարդկանց համար, ովքեր այս պահին ապահովում են մեր խաղաղությունը: Նաև ոգեկոչում ենք 2016 թվականին ու դրանից առաջ և հետո անմահացած զինվորների և սպաների հիշատակը: Մենք ուժ ենք մաղթում նրանց ընտանիքներին և հարազատներին:
Նաև առաջարկում եմ բաժակ բարձրացնել մեր նոր սերնդի, մեր երեխաների համար: Նրանք անկախության սերունդն են, որն անառիկ է պահում մեր սահմանները: Նրանց շնորհիվ եռագույնը փողփողում է օլիմպիական խաղերում: Այս սերնդի ներկայացուցիչները համաշխարհային դպրոցական առարկայական օլիմպիադաներից վերադառնում են տասնյակ մեդալներով: Նրանց ստեղծագործական միտքը բացում է աշխարհի ամենաճանաչված մշակութային և գիտական օջախների դռները:
Նրանց կրթության և աճի համար մենք ոչ մի միջոց չենք խնայելու: Իմ հաստատ համոզմամբ՝ հենց այս կերպ ենք ստեղծելու բազմապատիկ ավելի լավ Հայաստան, քան այժմ ունենք:
Սիրելի՛ բարեկամներ,
Նոր՝ 2017 թվականին մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին երջանկություն, խաղաղություն և սեր: Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ»: