Դատախազի որոշմամբ դեկտեմբերի 30-ին փոփոխվել է Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, տեղեկացնում է ՀՀ դատախազությունը:
Սարգսյանը, ով հայտնի է որպես «Հաց բերող», մեղադրվում է 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը և հարակից տարածքը զավթելու, պահելու մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու համար:
«Հիմք ընդունելով բժշկական կոնսիլիումի եզրակացությամբ Ա.Սարգսյանի մոտ ախտորոշված հիվանդությունը, որը նվազեցնում է նրա կողմից քննությունից խուսափելու, նոր հանցանք կատարելու հավանականությունը, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը», - ասված է դատախազության հրապարակած հաղորդագրությունում:
Նույն օրը կայացված որոշման պատճենն ուղարկվել է նախաքննության մարմնին և կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին՝ կատարումն ապահովելու նպատակով: