Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը Ադրբեջանին հասցված «ապտակ» է գնահատում Բորդյուժայի հայտարարությունը


Լևոն Զուրաբյան, 30-ը դեկտեմբերի, 2016 թ․
Լևոն Զուրաբյան, 30-ը դեկտեմբերի, 2016 թ․

Լևոն Զուրաբյանը մատնանշում է՝ առ այսօր «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառակապակցությունը որևէ միջազգային փաստաթղթում չի օգտագործվել, մինչդեռ, այն առաջին անգամ առկա է ՀԱՊԿ-ի հայտարարության մեջ:

Ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես»-ի համոզմամբ, իր հայտարարության մեջ օգտագործելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառակապակցությունը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը դիվանագիտական ապտակ է հասցրել Ադրբեջանին:

Երեկ Նիկոլայ Բորդյուժան Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկված դիվերսիոն գործողությունը որակել էր «սադրիչ», այդպես էլ, սակայն, իր հայտարարության մեջ չհիշատակելով Ադրբեջանի անունը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, մինչդեռ, այսօր «Ազատության» հետ զրույցում չհամաձայնեց պնդումներին, թե Բորդյուժան հասցեական հայտարարություն չի հնչեցրել: Ընդհակառակը՝ նրա խոսքով, առաջին անգամն է, որ տեղի ունեցածի պատասխանատվությունը կոնկրետ դրվել է Ադրբեջանի վրա:

«Իհարկե, մի քիչ անուղղակի, բայց տեքստում հստակ խոսվում է, որ խոսքը ՀԱՊԿ-ի անդամ պետության տարածքում կատարված սադրիչ գործողությունների մասին է: Բնական է, որ Հայաստանն ինքն իր տարածքում չի կարող սադրիչ գործողություններ կատարել: Պարզ է, որ խոսքն Ադրբեջանի մասին է: Թեև անունը չի տրվում, բայց երևի առաջին անգամ կոնկրետ մեղավորությունը և պատասխանատվությունը դրվում է Ադրբեջանի վրա:

Երկրորդը՝ կարծում եմ, այնուամենայնիվ, էստեղ պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ այդ հայտարարությամբ նաև դիվանագիտական ապտակ է հասցվել Ադրբեջանին, որովհետև ապրիլյան պատերազմը նկարագրվել է, որպես գործողություններ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառակապակցությունը որևէ միջազգային փաստաթղթում չի օգտագործվել, և հասկանալի է, որ նման ձևակերպման օգտագործումն ապտակ է: Միգուցե դրա հեղինակները նպատակ ունեին այդպիսով սթափեցնել Ադրբեջանին»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

Նրա խոսքով, երեկ տեղի ունեցածը ցույց տվեց, որ հակամարտությունը շարունակում է լարված մնալ: Այլ հարց է, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո իրականացված աշխատանքերի շնորհիվ ադրբեջանական դիվերսիաներին հակազդելու առումով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում որոշակի առաջընթաց է արձանագրվել: ՀԱԿ խմբակցության ղեկավարը հույս հայտնեց, որ արագ կերպով տեխնիկապես կհագեցվի նաև հայ-ադրբեջանական սահմանը:

«Հայ ազգային կոնգրես»-ի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ղարաբաղյան խնդրին վերաբերող վերջին հայտարարությունները բուռն արձագանքներ էին հարուցել, որից հետո Տեր-Պետրոսյանը հանդես եկավ լրացուցիչ պարզաբանումներով, մասնավորապես, շեշտելով՝ ՀԱԿ-ի համագումարում ինքը խոսել է ոչ թե Ղարաբաղի հարցի լուծման իր տեսլականի, այլ այս պահին բանակցությունների սեղանին դրված և Հայաստանի իշխանությունների կողմից սկզբունքորեն ընդունված տարբերակի մասին:

Ըստ Տեր-Պետրոսյանի հրապարակած տարբերակի, իշխանությունները ԼՂ-ի կարգավիճակի դիմաց համաձայն են Ադրբեջանին վերադարձնել Ղարաբաղը շրջապատող 7 շրջանները: «Հետևաբար ստացվում է, որ փոխզիջումը և տարածքների հանձնումը պարտվողականություն ու դավաճանություն համարողները բանավիճում են ոչ թե մեր, այլ իրենք՝ իրենց հետ»- իր քննադատաներին ուղղած խոսքում հակադարձել էր ՀԱԿ-ի առաջնորդը:

Ուշագրավ է, որ Հայաստանի առաջին նախագահի այս պարզաբանումից հետո, դիվանագետների հետ օրերս ունեցած հանդիպման ժամանակ, հայտարարությամբ հանդես եկավ նախագահ Սերժ Սարգսյանը, իր խոսքում, ըստ էության, անուղղակիորեն հակադարձելով Տեր -Պետրոսյանին: «Ես շատ հստակ հայտարարում եմ, որ մինչև հիմա որևէ մեկը հրապարակավ չի կարողացել ճշգրտորեն ներկայացնել այն տարբերակը, որի մանրամասները մենք երկար տարիներ քննարկում ենք: Սկսած 2007 թվականից որևէ այլ տարբերակ, քան մադրիդյան սկզբունքներն են, որևէ տեղ չի քննարկվել»,- ասել էր Սերժ Սարգսյանը:

«Հայ ազգային կոնգրես»-ի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, մինչդեռ, շեշտում է՝ Սերժ Սարգսյանը չի կարող հերքել Լևոն Տեր-Պետրոսյանի ասածը: «Տեր-Պետրոսյանի ասածը, այդ 6 կետը, որն ինքը բերել է իր պարզաբանումների մեջ, բոլորը 100 տոկոսով համապատասխանում են հրապարակված մադրիդյան սկզբունքներին: Այսինքն՝ էստեղ ընդհանրապես հարց գոյություն չունի»,- նկատեց Զուրաբյանը:

Հարցին՝ այդ դեպքում ինչու՞ է Սերժ Սարգսյանը հակադարձում, ՀԱԿ փոխնախագահն արձագանքեց՝ «Ես չգիտեմ, միգուցե ինչ-որ անհարմարության մե՞ջ է հայտնվել: Որովհետև նույն Կիսելյովին տված հարցազրույցում ինքը խոսում է 7 շրջանների վերադարձի մասին, ինքն է հաստատում, որ Հայաստանը Կազանում պատրաստ է եղել 7 շրջան վերադարձնել Ադրբեջանին: Ընդ որում, դա գրված է նաև և՛ մադրիդյան, և՛ կազանյան պլանում: Էնպես որ՝ գուցե անհարամարությու՞ն է զգում: Բայց դա արդեն հարց է, որը պետք է տալ իրեն»:

Ի դեպ, նկատենք՝ Լևոն Տեր-Պետրոսյանը նաև հայտարարել էր, թե 1997 թվականին իր կողմից առաջարկված փուլային տարբերակը ոչնչով չի տարբերվում այժմ քննարկվող տարբերակից: Մինչդեռ, իշխող Հանրապետականի ներկայացուցիչները հակադարձում են՝ Տեր-Պետրոսյանի առաջարկած փաստաթղում Ղարաբաղի կարգավիճակի և ինքնորշման իրավունքի մասին որևէ խոսք չկար: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, անդրադառնալով այս պնդումներին, վստահեցնում է՝ 1997-ին Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած փուլային տարբերակը շատ ավելի ուժեղ հնարավորություն էր տալիս Ղարաբաղին, քան ներկայումս քննարկվող տարբերակը:

«Ըստ էության, Լեռնային Ղարաբաղին, որն այդ փաստաթղթով ընդունվում էր որպես Ադրբեջանի և Հայաստանի հետ իրավահավասար կողմ, տրվում էր իրավունք՝ վետո դնելու իր կարգավիճակի մասին որևէ որոշման վրա: Այսինքն, որևէ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղին կարող էր տրվել միայն Լեռնային Ղարաբաղի համաձայնությամբ: Դա ավելի ուժեղ կարգավիճակ է, քան հեղհեղուկ ձևակերպումները ինքնորոշման իրավունքի մասին այն փաստաթղթում, որն այսօր քննարկվում է»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG