Մատչելիության հղումներ

Ադրբեջանի Մեջլիսում քննադատում են Բորդյուժային


Ադրբեջանի Միլի մեջլիսի նիստ, արխիվ
Ադրբեջանի Միլի մեջլիսի նիստ, արխիվ

Ադրբեջանի Միլի մեջլիսի նիստում կոշտ քննադատության է արժանացել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը երեկ հայ - ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ:

Ինչպես այսօր հաղորդում է APA լրատվական գործակալությունը, պատգամավոր Գուդրաթ Հասանղուլիևը հայտարարել է, թե Հայաստանը «ձգտում է հակամարտության մեջ ներքաշել երրորդ երկրին՝ Ռուսաստանին»: «Միջադեպից անմիջապես հետո Բորդյուժայի հայտարարությունը, որում նա պաշտպանում է Հայաստանին, մեկ անգամ ևս ապացուցում է, որ այդ մարդը պարում է Հայաստանի դուդուկի տակ: Մենք պետք է բարձրացնենք այն հարցը, որ նա հեռացվի կազմակերպության ղեկավարությունից: Հակառակ դեպքում, դա մեզ համար խնդիրներ կստեղծի հետագայում», - ասել է Հասանղուլիևը:

Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովը, մինչդեռ, ասել է, թե Բորդյուժայի կարծիքը չի նշանակում, որ դա Ռուսաստանի դիրքորոշումն է: «Բորդյուժան կարող է արտահայտել իր կարծիքը: Այսօր գլխավոր քարտուղար է Բորդյուժան, վաղը՝ մեկ այլ անձ: Դա չի նշանակում, որ Ռուսաստանը համաձայն է նրա կարծիքին», - ասել է Ասադովը:

Հիշեցնենք, Նիկոլայ Բորդյուժան ՀԱՊԿ անդամ Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում տեղի ունեցած դիվերսիոն հարձակումը որակել է սադրիչ՝ իր հայտարարությունում օգտագործելով նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը հրապարակված է կազմակերպության պաշտոնական կայքէջում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG