Մատչելիության հղումներ

Կոռուպցիոն սկանդալի հետևանքով բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովները կարող են վերացվել


Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստում անդրադարձավ առնվազն 14 պաշտոնյաների մասնակցությամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում բացահայտված կոռուպցիոն շղթային՝ շեշտելով, որ սոցիալական ոլորտում խոշոր բարեփոխումներ է ակնկալում։

«Պետք է ստեղծենք համակարգեր, որ բացառեն կոռուպցիան: Անհրաժեշտ է բարձրացնել թե՛ ծրագրերի հասցեականությունը, թե՛ դրանց արդյունավետությունը», - նշեց վարչապետը:

Ազգային անվտանգության ծառայության կողմից օրերս բացահայտված կոռուպցիոն շղթայի գործով կալանավորված է նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը, ևս մեկ պաշտոնյա ձերբակալված է։ Նրա ղեկավարած կառույցը, ըստ ԱԱԾ-ի, օրենքով նախատեսված հաշմանդամության խումբ որոշելու դիմաց քաղաքացիներից 20-40 հազար դրամի չափով կաշառք է վերցրել։ Գումարների մի մասը բժշկական հանձնաժողովների նախագահները պարբերաբար հանձնել են գործակալության պետ Սողոյանին։ Խուզարկության արդյունքում պետի աշխատասենյակից 2 միլիոն 547 հազար դրամ և 600 ԱՄՆ դոլար էր հայտնաբերվել, այսօր կառավարության նիստից հետո աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարեց, որ չէր պատկերացնում, թե ոլորտում կարող է կոռուպցիա լիներ, ասաց, որ Սողոյանին նշանակելուց առաջ նրան հանձնարարել էր մաքրել ոլորտը: - «Եթե նույնիսկ մի փոքր տեղեկատվություն ունենայի, այդպիսի բան չէր կարող լինել», - հավելեց նախարարը:

Ասատրյանն ասաց, որ առաջիկա տաս օրվա ընթացքում վարչապետի հանձնարարությամբ օրենսդրական փոփոխություններ են նախաձեռնելու․ հանձնաժողովները լուծարվելու են, փորձաքննությունը առողջապահական կազմակերպություններն են անելու, իսկ գործակալությունը ուսումնասիրելու է փաստաթղթերը, քաղաքացին որոշում կայացնողի հետ չի առնչվելու:

«Եթե համակարգը թարախակալված է, այդ թերապևտիկ միջոցները այլևս չեն լուծում խնդիրը, պետք է անցնել վիրահատական միջոցների: Այսինքն, այդ հանձնաժողովները, որոնք այսօր ամենախնդրահարույցն են, ուղղակի վերացնելու ենք», - նշեց Արտեմ Ասատրյանը:

Նախարար Ասատրյանը ասաց, որ բողոքներ այս ոլորտից եղել են, բայց դրանք նվազում էին։ Ոլորտում լուրջ աշխատանքներ էին տարվում՝ վստահեցնում է նա․ - «Անընդհատ հնչել են այդ մտահոգությունները, բայց երբ առարկայական՝ խնդրի մասին խոսք է եղել, երբևէ չի նշվել անուն, ազգանուն, դեպք, որպեսզի հնարավոր լինի իսկապես ձերբազատվել»:

Կալանավորված Սողոյանի փաստաբան Հայկ Ալումյանը դեռևս հրաժարվում է հարցազրույցից։ Արմեն Սողոյանից առաջ այդ պաշտոնը զբաղեցնող Միքայել Վանյանը 2012-ի հոկտեմբերին էր հեռացվել աշխատանքից՝ կրկին կոռուպցիոն ռիսկերի հայտնաբերումից հետո։ Ինքը՝ Սողոյանը, մի քանի ամիս առաջ տված ասուլիսում բացառել էր իր ղեկավարած կառույցում կոռուպցիայի առկայությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG