Մատչելիության հղումներ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 12 պաշտոնյա ներգրավված է եղել կոռուպցիոն շղթայում


Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից բացահայտված կոռուպցիոն շղթայում, բացի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ձերբակալված երկու բարձրաստիճան պաշտոնյաներից, առնվազն ևս 12 պաշտոնյաներ են ներգրավված եղել։

Ձերբակալվածներից նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանն արդեն կալանավորված է: Նրա ղեկավարած կառույցը, ըստ ԱԱԾ-ի,
օրենքով նախատեսված հաշմանդամության խումբ որոշելու դիմաց քաղաքացիներից 20-40 հազար դրամի չափով կաշառքներ է վերցրել։ Գումարների մի մասը բժշկական հանձնաժողովների նախագահները պարբերաբար հանձնել են գործակալության պետ Սողոյանին։

Նրա փաստաբան Հայկ Ալումյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Սողոյանը երկու օր առաջ է կալանավորվել՝ հրաժարվելով այլ մանրամասներ հայտնել։

ԱԱԾ-ն երեկ երեկոյան տեղեկացրեց, որ գործակալության պետի աշխատասենյակում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է հանձնաժողովների նախագահներից այդ օրվա ընթացքում ստացված, որոշակի ժամանակահատվածում հավաքված գումարների հերթական մասնաբաժինը՝ 2 միլիոն 547 հազար դրամ և 600 ԱՄՆ դոլար, որի գերակշռող մասը եղել է ծրարված։

Սկանդալային բացահայտմանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում դեռ չեն արձագանքում․ միայն փոխանցեցին, որ նախարար Արտեմ Ասատրյանը կատարվածի շուրջ բացատրություններ կտա Կառավարության վաղվա նիստում։ Մի քանի օր առաջ, մինչդեռ, նախարարը «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ այդ ոլորտում կոռուպցիայի մասին խոսակցություններ շատ կան, բայց ինքը փաստեր չի տեսել․ - «Ես չեմ ուզենա, որպեսզի մի կողմից խոսենք ուղղակի ինչ-որ երևույթների մասին՝ առանց փաստեր ներկայացնելու»:

Կալանավորված Արմեն Սողոյանը վերջերս ասուլիսում բացառել էր իր ղեկավարած կառույցում կոռուպցիայի երևույթը՝ պնդելով, թե «ոչ ոք գլխից ձեռք չի քաշել, որ նման բան անի»:

«Գումար պահանջելու երևույթներ ես բացառում եմ: Չի կարող որևէ մեկը որևէ մեկին ասի՝ էսքան գումար կբերես, քեզ սա կտանք», - հայտարարել էր Սողոյանը:

Հարուցված քրեական գործով Արմեն Սողոյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու հոդվածով, բարձրաստիճան պաշտոնյաին սպառնում է 4-10 տարի ազատազրկում։

Արմեն Սողոյանից առաջ այդ պաշտոնը զբաղեցնող Միքայել Վանյանը 2012-ի հոկտոմբերին էր հեռացվել պաշտոնից՝ կառույցում կոռուպցիոն ռիսկերի հայտնաբերումից հետո։ Վանյանից հետո այս պաշտոնը զբաղեցրած Սողոյանի օրոք քաղաքացիներից մեկը առնչվել էր կառույցի հետ, նրանից գումար էին ուզել։

«Ազատության» հետ զրույցում, չներկայանալու պայմանով, կինը պատմեց, որ հաշմանդամության կարգ ստանալու համար գործակալությունում իրենց հասկացրել են, որ պետք է կաշառք տան․ - «Իմ ամուսինը էլ չէր կարողանում քայլել: Դիմել էինք հաշմանդամության համար: Պոլիկլինիկան թուղթը տվեց, ներկայացրինք այդտեղ: Այդտեղ էլ չէին գալիս, որ ստուգեին: Այնքան ձգձգեցին, որ վերջը գումար տվեցի, նոր գրեցին: Բայց մինչև գրեցին, էլ տեղ չհասավ՝ ինքը մահացավ․․․ Ինքը սպասում էր, որ շուտ ստանա, գիտեր, որ հիվանդ է: Բայց առանց գումարի որ մի հաշմանդամության բան չնշանակեցին․․․ 20 հազար դրամ տվեցի»:

«Թրանսփերենսի ինթերնեյշնլ Հայաստան» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը հուսով է, որ կոռուպցիոն սխեմայի բացահայտումը նախընտրական PR չէ, բայց դա կերևա իշխանությունների հետագա քայլերից։

Հոկտանյանը հիշում է, որ մի քանի տարի առաջ նույն գործակալության նախկին պետն էր հեռացվել նմանատիպ մեղադրանքով, ուստի ստացվում է, որ խնդրի դեմ հիմնավոր պայքար չի եղել․ - «Լավ, դու բռնեցիր: Բայց արմատը վերացա՞վ դրանով: Հակակոռուպցիոն քաղաքականությունը միայն ձերբակալությունները չեն: Շատ ավելի լուրջ համակարգային խնդիրներ կան տվյալ ոլորտում, որը բերում է նրան, որ ձերբակալություններից հետո երևույթը կրկնվում է»:

Հոկտանյանը չգիտի՝ իշխանությունների այս բացահայտումը շարունակություն կունենա՞, թե՞ ոչ՝ հիշեցնելով, որ կոռուպցիա կա նաև այլ ոլորտներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG