Մատչելիության հղումներ

2016-ին տրանսֆերտները Հայաստան ավելի քիչ են եղել, քան ճգնաժամային 2009-ին


Տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը «Ազատության» ստուդիայում, արխիվ:
Տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը «Ազատության» ստուդիայում, արխիվ:

Վերջին 3 տարիներին անընդմեջ ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները Հայաստան նվազել են գրեթե մեկ միլիարդ դոլարով։ 2016-ին ողջ աշխարհից Հայաստան փոխացվել է մոտ 1․4 միլիարդ դոլար՝ 2013-ի 2 միլիարդ 300 միլիոնի փոխարեն։

«Մոտավորապես 1 միլիարդ 460 միլիոն դոլարի տրանսֆերտներ: Այսինքն ավելի քիչ, քան 2009 թվականի ճգնաժամի ժամանակ: Այն ժամանակ շուրջ 1.6 միլիարդ դոլարի չափ տրանսֆերտներ էին ստացվել», - «Ազատության» հետ զրույցում ասաց տնտեսագետ Բաբկեն Թունյանը:

Նրա խոսքով, դեպի Հայաստան կատարվող փոխանցումների 60 տկոսոն արվում է Ռուսաստանից, և տրանասֆերտները նվազել են հատկապես ռուսաստանյան տնտեսական խնդիրների պատճառով: Հայաստանի կենտրոնական բանկի տվյալներով, այս տարվա առաջին 10 ամիսներին Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել է մոտ 880 միլիոն դոլար՝ ավելի քան 13 տոկոսով պակաս նախորդ տարվա փոխանցումներից։

«Ռուսաստանից նվազել են 13.6 տոկոսով: Ըստ երկրների, ամենաշատը նվազել են Ղազախստանից՝ մոտավորապես 60 տոկոսով: Որոշ երկրներից ներհոսքը ավելացել է՝ Գերմանիայից, Ֆրանսիայից: Բայց իրենց ծավալը շատ քիչ է ու ընդհանուրի վրա մեծ ազդեցություն չի ունենում», - նշեց տնտեսական մեկնաբանը:

Տնտեսական խնդիրներ ունեցող Հայաստանից, կրկին ըստ Կենտրոնական բանկի տվյալների, ավելացել է փողի արտահոսքը: Հայաստանից դուրս փոխանցումների մեծ մասը գնացել է Ռուսաստան՝ հունվար - հոկտեմբերին ավելի քանի 280 մլն դոլար: Մյուս կողմից, նվազել է Հայաստանից Թուրքիա և Արաբական Միացյալ Էմիրություններ բանկերի միջոցով փոխանցված գումարը:

«Արտահոսքը դեպի Թուրքիա և Արաբական Միացյալ Էմիրություններ նվազել է մոտավորապես 40 տոկոսով: Սա խոսում է երկկողմ առևտրաշրջանառության ծավալների անկման մասին, որովհետև ֆիզիկական անձանց փոխանցումների մեջ մտնում են նաև ապրանքների դիմաց կատարվող վճարումները», - հավելեց Թունյանը:

Որոշ ուսումնասիրություններով միջին դրամական փոխանցումը Ռուսաստանից Հայաստան կազմում է մոտ 215 ԱՄՆ դոլար։ Մասնագետների խոսքով, այդ գումարների շնորհիվ Հայաստանում ապրում են հարյուրավոր ընտանիքներ:

Հայաստանի տնտեսությունը մեծ կախվածություն ունի այդ գումարներից։ Բակեն Թունյանն ասում է, որ Հայաստանը դեռևս բավարար քայլեր չի ձեռնարկում տնտեսության վրա դրամական արտաքին փոխանցումների բացասական ազդեցությունը մեղմելու ուղղությամբ։

«Կարճաժամկետ հնարավոր չէ: Մենք չենք կարող այնպես անել, որ մի քանի ամիս հետո կամ մեկ տարի հետո տրանսֆերտներից ազդեցություն չունենանք: Լուծումը պետք էր տարիներ առաջ սկսել: Ու խոսվում էր դրա մասին, երբ նշվում էր, որ տրանսֆերտներից կախվածությունը մեծ է, ու ներքին ռեսուրսների հաշվին պետք է այդ կախվածությունը թուլացնել: Բայց դա տեղի չունեցավ: Այսինքն՝ Հայաստանի տնտեսությունը նման է մի հիվանդի, թմրամոլի, որը միշտ կախված է թմրանյութի որոշակի չափաբաժնից»:

Կախվածությունը վերացնելու համար, Թունյանի կարծիքով, անհրաժեշտ են այնպիսի բարեփոխումներ, որոնց մասին իշխանությունները շարունակ խոսում են, բայց դրանք այդպես էլ իրականություն չեն դառնում․ - «Քաղաքական կամք, դատական համակարգի բարելավում, առողջ մրցակցային միջավայրի ձևավորում»:

«Ազատության» հարցման ընթացքում ևս բազմաթիվ քաղաքացիներ նշեցին, որ ապրում են արտասահմանից ստացվող դրամական միջոցների հաշվին, ընդ որում հայաստանցիներին օգնող անձանց աշխարհագրությունը լայն է՝ Ռուսաստանից մինչև Միացյալ Նահանգներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG