Մատչելիության հղումներ

Փաստաբան․ Ամբաստանյալներն ընդունել են մեղքը՝ մեղմ պատժի ակնկալիքով


Փաստաբան Արա Պապիկյան, արխիվ
Փաստաբան Արա Պապիկյան, արխիվ

Մայրաքաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Խորենացի փողոցում զանգվածային անկարգություններ կատարելու մեջ մեղադրվող չորս անձի վճիռ հրապարակեց այսօր։

Նարեկ Սարգսյանն ու Ալբերտ Ավագյանը երեք տարվա ազատազրկման դատապարտվեցին՝ պատժի պայմանական կիրառմամբ, իսկ Արման Մխիթարյանն ու Հայկ Հովհաննիսյանը նույն ժամկետով կմնան ճաղերի հետևում։

Երիտասարդները մեղադրվում էին Խորենացի փողոցում զանգվածային անկարգությունների մասնակցելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու համար։ Նրանք դատավարության սկզբում մեղքը չէին ընդունել, սակայն հետո համաձայնել էին մեղադրանքին։

Փաստաբան Արա Պապիկյանի խոսքով, այս գործով անցնող շատ քաղաքացիներ նման որոշում են կայացրել համեմատաբար մեղմ պատժի ակնկալիքով․ - «225 հոդվածի երկրորդ մասով, որքան ես տեղյակ եմ, գրեթե բոլոր գործերով ամբաստանյալները միջնորդել են արագացված դատական քննության կարգ կիրառելու: Չեմ կարող հստակ ասել՝ արդյո՞ք ակնկալիք չկա արդարադատությունից, բայց ակնկալիք, որ գոնե այս պայմաններում մեղմ պատիժ կլինի․․․ գոնե այս մասով ակնկալիքը իրատեսական է: Չեմ բացառում, որ այլ ակնկալիք ևս կարող է լինել, սակայն այս պայմաններում շատերը մտածում են հնարավորինս շուտ լուծվի խնդիրը: Նաև պիտի հասկանանք երիտասարդներին, ովքեր ամիսներ շարունակ գտնվում են անազատության մեջ, և [ուզում են] օր, ժամ առաջ հայտնվել ազատության մեջ՝ թեկուզև պայմանական պատիժ կրելու պայմաններում, փորձաշրջանով: Շատերի համար դա ևս, կարծում եմ, լուծում է»:

Հայկ Հովհաննիսյանի հայրն ասաց, որ որդին ստիպված է մեղքն ընդունել, սակայն դա էլ չօգնեց, որ պատժից խուսափի։ Նրա խոսքով՝ նման վճիռներ ոչ թե դատավորներն են կայացնում, այլ քաղաքական վերնախավը․ - «Հայաստանում ուրիշ վճիռ չէի սպասում ես, քանի որ այստեղ վճիռ է կայացվում ոչ թե դատարանի դահլիճում, այլ ավելի վերևում, սրանք մենակ հրաման կատարողներ են»:

Հովհաննիսյանը հավելեց, թե այսպիսի դատական ընթացքներն են, որ ստիպում են դիմել ծայրահեղ քայլերի: Նշեց նաև, որ դատավճիռը բողոքարկելու են․ - «Չնայած հույս չունեմ, թե այս երկրում բողոքարկումը ինչ-որ բանի կհասցնի»:

Հուլիսի 17-ին ոստիկանության պարեկապահակային ծառայության շենքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին աջակցելու համար կազմակերպված հուլիսի 20-ի ցույցի ժամանակ, ըստ իրավապահների, տուժել է 46 ոստիկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG