Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
Ըստ հաղորդագրության, առավել ինտենսիվ խախտումներ են գրանցվել Մարտունու պաշտպանական ուղղությամբ, որտեղ բացի ինքնաձիգերից և գնդացիրներից, կիրառվել են նաև դիպուկահար հրացաններ: Ընդհանուր առմամբ ադրբեջանական զինուժն առաջնագծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 45 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 800 կրակոց:
«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումներն, առանց պատասխան գործողությունների դիմելու,շարունակել են պատշաճ զգոնությամբ իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում: