Այսօր Մոսկվայում Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը, Մևլութ Չավուշօղլուն և Ջավադ Զարիֆը Սիրիայի հարցով համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։
«Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը պատրաստ են ստանձնել Սիրիայի գործող կառավարության և ընդդիմության միջև բանակցությունների երաշխավորի դերը»,- Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը հաջորդած մամլո ասուլիսին, մասնավորապես, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարը: «Եռակողմ հայտարարությունում նշված է նաև, որ սիրիական ճգնաժամը չունի ռազմական լուծում, և որ Իրանը, Թուրքիան ու Ռուսաստանը հարգում են Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- նաև ասել է Լավրովը:
Մոսկովյան հայտարարությունում կարևորվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ սիրիական ճգնաժամի կարգավորմանը նվիրված թիվ 2254 հռչակագիրն ու Սիրիայի աջակցության միջազգային խմբի որոշումները։ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև ասել է, որ Ռուսաստան-Իրան-Թուրքիա ձևաչափն ամենաարդյունավետ ձևաչափն է՝ սիրիական ճգնաժամը կարգավորելու համար: Նա շեշտել է՝ երեք երկրներն ուզում են համատեղորեն պայքարել «Իսլամական պետության» և «Ջաբաթ ալ Նուսրա» ահաբեկչական խմբավորումների դեմ։
Անկարայի և Մոսկվայի հարաբերությունները ռուս դեսպանի՝ նախօրեին տեղի ունեցած աննախադեպ սպանությունից հետո չեն տուժել։ «Կատարված հանցագործությունը սադրանք է, որն ուղղված է ռուս-թուրքական հարաբերությունների և սիրիական ճգնաժամի կարգավորման գործընթացների տապալմանը»,- երեկ գիշեր հայտարարել էր Ռուսաստանի նախագահը։
Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ այսօր ասել է, թե Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանությունը ձեռնտու է այն ուժերին, որոնք ցանկանում են խանգարել ռուս-թուրքական հարաբերությունների զարգացմանը:
Ռուսաստանյան մյուս պաշտոնյաների արձագանքները ևս այս տրամաբանության մեջ են։ Այսօր առավոտյան Մոսկվայում կայացել է Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլուտ Չավուշօղլուի հանդիպումը: Մինչ բանակցությունների մեկնարկը, ռուս և թուրք դիվանագետները Ռուսաստանի արտգործնախարարության ընդունելությունների տանը ծաղիկներ են դրել Թուրքիայում սպանված դեսպան Անդրեյ Կարլովի լուսանկարի առջև։
Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն, ով Մոսկվա էր մեկնել դեռ անցած գիշեր, հայտարարել է՝ Անկարան ամեն ինչ կանի հանցագործության բոլոր մանրամասները պարզելու համար։ Երեկ և այսօր թե՛ Մոկսվան, թե՛ Անկարան , մի շարք հրատապ քայլեր ձեռնարկեցին ու շարունակում են ձեռնարկել՝ որպեսզի այդ աննախադեպ հանցագործությունը բացասականորեն չանդրադառնա ռուս-թուրքական հարաբերությունների վրա և Մոսկվայի ու Անկարայի միջև նոր հակամարտության պատճառ չդառնա։