Մատչելիության հղումներ

Գերմանիայի ՆԳՆ. Բեռլինում կատարվածը ահաբեկչական գործողություն էր


Այն, ինչ տեղի ունեցավ երեկ ուշ երեկոյան Բեռլինի ամենակենտրոնում` Կայզեր Վիլհելմի եկեղեցու հարևանությամբ գործող ավանդական սուրբծննդյան տոնավաճառում, գերմանական իշխանությունները հակված են ահաբեկչական գործողություն որակել:

«Այսօր շատ ծանր օր է մեզ համար, և Գերմանիայում ապրող միլիոնավոր մարդկանց նման ես նույնպես ցնցված եմ ու սարսափած այն ամենից, ինչ կատարվեց երեկ երեկոյան Բեռլինի Բրայտշեյդպլաց հրապարակում: Դրա հետ մեկտեղ բազմաթիվ փաստեր կան, որոնք դեռ պետք է բացահայտվեն: Սակայն այս պահին մեր տրամադրության տակ եղած տեղեկատվությունից դատելով` կատարվածը ահաբեկչական հարձակում էր», - հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգլելա Մերկելը:

Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը մի քանի ժամ առաջ Բեռլինում հրավիրած ասուլիսի ժամանակ ավելի կտրուկ արտահայտվեց․ - «Այլևս որևէ կասկած չկա, որ տեղի ունեցածը ահաբեկչական հարձակում էր: Այս պահին հաջողվել է պարզել զոհերից միայն մի քանիսի ինքնությունը: Վիրավորների ընդհանուր թիվը 48 է, որոնցից 18-ի վիճակը ծայրահեղ ծանր է»:

Երկուշաբթի երեկոյան ծանր բեռնատարը մխրճվեց տոնավաճառի տարածքում հավաքված ամբոխի մեջ` ավելի քան մեկ տասնյակ մարդկանց մահվան պատճառ դառնալով: Բեռլինում տեղի ունեցածը կարծես այս տարվա հուլիսին ֆրանսիական Նիսում կատարվածի կրկնությունը լիներ, երբ թունիսցի իսլամիստ Մոհամեդ Լաուեժ-Բուլելը 20 տոննայանոց բեռնատարն ուղղեց Բաստիլի գրավման օրվա առթիվ կազմակերված տոնակատարության մասնակիցների վրա` սպանելով 86 մարդու:

Բեռլինում, սակայն, ոստիկանության և քաղաքացիների ակտիվ գործողությունների արդյունքում երեկվա հարձակամն զոհերի թիվն անհամեմատ ավելի քիչ է:

«Հարձակումից անմիջապես հետո վկաները հաղորդեցին, որ բեռնատարի վարորդը փորձում է լքել տարածքը: Ոստիկանություն հետապնդեց և կարողացավ ձերբակալել կասկածյալներից մեկին», - հայտարարել է Բեռլինի ոստիկանության խոսնակ Թոմաս Նոյենդորֆը:

Գերմանական մամուլը, ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները վկայակոչելով, պնդում է, որ հարձակման հեղինակը ծնունդով Պակիստանից է, երկրի տարածք մուտք է գործել որպես փախստական: Spiegel-ի տեղեկություններով, ահաբեկչական հարձակման հեղինակը 23 տարեկան է, Բալկանների տարածքով Գերմանիա է հասել 2016 թվականի փետրվարի 1-ին: 2016 թվականի հունիսին արդեն գերմանական իշխանությունները նրան կեցության իրավունք են շնորհել:

Ինչ վերաբերում է որպես ահաբեկչության գործիք ծառայած բեռնատարին, ապա այն պատկանել է լեհական բեռնափոխադրող ընկերություններից մեկին, որը շինանյութ էր տեղափոխում Լեհաստանից Իտալիա: Ընկերության սեփականատերը նշել է, որ բեռնատարի վարորդի հետ կապը ընդհատվել է երեկ` հարձակումից մոտ չորս ժամ առաջ:

Գերմանացի ոստիկանները նշում են, որ ահաբեկչական հարձակումից հետո բեռնատարում անհայտ տղամարդու դիակ են հայտնաբերել: Ենթադրվում է, որ դա հենց լեհ վարորդն է, ում սպանել են դեռ մինչև հարձակումը:

Բեռլինի կենտրոնում կատարվածը շարքային գերմանացիների շրջանում բավական լուրջ հարցեր է առաջացրել` նախևառաջ երկրում տիրող ընդհանուր մթնոլորտի և անվտանգության միջոցառումների արդյունավետության վերաբերյալ:

«Ես շատ վախեցած եմ: Ես չգիտեմ, թե արդյոք երբևիցե ես ինձ Բեռլինում կկարողանա՞մ ապահով զգալ, թե՞ ոչ: Այսքանից հետո հնարավո՞ր է արդյոք վստահել մարդկանց ու անվտանգության ուժերին: Կարծում եմ, որ այլևս հնարավոր չէ», - Reuters-ի հետ զրույցում ասել է հարձակման ականատեսներից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG