«Բաց երկնքի քաղաքականության պայմաններում տեղական ավիափոխադրողի համար մրցակցությունը ծանր էր լինելու, դա բնական է, ոչ ոք հեշտ պայմանների խոստումներ չէր էլ տվել»: Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը՝ անդրադառնալով «Արմենիա» ավիաընկերության հիմնադիրների այն հայտարարությանը, թե Հայաստանում «հանցավոր մրցակցություն» կա։
Ավետիսյանը համաձայն չէ «Արմենիա»-ի հիմնադիր-նախագահ Թամազ Գաիաշվիլիի հետ, թե շահեկան վիճակում հայտնված ռուսական և ուկրաինական ավիաընկերությունների նպատակը տեղական փոխադրողին խաղից դուրս թողնելն է։ ««Կրիմինալ» բառը միանշանակ առաջարկում եմ հանել, որովհետև կրիմինալ մենք ընդհանրապես չենք տեսնում: Մենք տեսնում ենք մրցակցություն: Մենք տեսնում ենք ծանր մրցակցություն»,- ասաց Քաղավիացիայի գլխավոր վարչության պետը:
Ըստ նրա, օրական դեպի Մոսկվա 15 չվերթ է իրականացվում, և այս պայմաններում ռուսական շուկա մուտք գործել ցանկացող «Արմենիա»-ն ծանր մրցակցության մեջ է հայտնվել։ Բայց, միևնույն ժամանակ, շեշտում է՝ տեղական փոխադրող մեզ պետք է։ Քաղավիացիայի ղեկավարից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք վտանգ չի տեսնում, որ ստեղծված իրավիճակում հայկական երկինքը կարող է կրկին մնալ առանց ազգային կամ տեղական փոխադրողի: Ու եթե կա նման վտանգ, ի՞նչ է անում պետությունը: «Վտանգը միշտ կա, պետական աջակցություն ասելով՝ մենք պետք է հասկանանք, թե ինչ ենք ուզում: Մենք ընդամենն ասում ենք՝ Հայաստանի ավիացիոն շուկան բաց է բոլոր տնտեսվարողների համար: Մենք ստեղծում ենք պարզ, թափանցիկ համակարգեր, որտեղ պոտնցիալ ներդրողն իրեն զգա հարմար, վստահ և ապահով»,- պատասխանեց Սերգեյ Ավետիսյանը:
Ռուսաստանյան «Պոբեդա» ավիաընկերության մուտքը հայկական շուկա Ավետիսյանը դրական է գնահատում և դեմպինգի խնդիր չի տեսնում։ «Ազատության» հարցին՝ այդ դեպքում ինչու՞ «Աէրոֆլոտ»-ի դուստր ընկերությանը Թբիլիսից թռիչքներ իրականացնել թույլ չտվեցին, ու արդյո՞ք մեզ մոտ «Պոբեդա»-ն իր գնային քաղաքականությամբ խաղից դուրս չի թողնի մյուսներին»,- Ավետիսյանը պատասխանեց՝
«Ինչու Վրաստանում թողեցին կամ չթողեցին, ես չեմ կարող ասել․․․ մեզ մոտ որդեգրված է քաղաքականություն, որ մենք թողնում ենք բոլորին, մենք տալիս ենք հնարավորություններ՝ Հայաստանում իրականացնելու չվերթներ»: Հարցին էլ՝ Շիրակի օդանավակայանն օդի հարկից ազատելն ու նավիգացիայի ծառայությունների գները 50-ով կրճատելը պատճառ չե՞ն դառնա, որ նշված ավիաընկերություններն այդ առավելություններնօգտագործելով՝ հետագայում գերշահույթ ստանան տոմսերի թանկացման հաշվին, Ավետիսյանն այսպես պատասխանեց: «Մենք չունենք ազդեցության լծակ տոմսերի գների վրա և մենք չենք էլ հետապնդում այդ նպատակը: Մենք ստեղծում ենք շուկայում մրցակցային դաշտ, որպեսզի շուկան թելադրի տոմսի գինը»:
Շուկայական ազատ մրցակցային պայմաններն իհարկե վատ բան չեն, բայց շատ շուտով այդ նույն բյուջետային ընկերությունը [«Պոբեդա»-ն] կարող է մենաշնորհային դիրք ստանալ ոլորտում՝ շեշտում է «Ազգային ավիացիոն միավորում» ՀԿ նախագահ Դմիտրի Ադբաշյանը: Ըստ նրա, ոչ ոք երկար ժամանակ չի կարող վնասով աշխատել, հետևաբար, անպայման կլինի գների վերանայում՝ ի վնաս ուղևորի։
«Նրանք անպայման կբարձրացնեն, որովհետև ոչ ոք աշխարհում վնասներով չի աշխատում: Դա ռեկլամային ձևերից մեկն ա [էժան ավիատոմսերը], շուկան գրավելու համար: Շուկան գրավում են, հետո տեսնում են, որ մենակ են մնացել․․․էդ տեսանկյունից «Արմենիա»-ն վնասներ է կրելու․․․»,- ասում է Ադբաշյանը:
Իսկ «Արմենիա»-ն, ինչպես ավելի վաղ հայտարարել էին դրա սեփականատերերը, ընդամենը մեկ տարվա ընթացքում հասցրել է վնասներ կրել։ Ադբաշյանի կարծիքով՝ սա ու առհասարակ ոլորտում ստեղծված վիճակը ոչ ճիշտ մշակված քաղաքականության հետևանքն է։ «Մենք երկնքի դռները բացեցինք, առանց պատրաստ լինելու դրա բոլոր մարտահրավերներին»,- ասում է Հայաստանի քաղավիացիան ավելի քան մեկուկես տասնամյակ ղեկաված Ադբաշյանը՝ հավելելով, որ այստեղ պետական միջամտությունն է պակասում:
Նրա խոսքով, չկան պատասխանատուներ, չկա նաև ցանկություն՝ զարգացնելու սեփական ավիացիան։ Իսկ դա, Ադբաշյանի բնորոշմամբ՝ արդեն ազգային անվտանգության խնդիր է։ Նա շեշտում է՝ ինչպես երկիրը չի կարող պաշտպանված լինել առանց բանակի, այնպես էլ անպաշտպան է՝ առանց ազգային փոխադրողի։
Սերգեյ Ավետիսյանը լրագրողներին այսօր նաև տեղակացրեց, որ ուղևորահոսքի տեսանկյունից այս տարին պատմական է, քանի որ ցուցանիշը հատել է 2 միլիոնի շեմը։ Ընդ որում՝ նրա խոսքով, թե՛ մեկնողների, թե՛ վերադարձողների թիվը գրեթե հավասար է։