«Ադրբեջանն ինքը պիտի տարածքներ վերադարձնի», - ըստ էության, հակադարձելով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
«Արմենպրես»-ին տված մեկնաբանությունում փոխարտգործնախարարը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման փուլային միայն մեկ տարբերակ գոյություն ունի, այն է՝ Ադրբեջանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, վերադարձնում դեռևս իր օկուպացիայի տակ գտնվող Ղարաբաղի տարածքները և դիմում Ստեփանակերտին միջպետական սահմանազատման շուրջ բանակցություններ սկսելու նախաձեռնությամբ:
Շավարշ Քոչարյանն ընդգծել է, որ ապրիլին ագրեսիա կրկնելու Ադրբեջանի փորձից հետո բոլորի համար պարզ դարձավ, որ եթե Ադրբեջանը հրաժարվում է փաթեթային կարգավորումից, ապա միակ լուծումը սա է:
Մինչդեռ Լևոն Տեր-Պետրոսյանը հավաստիացրել էր, թե բանակցային սեղանին դրված է տարածքների դիմաց Ղարաբաղին կարգավիճակ տալու փուլային տարբերակը: «Զիջում ես մասը, մյուս մասը կարողանում ես պահպանել: Ոչինչ չես զիջում, կորցնում ես ամեն ինչ», - որպես այդպիսի լուծման հիմնավորում բացատրել էր ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես»-ի առաջնորդը:
Իշխող «Հանրապետական» կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր տարակուսանք հայտնեց Տեր-Պետրոսյանի ելույթի համար ընտրված ժամանակահատվածի կապակցությամբ․ - «Արդյո՞ք պատեհ պահն է ապրիլյան պատերազմից հետո, երբ որ ընթացող դիվանագիտական գործընթացը բացառապես բանակցություն է բանակցությունները սկսելու մասին, խոսել այն հնարավոր կարմիր գծերի մասին, որ Հայաստանը, ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի, կարող է իրեն թույլ տալ: Արդյո՞ք պահն է, այսպես ասած՝ հարսանիքից առաջ որոշել թոռան անունը»:
«Արդյո՞ք այսպիսի դիրքերից պիտի վերադառնա բանակցություններին պաշտոնական Երևանը․, - շարունակեց Սերժ Սարգսյանի գլխավորած կուսակցության փոխնախագահը: - «Քո՝ ռադիկալ համարվող ընդդիմությունը գեոպոլիտիկ տեսակետից փորձում է ավելի ճկուն ու «բարիշող» հանդես գալ, քան իշխանությունը: Արդյո՞ք պահն էր, և արդյո՞ք աշխարհաքաղաքական տեսակետից երկրի քաղաքական վերնախավը՝ ընդդիմություն թե իշխանություն, այսպես պետք է դիրքավորվի, որպեսզի Հայաստանը ամենաուժեղ ձևով խոսի աշխարհի հետ Ղարաբաղի մասին»:
Դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանն ինքն է ասել, որ պատրաստ է եղել Կազանում ստորագրել տարածքների զիջում ենթադրող փաստաթուղթը, Աշոտյանը, միևնույն է, վկայակոչեց Շավարշ Քոչարյանի խոսքերը․ - «Ավել խոսել այս օրակարգի մասին չեմ ուզում: Չեմ ուզում նպաստել այս պարագայում ոչ մեր քաղաքական օրակարգի առաջխաղացմանը»:
«Խաղաղությունն անհնար է առանց ուժեղ պաշտպանական համակարգի», - Տեր-Պետրոսյանին նախօրեին հակադարձել է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ մեջբերելով հույն զորավար Պերիկլեսին․ ֊ «Հնարավոր պատերազմի վտանգին չի կարելի վախվորած կամ ամոթխած վերաբերել»:
Վիգեն Սարգսյանը խոստանում է հետագայում հանգամանալից պատասխանել ընդդիմադիր առաջնորդին՝ առայժմ կենտրոնանալով առաջին նախագահի այն խոսքերի վրա, թե հակառակ ռազմաշունչ հռետորաբանությանը, Իլհամ Ալիևին համարում է ռացիոնալ մտածող պետական գործիչ, որն ընդունակ է համաչափ քայլ կատարել խաղաղության հաստատման նաև հենց իր սեփական ժողովրդին խիստ անհրաժեշտ ուղղությամբ․ - «Իմ համար շատ զարմանալի է այն գնահատականը, որ տրվել է մեր հարևան երկրի ղեկավարին, որը ոչ շատ, ոչ քիչ՝ համարվում է աշխարհի հայությանը Ադրբեջանի թիվ մեկ թշնամին, իսկ Երևանը՝ պատմական ադրբեջանական հող: Եվ այդ ֆոնին գնահատել իրեն որպես պրագմատիկ, ադեկվատ պետական գործիչ, կարծում եմ, որ որոշ առումով շեղում է իրականությունը»:
«Պացիֆիզմը լավագույն գործընկերը չէ, երբ երկիրը պետք է պատրաստ լինի իրեն թելադրվող ռազմական արկածախնդրություններին», - ամփոփել է Վիգեն Սարգսյանը: