Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Էֆ Էլ Սմիթ» ընկերության գործադիր տնօրեն Թոմաս Շուլցին:
Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, հանդիպմանը մասնակցել են նաև «Էֆ Էլ Սմիթ Ռուսաստան» ընկերության շուկայի զարգացման գծով մենեջեր Պիտեր Դեյվիսը և «Վալլեքս գրուպ» ընկերության նախագահ Վալերի Մեջլումյանը:
Նախագահը բարձր է գնահատել հայաստանյան շուկայում, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանում ոլորտի լավագույն ձեռնարկություններից մեկի՝ «Էֆ Էլ Սմիթ» ընկերության գլխավորած հանքարդյունաբերական ձեռնարկության գործունեությունը, որի հետ Հայաստանի համագործակցությունը տարիների պատմություն ունի և իր նպաստն է բերում երկրի տնտեսական աճին:
Ընկերության գործադիր տնօրենը դրվատանքով է խոսել Հայաստանում իր հիմնական գործընկերոջ՝ «Վալլեքս գրուպ» ընկերության հետ ավելի քան 10 տարվա արդյունավետ համագործակցության մասին։
Զրուցակիցները երկուստեք կարևորել են բնական պաշարների խնամքով և խնայողաբար օգտագործումը բնապահպանական բոլոր պահանջներին համապատասխան՝ ի նպաստ տնտեսության զարգացման և ներկայիս ու ապագա սերունդների բարեկեցության:
Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Թոմաս Շուլցին պարգևատրել է Երախտագիտության մեդալով՝ Հայաստանում լեռնահանքային արդյունաբերության զարգացման գործում ներդրած ավանդի և արդյունավետ փոխգործակցության համար:
Նախագահը Երախտագիտության մեդալ է հանձնել նաև «Վալլեքս գրուպ» ընկերության նախագահ Վալերի Մեջլումյանին, որով գործարարը պարգևատրվել էր ավելի վաղ: