Մատչելիության հղումներ

Հայ-իրանական երկաթգծի կառուցման գործում «որևէ նշանակալից առաջըթնաց չկա»


Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի խոստովանությամբ՝ հայ-իրանական երկաթգծի կառուցման գործում որևէ նշանակալից առաջըթնաց չկա:

Լրագրողների հետ հանդիպմանն այսօր նախարարը նշեց, որ միակ առարկայական ձեռքբերումը երկաթգծի բիզնես-պլանն է․ - «Աշխատանքներ կատարվում են նաև պետությունների հետ, ներդրողների հետ: Ավելի ստույգ ինֆորմացիա ունենալու դեպքում ձեզ կտրամադրվի: Բայց կարող եմ ասել, որ դա միշտ քննարկման առարկա եղել է և լինելու է»:

Սպասվում է, որ գալիք չորեքշաբթի Երևան է ժամանելու Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Հայտնի չէ, սակայն, թե արդյոք երկաթգծի հարցը քննարկվելու է հայ-իրանական բարձր մակարդակի բանակցություններում:

Նախարար Մարտիրոսյանը նույնպես ոչինչ չասաց այս մասին, թեև երբ այսօր նրան հարցրեցինք երկաթգծի մասին, նշեցինք, որ երկու օրից Երևանում դիմավորելու են Ռոհանիին:

Ավելի քան ութ տարի առաջ՝ 2008-ի հոկտեմբերին, ժողովրդին և Ազգային ժողովին հասցեագրած ուղերձում նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը խոստացավ․ - «Առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան - Հայաստան երկաթուղի կառուցվել»:

Հայ-իրանական երկաթգիծը Սարգսյանի առաջարկած երեք խոշոր նախագծերից մեկն էր: Ամիսներ անց պետք է սկսվեր նաև նոր ատոմակայանի կառուցումը, իսկ ստեղծվելիք Համահայկական բանկը պետք է մեծամասշտաբ ծրագրեր ֆինանսավորեր: Այդպես էլ ոչ մեկը չիրականացավ:

Վերադառնալով հայ-իրանական երկաթգծին հավելենք՝ վերջին շրջանում անգամ բարձրաստիճան իշխանավորները կասկած հայտնեցին, որ առաջիկայում դրա կառուցումը հնարավոր է:

Անցած տարվա փետրվարին կառավարության նիստում այն ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյանը դիմելով Տրանսպորտի և կապի այլևս նախկին նախարար Գագիկ Բեգլարյանին՝ անկեղծացավ․ - «Բեգլարյան, հո՞ւյս ունենք մենք էս հարցում ընդհանրապես»: «Հույս միշտ ունենք, պարոն վարչապետ», - արձագանքել էր նախարարը:

Նախարար Վահան Մարտիրոսյանից այսօր նաև հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է ձեռնարկում Հայաստանի կառավարությունը վերջ տալու Ռուսաստանում հայաստանցի գործարարներից, բեռնափոխադրողներից իրականացվող ապօրինի գանձումներին, երբ այդ մարդիկ հատում են վրաց-ռուսական սահմանը և մուտք գործում ԵՏՄ միասնական շուկա: Ռուսաստանցի տարբեր պաշտոնյաների ապօրինի գանձումների մասին այս հուլիսին բարձրաձայնել էր նաև Էկոնոմիկայի այն ժամանակվա նախարար Արծվիկ Միանսյանը:

Մարտիրոսյանի արձագանքը․ - «Այդ հարցը բարձրացվել է Ռուսաստանի կառավարության առջև, և ես բարձրացրել եմ իմ կոլեգայի առաջ: Ես էլ եմ եղել վերջերս Լարսում և Լարսում այդ հարցը բարձրացրել եմ նաև մաքսային կետի պետին, սահմանային կետի ղեկավարներին: Իրենք հաստատում են, որ այդպիսի բան չկա, բայց մեր վարորդները նշում են, որ ժամանակ առ ժամանակ լինում է: Մենք էլ ժամանակ առ ժամանակ պայքարում ենք դրա դեմ, բայց, հասկացեք, մենք չեն կարող Ռուսաստանում ինչ-որ մի բան փորձենք մեր միջոցներով փոխենք: Բայց ամեն ինչ անում ենք պետական մակարդակով շփումների մեջ»:

Ի դեպ, այսօրվա ասուլիսն անցկացնելու համար նախարար Մարտիրոսյանը վարձակալել էր թանկարժեք «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի ամենամեծ սրահը, ինչպես նաև հյուրասիրություն ու նվերներ էր պատրաստել լրագրողների համար: Հարցին, թե ասուլիսն ինչու չի անցկացվում, օրինակ, կառավարության ընդարձակ մամուլի կենտրոնում, Վահան Մարտիրոսյանը արձագանքեց՝ իր անձնական միջոցներն է ծախսել․ - «Ե՛վ դահլիճի վարձակալումը, և՛ ֆուրշետը, դա եթե ուզում եք վերածել գումարների, դա արժեցել է 888 հազար դրամ: Ես նախընտրել եմ այս դահլիճը, որ ավելի ազատ լինենք, և ավելի լավ պայմաններում անցնի»:

Սակայն այս դեպքում էլ հարցեր են առաջանում՝ եթե նախարարը միայն ասուլիս անցկացնելու համար պատրաստ է ծախսել իր մեկ ամսվա ողջ աշխատավարձը կամ դրա մի զգալի մասը, ապա ո՞րն է նախարար աշխատելու նրա մոտիվացիան:

«Ես հասել եմ բիզնես հաջողությունների իմ աշխատանքային կարիերայում, և հնարավորություն եմ ստացել իմ գիտելիքները և հնարավորությունները օգտագործել նաև պետական կառույցներում: Կփորձենք: Ժամանակի ընթացքում դուք կգնահատեք իմ աշխատանքը», - արձագանքեց Վահան Մարտիրոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG