Մատչելիության հղումներ

«Պոբեդա»-ն իրականացրեց Մոսկվա-Գյումրի-Մոսկվա չվերթի առաջին թռիչքը


Ռուսական «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը Մոսկվա-Գյումրի-Մոսկվա չվերթի առաջին թռիչքն է կատարում, 15-ը դեկտեմբերի, 2016 թ․
Ռուսական «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը Մոսկվա-Գյումրի-Մոսկվա չվերթի առաջին թռիչքն է կատարում, 15-ը դեկտեմբերի, 2016 թ․

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը 9 ամսվա դադարից հետո այսօր ընդունեց ու ճանապարհեց ռուսական «Պոբեդա» բյուջետային ավիաընկերության Մոսկվա-Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող մարդատար ինքնաթիռը: Այսուհետ «Պոբեդա»-ն շաբաթական 3 նման չվերթներ կկատարի:

Առաջին չվերթով Գյումրի էր եկել նաև ընկերության տնօրեն Անդրեյ Կոլմակովը: Այս ավիաընկերության մուտքը հայկական շուկա և իրականացնելիք գնային քաղաքականության մասին հաղորդումներն առաջ էին բերել տեղական ավիաընկերությունների դժգոհությունը: «Պոբեդա»-ն 999 ռուսական ռուբլով կամ 7500 դրամ արժողությամբ տոմսեր է վաճառել:

Անդրեյ Կոլմիկովից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք հետագայում ավիատոմսերի գները չեն բարձրանա: «Գները կլինեն տարբեր՝ ցածր, միջին և բարձր: Եթե նախապես եք գնում, ապա միշտ ցածր արժեքով ձեռք կբերեք, եթե վերջին պահին վերջին տեղերը, ապա, բնականաբար, ավելի բարձր գին կվճարեք: Այսօր արդեն մենք վաճառել ենք ավելի քան 10 հազար տոմս 999 ռուբլով, այս երթուղով և ավելացնելու ենք, քանի որ տեսնում ենք՝ մեծ պահանջարկ կա»,- ասաց Կոլմիկովը:

Ո՞ր ուղղության համար է ավելի շատ 999 ռուբլի արժողությամբ տոմսեր վաճառվել՝ դեպի Մոսկվա՞, թե հակառակ: Այս հարցին հստակ պատասխան չտրվեց: Ռուսական աիաընկերությունից միայն ասացին՝ գրեթե հավասար չափով: Այն պահից, երբ «Պոբեդա»-ն հայտարարեց, թե ինչ գներով է թռիչքներ իրականացնելու, որոշ փորձագետներ դա ֆարս որակեցին: Անդրեյ Կոլմիկովը հակադարձում է՝ «Մտեք մեր կայք և կտեսնեք, որ այդպիսի գներ կան: Դա փաստ է»:

Ուղևորներից ոմանք «Ազատության» հետ զրույցում ասում էին, որ իրենց իսկապես հաջողվել է նշված գնով տոմս ձեռք բերել, ոմանց էլ դա չէր հաջողվել և վճարել էին ավելի քան 2500 ռուբլի: Շատերն էլ բեռների հանձնման ծառայության գներից էին դժգոհում, ասում էին՝ եռակի թանկ է:

«Զվարթնոց» օդանավակայանի փոխտնօրեն Անդրանիկ Շխյանն ասում է, որ Գյումրիի օդանավակայանի վերագործարկումը կարող է տարածաշրջանային նշանակություն ունենալ: Ըստ նրա, հիմա այլ ընկերությունների հետ բանակցություններ են տարվում՝ Գյումրիի օդանավակայան չվերթներ իրականացնելու համար:

Ի դեպ, այսօր հանրապետական նշանակության Գյումրի-Վանաձոր ավտոմայրուղու դժվարանցանելիության պատճառով վանաձորցի 6 ուղևորների չհաջողվեց թռչել: Դժվարությամբ Գյումրի հասած ուղևորներին հնարավորություն չտրվեց օդանավ բարձրանալ: Տոմսեր ձեռք բերած 10 մարդ էլ ընդհանարապես չէին ներկայացել:

Մինչ օդ բարձրանալը «Պոբեդա» ավիաընկերության «Բոինգ 737» օդանավն օրհնվեց ռուսական եկեղեցու քահանայի կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG