Մատչելիության հղումներ

Ռուսաստանի փոխվարչապետը ժամանել է Բաքու


ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզին, արխիվ:
ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզին, արխիվ:

Դմիտրի Ռոգոզինը կմասնակցի վաղը Ադրբեջանի մայրաքաղաքում կայանալիք ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստին: Նախատեսված է նաև հանդիպում Իլհամ Ալիևի հետ:

Ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականը որոշ մանրամասներ է հայտնում առաջիկա ռուս-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ: Թերթի աղբյուրը նշում է, որ Ռոգոզինի այցի շրջանակներում, ի թիվս այլնի, քննարկվելու է նաև զենքի վաճառքի մասին նոր համաձայնագրերի հարցը: Բանակցություններին մասնակցելու է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության փոխտնօրեն Անդրեյ Բոյցովը:

«Ռուսաստանցի բանագնացների հիմնական առաքելությունը Հայաստանին «Իսկանդեր» համակարգ մատակարարելու մասին որոշումը բացատրելն է», - գրում է «Կոմերսանտ»-ը՝ հավելելով, որ Ադրբեջանում չափազանց բացասական են արձագանքել Ռուսաստանի այդ որոշմանը:

«Իսկանդեր»-ի մեկ մարտական հաշվարկ Ռուսաստանը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) գործող համաձայնությունների շրջանակում, իր ռազմաքաղաքական դաշնակից Հայաստանին տրամադրել էր այս տարվա աշնանը:

«Պաշտոնապես այդ մասին չէր հայտարարվել, սակայն սեպտեմբերի 21-ին Անկախության տոնի կապակցվությամբ Երևանում կայացած զորահանդեսի ժամանակ «Իսկանդեր»֊ներն անցան Հանրապետության հրապարակով, ինչը հարուցել էր Բաքվի զայրույթը», - գրում է «Կոմերսանտ»-ը:

Հրապարակման հեղինակը հիշեցնում է ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Ռուսաստանի վարչապետի հայտարարությունը: «Ռուսաստանը միշտ ձգտել է պահպանել ուժերը հավասարակշռությունը: Եթե մի պահ պատկերացնենք, որ մենք կողմերին զենք չենք վաճառում, նրանք այդ զենքը կգնեն երրորդ երկրներից, և դրանից այդ զենքը պակաս մահաբեր չի լինի», - ասել էր Դմիտրի Մեդվեդևը:

Ռուսաստանյան թերթը հիշեցնում է նաև, որ 2010-2014 թվականներին Բաքում և Մոսկվան կնքել էին երկու С-300ПМУ-2 զենիթային հրթիռների, «Тор-М2Э» հրթիռային համակարգերի, հարյուրական ուղղաթիռների, տանկերի ու զրամեքենաների, «Смерч» և ТОС-1А համակարգերի գնման մասին պայմանագրեր:

Զինտեխնիկայի մատակարարումը Ադրբեջանին Ռուսաստանը շարունակել է նաև ընթացիկ տարում: Ընդհանուր առմամբ, միչև այսօր Ադրբեջանը Ռուսաստանից շուրջ 5 մլրդ դոլարի զենք է գնել:

Վերջին ամիսներին, հիշեցնենք, Ադրբեջանը սապռազինություն գնելու և համատեղ արտադրություն սկսելու մասին բանակցություններ է վարում Պակիստանի հետ: Իսկ երկու օր առաջ, ըստ Իսրայելի կառավարության պաշտոնական կայքի, վարչապետ Բենիամին Նատանյահուն հետ հանդիպմանը Իլհամ Ալիևը ընդգծել էր, որ Ադբեջանը Իսրայելից ընդհանուր առմամբ 4.8 մլրդ դոլարի զենք է գնել:

Նշենք նաև, Ադբրեջանը իսրայելական արտոնագրով անօդաչու թռչող սարքեր է արտադրում:

Ռազմական հարցերով ռուսաստանցի հայտնի փորձագետ Պավել Ֆելգենգաուերը վերջերս «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո տարածաշրջանում սկսվել է սպառազինությունների մրցավազք․ - «Ադրբեջանին «Իսկանդերի» պես ճշգրիտ ու հեռահար հրթիռներ են պետք: Իսկ Հայաստանին «Смерч», տանկեր, ուղղաթիռներ ու անօդաչու թռչող սարքեր են անհրաժեշտ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG