ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջիկայում հնարավոր է հանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
Անդրադառնալով Համբուրգում կայացած հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությանը` Ռուսաստանցի դիվանագետը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նախարարական հայտարարությունը բովանդակալից է և հեռուն գնացող և դրանում արտացոլված են բանակցային գործընթացի հիմնարար սկզբունքները:
Լուկաշևիչի խոսքերով, հայտարարությունում այնպիսի բան չկա, որը քննարկված չլիներ ավելի վաղ՝ քաղաքական գործընթացների շրջանակներում:
Անցած շաբաթ Համբուրգում ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները հայտարարություն էին տարածել հիշեցնելով, որ «կարգավորումը պետք է հիմնվի Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների, մասնավորապես՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման հավասար իրավունքների, ինչպես նաև համանախագահող երկրների նախագահների առաջարկած հավելյալ տարրերի վրա, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ ադրբեջանական վերահսկողության ներքո, ԼՂ-ի միջանկյալ կարգավիճակ, որն ապահովում է անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ, Հայաստանը ԼՂ-ին միացնող միջանցք, ԼՂ-ի վերջնական իրավական կարգավիճակը սահմանող իրավականորեն պարտադիր կամարտահայտություն, ներքին տեղահանված բոլոր անձանց և փախստականների վերադարձ իրենց նախկին բնակության վայրեր և միջազգային անվտանգության երաշխիքներ, որոնք ներառում են խաղաղապահ գործողություն»: