ՀԱԿՊ-ը [որի անդամ է նաև Հայաստանը], պատասխան է պատրաստում ՆԱՏՕ-ին, հաղորդում է ռուսական «Իզվեստիան»՝ մանրամասնելով. «Կազմակերպության անդամ երկրների ղեկավարները դեկտեմբերի վերջին կայանալիք գագաթնաժողովում քննարկելու են իրենց գործողությունների ծրագիրը Արևելյան Եվրոպայում Հյուսիսատլանտյան դաշինքի ակտիվացման պայմաններում»: Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը թերթին ասել է՝ «Գագաթնաժողովը կանցկացվի Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 26-ին, այժմ ընթանում է դրա նախապատրաստման աշխատանքը»:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան էլ հայտարարել է՝ «Մենք պետք է հստակ հասկանանք, թե ինչ է կատարվում մեր սահմանների մոտ, և ինչու է ՆԱՏՕ-ն սպառազինություններ կենտրոնացնում, ենթակառուցվածքներ ստեղծում և հավելյալ չորս գումարտակ տեղակայում Արևելյան Եվրոպայում: Ի՞նչ նպատակ է դա հետապնդում, ի՞նչ է փոխվում ընդհանուր անվտանգության ոլորտում և ինչպե՞ս պետք է մենք արձագանքենք, որ հետո ուշ չլինի: Հենց այս մասին է լինելու հանդիպումը»:
«Մենք չենք կարող լռել և ոչինչ չձեռնարկել՝ կողքից նայելով, թե ինչպես են մեր հարևան երկրները չափից ավելի զենք լցնում ու զորախմբեր տեղակայում»,- նաև ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, առանց մանրամասնելու, թե նախկին Խորհրդային Միության տարածքում ստեղծված ռազմական դաշինքն ինչ քայլեր կարող է ձեռնարկել՝ ՆԱՏՕ-ին հակազդելու համար:
«Իզվեստիան» հիշեցնում է, որ ավելի վաղ՝ անցած հոկտեմբերին, Երևանում կայացած հանդիպման ժամանակ, Բելառուսի նախագահը հայտարարել էր, թե անհրաժեշտ է միջազգային ասպարեզում ծանրակշիռ դարձնել ՀԱՊԿ-ը: «Մենք պետք է ավելի լուրջ մակարդակի հասնենք, որպեսզի մյուս ռազմական միավորումները մեզնից չվախենան, բայց՝ հարգեն»,- հայտարարել էր Բելառուսի նախագահը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, արձագանքելով այդ հայտարարությանը, «Իզվեստիա»-ին ասել է՝ «ռազմական հզորություններն ավելացնելու մասին առայժմ խոսք չկա, մեր ունեցածը մեզ բավարար է»:
Ըստ Բորդյուժայի, առաջիկա հանդիպման ընթացքում ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները նաև մտքեր են փոխանակելու միջազգային օրակարգի տարբեր հարցերի շուրջ, մասնավորապես, կենտրոնանալով Եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների վրա: Հայտարարվում է, որ այս գագաթնաժողովին ի վերջո կորոշվի նաև կազմակերպության ղեկավարի փոփոխության հարցը, որը ձգձգվում է արդեն շուրջ մեկ տարի: Դեռ անցած դեկտեմբերին ակնկալվում էր, որ ռոտացիոն կարգով կառույցի նոր գլխավոր քարտուղար կնշանակվի Հայաստանի ներկայացուցիչը: Վերջին պահին, սակայն, ՀԱՊԿ խորհուրդը որոշեց մեկ տարով էլ երկարաձգել Բորդյուժայի պաշտոնավարման ժամկետը:
Հարցը չլուծվեց նաև անցյալ հոկտեմբերին՝ Երևանում կայացած հանդիպման ժամանակ: Ղազախստանի նախագահը հիվանդ լինելու պատճառաբանությամբ Երևան չժամանեց, Հայաստանի նախագահն էլ, առանց պատճառները մանրամասնելու, հայտարարեց, թե հարցը կքննարկվի դեկտեմբերի վերջին Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում:
Թե ինչու նման՝ առաջին հայացքից ընթացակարգային հարցի շուրջ կառույցն արդեն մեկ տարուց ավելի է չի կարողանում համաձայնության գալ, ռուսական պարբերականը չի մանրամասնում: Փոխարենը, ռուս փորձագետները թերթի հետ զրույցում պնդում են՝ ժամանակն է, որ իր դիրքն ամրապնդելու համար ՀԱՊԿ-ն անցնի կոնկրետ գործողությունների: Այս շարքում առաջին հերթին նշվում է Սիրիան, առայժմ՝ մարդասիրական օգնության տեսանկյունից: «Օրինակ, ինչու՞ չկազմակերպել Սիրիային գոնե հումանիտար օգնության տրմադրումը ՀԱՊԿ-ի միջոցով»,- հարց է տվել ՄԳԻՄՕ-ի ռազմաքաղաքական կենտրոնի առաջատար փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը, ընդգծելով՝ այդ գործում պետք է իրենց լուրջ ներդրումն ունենան ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները:
«Որպեսզի կառույցը դառնա անդամ երկրների անվտանգությունն իրապես ապահովող ինստիտուտ, անհրաժեշտ է, որ մասնակիցները չվախենան քաղաքական որոշումներ ընդունելուց: Խորհրդային անցյալին վերադառնալու մտավախությունն այս կամ այն չափով բարդացնում է ռազմական համագործակցությունը»,- իր հերթին պնդել է «Քաղաքական տեղեկատվության կենտրոն»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մուխինը: Չմանրամասնելով, թե հատկապես ինչ ոլորտում և ինչ հարցերի շուրջ են Մոսկվայում քաղաքական որոշում ակնկալում՝ ռուս փորձագետը, միևնույն ժամանակ, ընդգծել է՝ «Առայժմ ՀԱՊԿ-ն ընդամենը մի կառույց է, որտեղ առաջին հերթին Ռուսաստանն է ապահովում դաշնակիցների պաշտպանությունը»: