Մատչելիության հղումներ

1000 դրամների վճարումը կամավոր դարձնելու առաջարկը չի ընդունվել


Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման նպատակով քաղաքացիներից 1000-ական դրամ հավաքագրելու օրենսդրական նախագծի քննարկումը խորհրդարանում ընդդիմադիրների միջև աննախադեպ բանավեճի պատճառ դարձավ:

Ելույթ ունեցող Նիկոլ Փաշինյանի հետ վեճ սկսեց Զարուհի Փոստանջյանը:

«Մենք այս հազար դրամները իշխանությանը չենք տալիս, մենք տալիս ենք զինծառայողների ընտանիքներին», - նշեց Փաշինյանը: Այս հայտարարությունը հարուցեց Փոստանջյանի վրդովմունքը, ով դահլիճից սկսեց միջամտել՝ թույլ չտալով Փաշինյանին ավարտել խոսքը:

Ընդդիմադիրների թեժ բանավեճին միջամտեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, նա փորձում էր հանդարտեցնել պատգամավորներին։

Ամբիոնին մոտեցավ Զարուհի Փոստանջյանը, նախագիծը հրեշավոր որակեց, հայտարարեց, որ նախընտրական շրջանում Սերժ Սարգսյանի համար գումար է հավաքվում, մինչդեռ նա պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի ապրիլյան պատերազմի, կորսված տարածքների ու կյանքերի համար։ 1000 դրամների նախագիծը Փոստանջյանը կոռուպցիոն որակեց և ասաց, որ պաշտոնյաները իրենք իրենց գումարներով էլ կարող են օգնել զինծառայողներին՝ հիշեցնելով, որ հենց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կինը մեծ գումարներ է հայտարարագրել։

«Ուղղակի ամոթ է և խայտառակություն է․․․ և ովքեր որ ասում են՝ սա միասնության նշան է, պետք չէ դեմ քվեարկել՝ հենց պետք է դեմ քվեարկել: Պետք է մասնակցել և դեմ լինել, որովհետև սա սկզբունքային հարց է», - շարունակեց Փոստանջյանը:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ չի ցանկանում անդրադառնալ Փոստանջյանի ելույթին՝ հավելելով․ - «Իմ հայերեն չի ներում շատ շիտակ լինել այդ պատասխանի մեջ՝ առանց հայհոյանք օգտագործելու, իսկ դաստիարակությունս թույլ չի տալիս անել երկրորդը»:

Ներկայացնելով 1000 դրամների նախագծում կատարված փոփոխությունները՝ Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ բազմաթիվ առաջարկներ են ստացել պատգամավորներից, բայց վճարումը կամավոր դարձնելու առաջարկը չեն ընդունել։ Վճարից կազատվեն միայն զինծառայողների ընտանիքները:

«Հնարավորություն ենք ստեղծել յուրաքանչյուր քաղաքացու համար այն կամքը, որը արտահայտվեց ապրիլին՝ ավելի կենտրոնացված, կազմակերպված և իրավական ձև հաղորդած, հնարավոր լինի պարբերական բնույթ հաղորդել դրան», - նշեց Սարգսյանը:

Նախարարի խոսքը ընդդիմադիր պատգամավորների զայրույթը առաջացրեց։ Հայ ազգային կոնգրեսից Արամ Մանուկյանը շտապեց ամբիոնի մոտ, հիշեցրեց, որ ապրիլին քաղաքացիները կամավոր էին օգնում իրենց հերոսներին, իսկ հիմա պետությունը փորձում է իր գործառույթը պարտադրանքով քաղաքացու ուսերին դնել։

«Քաղաքացուն թույլ տվեք ինքը արտահայտի իր վերաբերմունքը՝ 100,000 դրամով: Դուք պարտադրանք եք ներկայացնում ցանկացած աշխատողի 1,000 դրամով և ասում եք՝ քաղաքացին իր հերոսի նկատմամբ իր վերաբերմունքը պետք է արտահայտի: Ո՛չ, կոնցեպտուալ սխալ եք ասում», - պնդեց նա:

Վիգեն Սարգսյանը հայտարարեց՝ չէր էլ կարծում, որ օրինագիծը միանշանակ աջակցություն կստանա։ - «Եվ ինչպես և նախորդ անգամ՝ պետք է բոլորին խնդրեմ քվեարկության հարցում լինել շատ ուշադիր: Յուրաքանչյուր քվեն շատ կարևոր է, և բոլոր նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում սատարել այս օրենքին, շնորհակալ կլինեմ չմասնակցության համար քվեարկությանը կամ գոնե ձեռնպահ քվեարկելուն», - ասաց պաշտպանության նախարարը:

Վիգեն Սարգսյանի այս հորդորն էլ պատգամավոր Էդմոն Մարուքյանին մտահոգեց, պնդեց, որ նախարարը ոչ մի էական առաջարկ չի ընդունել, փոխարենը իր հորդորներով անարդարացիորեն կասկածի տակ է դնում իրենց հայրենասիրությունը։

«Որ հանկարծ այնպիսի տպավորություն չստեղծվի, որ ով որ դեմ է եղել, կամ ձառնպահ է եղել, կամ չի աջակցում այս ձևով, այս աղբյուրից գումարները հավաքագրելու գաղափարը, նա հայրենասեր չէ կամ ավելի քիչ մտահոգ է այն մարդկանց համար, ովքեր որ վիրավորված է», - նշեց պատգամավորը:

Հանրապետական Մարգարիտ Եսայանն էլ կրկնեց պաշտպանության նախարարի հորդորը, պնդեց՝ մարդիկ հետևում են քննարկմանը, զանգում իրենց, այս ամենը նրանց համար վիրավորական է։

«Դե՞մ եք՝ հասկանում եմ, գնահատում եմ սկզբունքները․․․ մի՛ քվեարկեք, մի՛ եկեք», - հորդորեց պատգամավորը:

Հայ ազգային կոնգրեսից Լևոն Զուրաբյանը պատգամավորներին հորդորեց դեմ քվեարկել։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ նախագծի հետ խնդիր չունեն, բայց ժողովուրդը չի հավատում, որ այն կիրականացվի, քանի որ վստահության պակաս կա իշխանությունների հանդեպ: - «Բարգավաճ Հայաստանը», բնականաբար, կողմ է քվեարկելու այս նախաձեռնությանը», - հավելեց նա:

Ամփոփիչ ելույթում պաշտպանության նախարարը վստահեցրեց, որ օրենքը լիարժեք կատարվելու է, և դրա երաշխիքը իր քաղաքական ապագան է: Նա հորդորեց պատգամավորներին կողմ քվեարկել, քանի որ ապագայում հպարտանալու են դրա համար։

Քննարկումն այսօր ավարտվեց, քվեարկությունը տեղի կունենա վաղը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG