Առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանը որոշել է օրինականացնել բժիշկներին շնորհակալություն հայտնելու, այսպես կոչված՝ «մաղարիչի» երևույթը: Այսինքն՝ եթե որևէ մեկը ցանկանում է որպես շնորհակալություն դրամ նվիրել բժշկին, դա պետք է անի դրամարկղի միջոցով․ գումարի 10-15 տոկոսը կհարկվի, մնացածը կտրամադրվի բժշկին։
Ավելի վաղ նախարարն «Ազատության» եթերում ասել էր, որ իր ղեկավարած գերատեսչությունը շուտով նման նախաձեռնությամբ է հանդես գալու։ «80 տոկոս դեպքերում գումարը բժշկին տրվում է շնորհակալության տեսքով։ Աշխարհի զարգացած երկրներում կա ձևաչափ, որ այդ գումարը տրվում է սպիտակ ձևով։ Հայաստանում դա չկա»,- ասել էր Ալթունյանը:
Բժիշկ Հայկ Մանասյանը այս նախաձեռնության մեջ կոռուպցիոն ռիսկեր է տեսնում։ Ըստ նրա, այն գումարները, որոնք անօրինական կերպով պահանջում են հիվանդներից, կարող են ձևակերպվել որպես նվեր։ «Գումարը, երբ պացիենտը տալիս է որպես նվեր բուժվելուց հետո, դա կարող է օրինականացվել, որպեսզի բժիշկը հանգիստ կարողանա վերցնել այդ նվերը, առանց վախենալու»,- ասում է Մանասյանը:
Բժշկի կարծիքով՝ այս օրենքը գրվում է օրինական բուժում իրականացնողների համար և չի կարող պայքարել ստվերի դեմ։ Ըստ նրա, բժիշկներն իրականում հարկերից չեն խուսափում։ Նրանք խուսափում են հիվանդանոցների սեփականատերերից, Հայկ Մանասյանի բնորոշմամբ՝ «ֆեոդալներից»։ Այսինքն՝ նրանք բժիշկներին բավարար չափով չեն վարձատրում, վերջիններս էլ ստիպված ստվերում են գործում։ «Մարդիկ թաքնվում են ֆեոդալներից։ Լուծեք ֆեոդալների հարցը, էդ մարդկանց հալալ աշխատանքը տվեք իրենց։ Ոչ ոք չի ցանկանա հիվանդի հետ ֆինանսական հարաբերությունների մեջ մտնել»,- ասում է Մանասյանը:
Առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը որևէ վատ բան չի տեսնում բժշկին ինչ-որ կերպ շնորհակալություն հայտնելու մեջ։ Ասում է՝ հայերը «շնորհակալ ազգ են»։ Բայց նախարարությունն ինչպես է պատրաստվում հարկել, օրինակ, մի քանի հազար դրամ արժողությամբ կոնյակը կամ վարդերի փունջը, նախկին նախարարը չի պատկերացնում։
Մեր համաքաղաքացիների համար ևս նման որոշումը զարմանալի է: «Ազատության» հետ զրույցում ոմանք ասում էին, թե չեն պատկերացնում՝ ինչպես է պետությունը հարկելու «մաղարիչը»: Ոմանք էլ ստվերի դեմ պայքարի կոշտ լուծումներ էին առաջարկում: Որոշներն էլ շնորհակալությունը շփոթում էին կաշառքի հետ։