Ազգային ժողովի փոխնախագահ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Էդուարդ Շարմազանովն այսօր Բիշքեկում հանդիպել է Ղրղըզական Հանրապետության վարչապետ Սորոնբայ Ժենբեկովի հետ:
Ըստ խորհրդարանի կայքի, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ընտրական գործընթացների ժողովրդավարական բնույթն ու թափանցիկությունը ՀԱՊԿ և Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում:
ՀՀ ԱԺ փոխխոսնակը կարևորել է ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցված, փոխշահավետ աշխատանքը միջազգային հարթակներում և շնորհավորել հանրաքվեի հաջող անցկացման առթիվ: Կողմերը քննարկել են նաև տնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության հնարավորությունները:
Նշենք, որ կիրակի օրը Ղրղըզստանում անցկացվել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե։ Ընտրողների 80 տոկոսը հավանություն է տվել Սահմանադրության փոփոխություններին։