Մատչելիության հղումներ

Ծառուկյան. Ամեն մեկս պարտավոր ենք մեր անձնականը, քաղաքականը մի կողմ դնել


ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը դեկտեմբերի 11-ին այցելել էր Գյումրի: «Ազատությանը» հաջողվեց զրուցել նրա հետ: Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:

«Ազատություն». – Ինչպե՞ս եք գնահատում Գյումրիի սոցիալական վիճակը:

Ծառուկյան. – Ես տեսնում եմ, որ իրոք շատ ծանր է վիճակը: Այս 30 տարի Գյումրիի հետ կապի մեջ եմ` և՛ գործնական, և՛ բարեկամական… տեսնելով էն ուրախ, զվարթ, հյուրասեր ժողովրդին այսօր էս վիճակում` ցանկացած հայրենասեր մարդ իրեն շատ վատ է զգում: Բայց ամեն մեկս պետք է միասնական լինենք, ուս-ուսի տված միասնական գաղափարի շուրջ և՛ գործազրկության, և՛ արտագաղթի համար, և՛ պետության հզորության համար` ամեն ինչն էլ հնարավոր է, միայն հարկավոր է միասնական լինել:

Ես ուզում եմ օգտակար լինել, պիտանի լինել: Ինչ ունեմ` կարող եմ դնել հանուն իմ ժողովրդի զարգացման, հզորացման, բարեկեցության, որովհետև էդ ժողովրդի բարեկեցությունից է կախված իմ երեխաների վաղվա ապագան:

Որ ոլորտով զբաղվում ենք` ուզում ենք լավ լինի, մարդիկ գալիս են, տեսնում են: Իրոք, ասենք թե, դու քեզ լավ ես զգում, որ հայ ես:

Մինչև որ մենք միասնական չլինենք, իրար կողք-կողքի կանգնած չլինենք, հաջողություն չի կարող լինել:

«Ազատություն». – Աշխատատեղ նախատեսո՞ւմ եք Գյումրիում ստեղծել, քանի որ Գյումրիում այսօր թիվ մեկ խնդիրը աշխատատեղն է:

Ծառուկյան. – Ուրեմն` ոչ միայն Գյումրին: Դա սկսած Գեղարքունիքից, Սյունիքից, ցանկացած տեղում էլ համապատասխան ծրագիր պետք է լինի, որը համապատասխան կառուցելով, թե որ տարածքը, որ բնակավայրը, որ մարզը ինչի է ընդունակ, ժողովուրդը ինչով է զբաղվել պապական, ոչ թե, ասենք, այն տարածքներում, որտեղ զբաղվել են մսամթերքի, կաթնամթերքի, պտուղ-բանջարեղենի արտադրությամբ, սովոր են, կառուցված է եղել գործարանները` այսօր փակեն: Նույնը պետք է այսօր վերազինվի ու համապատասխան պետք է կարողանալ աշխատեցնել: Պետք է պայման ու հնարավորություն ստեղծվի, որ ժողովուրդը կարողանա աշխատի, իր ստեղծածը հանձնի, գումարը վաստակի` իր հոգսերը հոգա:

Հայտարարությունը` մոտ օրերս

«Ազատություն». – Պարո՛ն Ծառուկյան, քաղաքականություն Ձեր վերադարձի մասին ի՞նչ կասեք, հայտարարությանը ե՞րբ սպասենք:

Ծառուկյան. - Ուրեմն նորից եմ ուզում ասել` քաղաքականությունն ինձ համար ինքնանպատակ չէ: Ես այն մարդկանցից եմ, որ աշխարհի մարդկության 90 տոկոսի երազանքը, որ չեն կարող կատարել` ես հասել եմ: Անձնական խնդիր չունեմ, պաշտոնի կարիք չունեմ, բայց հիմնական կարիք ունեմ, որ իմ ժողովրդի դեմքին ժպիտ լինի, իմ ժողովուրդը երջանիկ լինի, արտագաղթ չլինի, հզոր պետություն լինի: Հզոր պետությունում բոլոր խնդիրները կարգավորվում են:

Այսօր Ղարաբաղի խնդիրը, եթե մենք հզոր լինենք, տեսնելով, որ մենք հզոր ենք` խաղաղ բանակցային կարգով բոլոր հարցերը կլուծվեն:

Ես նոր բաներ չեմ ասում. միշտ էլ ուժեղի հետ հաշվի են նստում: Իսկ ուժեղ լինելը, եթե մասնատվում են, ուժեղ չեն կարող լինել: Պետք է ընդհանուր գաղափարի շուրջ համախմբվելով` անձնականը մի կողմ դնեն: Համախմբվելով` միասնական որոշում կայացնեն, լինի արդարություն, վստահություն, մրցակցություն: Մրցակցությանը որ տղաս էլ մասնակցի, հավասարի դեպքում հաղթանակը ես իրեն չեմ տա: Հիմնական դա պետք է լինի մեր ժողովրդի մեջ, որ վստահությունը վերականգնվի: Դա է հիմնական խնդիրը:

«Ազատություն». – Ձեր հայտարարությանը ե՞րբ սպասենք:

Ծառուկյան. – Հայտարարությանը` մոտ օրերս: Նորից եմ ասում` ինքնանպատակ չի: Ձեռքերս ծալած չեմ կարող նստել` տեսնելով ներքին, արտաքին քաղաքական պրոբլեմներն ու խնդիրները, Ղարաբաղի առաջ ծառացած վտանգը: Ու ամենակարևորը, իմանալով, որ մեր թշնամին ամեն պահ սպասում է, որ իր վրեժը լուծի: Մենք պետք է բոլորս գիտակցենք և ամեն մեկս պարտավոր ենք մեր անձնականը, քաղաքականը մի կողմ դնել և մտածել մեր սահմանի վրա կանգնած զինվորի համար, մեր երկրի ապագայի համար:

Այսքանը: Եթե բոլորը գիտակցեն, համախմբվեն` ամեն ինչ նորմալ կլինի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG