Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյանը պատրաստ է մտնել քաղաքական պայքարի մեջ․ Զուրաբյան


Լևոն Տեր-Պետրոսյանը ելույթ է ունենում ընդդիմության հանրահավաքում, արխիվ
Լևոն Տեր-Պետրոսյանը ելույթ է ունենում ընդդիմության հանրահավաքում, արխիվ

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է մտնել նախընտրական պայքարի մեջ՝ գլխավորելով Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) նախընտրական ցուցակը: Այս մասին ուրբաթ օրը «Ազատության» հարցին ի պատասխան խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ տեղեկացրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

«Ազատություն»․ - Ձեր դեպքում կա՞ հստակ որոշում՝ ով է գլխավորելու ցուցակը, և արդյոք այդ անձը Լևոն Տեր-Պետրոսյանն է լինելու:

Զուրաբյան․ - Ես վստահ եմ, որ մեր ցուցակը կգլխավորի Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Ազատություն»․ - Անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի դաշինքնե՞ր կկազմավորվեն, ինչ ձևով կմասնակցեք ընտրությունների՞ն:

Զուրաբյան․ - Գիտե՞ք, երբ որ դաշինքներ կազմավորելու գործընթացին գնանք, բանակցություններ հնարավոր են, բայց ես չեմ կարծում, որ ավելի լավ թեկնածու ինչ-որ մեկը կարող է առաջարկել ցուցակը գլխավորելու համար:

«Ազատություն»․ - Այսինքն, Տեր-Պետրոսյանը պատրաստ է նորից մտնել նախընտրական պայքարի մեջ:

Զուրաբյան․ - Ամբողջությամբ:

«Ազատություն»․ - 2013 թվականին, երբ առաջադրման պահը եկավ նախագահի թեկնածուների, Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ տարիքի պատճառով չի կարող ինքը առաջադրվել: Հնարավո՞ր է, որ լինեն էլի ինչ-որ խոչընդոտներ՝ այս անգամ ընտրապայքարի մեջ մտնելու համար, թե՞ բոլոր այդ խոչընդոտները այլևս վերացած են:

Զուրաբյան․ - Չէ, խոսքը նախագահական պաշտոնի մասին էր, չէ՞, 2013 թվին․ դա իսկապես շատ բարդ դերակատարություն է, որտեղ կարող է և տարիքային խնդիրները Տեր-Պետրոսյանի համար կոնկրետ որոշիչ լինեին այդ որոշումը ընդունելիս: Բայց հիմա խոսքը այլ բաների մասին է:

Նշենք, որ դեկտեմբերի 17-ին Հայ ազգային կոնգրեսի համագումարն է, որտեղ 72-ամյա Տեր-Պետրոսյանը, ըստ Զուրաբյանի, հանդես է գալու երկարաշունչ ելույթով:

Իսկ ինչ վերաբերում է իշխող Հանրապետականին, ապա այստեղ անակնկալներ չեն սպասվում: Թեև 2017-ին Հանրապետականի վարչապետի թեկնածուն Կարեն Կարապետյանն է, բայց կուսակցության նախընտրական ցուցակը կգլխավորի Սերժ Սարգսյանը:

Խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այդ հարցում որևէ կասկած չունի: «Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության առաջնորդն է: Որևէ հիմք չկա, որ առաջնորդը չգլխավորի ցուցակը», - հայտարարեց նա:

«Բարգավաճ Հայաստան»-ում թեև դեռ սպասում են Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հայտարարությանը, բայց խմբակցության քարտուղար Միքայել Մելքումյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե վստահ է, որ Ծառուկյանը կգլխավորի այն նախընտրական սխեման, որով էլ իրենք առաջ կշարժվեն:

«Ազատություն»․ - ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանը վերադառնում է և առաջիկա քաղաքական գործընթացներին մասնակցելու է որպես ընդդիմադիր: Մեծ է հավանականությունը, որ նա կրկին կգլխավորի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ հաշվի առնելով, որ նա շարունակում է մնալ այդ քաղաքական ուժի շարքային անդամ: Կարո՞ղ ենք ասել, որ առաջիկա խորհրդարանակնա ընտրություններին հենց Ծառուկյանը կգլխավորի նախընտրական ցուցակը:

Միքայել Մելքումյան․ - Նախ, շարքային անդամ չէ Գագիկ Ծառուկյանը: Գագիկ Ծառուկյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիրն է և դե ֆակտո առաջնորդն է: Սա արձանագրենք: Երկրորդ․ կգլխավորի թե չի գլխավորի, ինչ ձևաչափով և այլն՝ դա Գագիկ Ծառուկյանը ինքը կորոշի: Ես կարծում եմ, որ հայտարարությունը չի ուշանա: Չեմ ուզում ասեմ՝ մեկ-երկու օր, բայց չի ուշանա: Ինքը դրա մասին հայտարարությամբ հանդես կգա: Այո՛, ինքն է գլխավորելու ընդհանուր էն սխեման նախընտրական, որով մենք պետք է առաջ շարժվեն, բայց թե ի՞նչ կոնկրետ դեմքերով, ի՞նչ կոնկրետ ձևակերպումներով, ձևաչափով, դրա մասին միայն ինքը կհայտարարի մոտ ժամանակներս»:

Այսօր, ի դեպ, խորհրդարան էր եկել Գագիկ Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանը: Նա մասնակցում էր տնտեսական հարցերի հետ կապված լսումներին: Նա հրաժարվեց պատասխանել որդու՝ քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ հարցին՝ ասելով, թե նման հարցեր իրենց ընտանիքում չեն քննարկվում:

Հավելենք, որ Գագիկ Ծառուկյանը օրերս իր տան առաջ հավաքված և իրեն վերադառնալ խնդրող քաղաքացիներին խոստացավ առաջիկայում հայտարարել, թե ինչպես է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին․ - «Իմ մասնակցությունը լինելու ա: Թե ի՞նչ մասշտաբի, ի՞նչ կարգավիճակով՝ մոտ օրերս ես ձեզ կհայտարարեմ, և դուք դա կլսեք, ձեր ցավը տանեմ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG