Հենրիխ Մխիթարյանը առաջին գոլը խփեց «Մանչեսթր Յունայթեդ»-ի կազմում։ ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի մրցաշարում հինգշաբթի օրը Օդեսայի «Չերնոմորեց» մարզադաշտում Լուգանսկի «Զորյա» ակումբի հետ հանդիպմանը հայ ֆուտբոլիստը բացեց խաղի հաշիվը։
48-րդ րոպեին խաղադաշտի կենտրոնում տիրանալով գնդակին՝ Մխիթարյանը մեծ արագությամբ, խաբս տալով մրցակցի երկու ֆուտբոլիստի, մտավ տուգանային հրապարակ և գնդակը դարպասապահի կողքով ուղարկեց դարպասի աջ անկյունը։
88-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչը երկրորդ գնդակն ուղարկեց «Զորյա»-ի դարպասը։
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Հենրիխ Մխիթարյանը նաև ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող։
Մրցաշարի 6-րդ տուրում տարած 2:0 հաշվով այս հաղթանակից հետո «Մանչեսթր Յունայթեդ»-ը 12 միավորով երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում A խմբի մրցաշարային աղյուսակում՝ ընդամենը մեկ միավորով զիջելով խմբի առաջատար թուրքական «Ֆեներբահչե»-ին։