Մատչելիության հղումներ

Խորհրդարանն ընդունեց 2017 թվականի պետբյուջեն


ԱԺ-ի նիստերի դահլիճում, արխիվ
ԱԺ-ի նիստերի դահլիճում, արխիվ

2017 թվականի համար կառավարությունն այսօր ընդունված փաստաթղթով նպատակ է դրել ապահովել համախառն ներքին արդյունքի 3,2 տոկոսի աճ:

Ազգային ժողովն այսօր քվեարկությամբ հաստատեց 2017 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Կառավարության ներկայացրած փաստաթղթին կողմ արտահայտվեց 83, դեմ՝ 24, ձեռնպահ՝ 1 պատգամավոր: Կողմ էին իշխող Հանրապետականն ու Դաշնակցությունը, ինչպես նաև ԲՀԿ խմբակցության ոչ կուսակցական հատվածի որոշ պատգամավորներ: Դեմ էին ՀԱԿ-ը, «Ժառանգություն»-ը, ՕԵԿ-ը, ԲՀԿ-ի կուսակցական թևը։

Քվեարկությունից առաջ ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը վերահաստատեց իրենց մոտեցումը՝ դեմ են քվեարկելու: Իսկ բյուջի նախագիծը համարեց «գրավոր խոստովանություն այն մասին, որ կառավարությունն ի վիճակի չէ զարգացնել երկիրը»:

Մինչ քվեարկությունը «ևս մեկ անգամ» դեմ քվեարկելու կոչ հնչեցրեց ԲՀԿ խմբակցությունից Միքայել Մելքումյանը՝ հայտարարելով, որ այս բյուջեն «ոչ մի սանտիմետր քայլ առաջ չէ» նախորդի համեմատությամբ: «Սա կոչվում է՝ բոլորի եկամուտները կրճատվում են և թունելի վերջում լույս չկա: Սա մենք համարել ենք ծրագրերի հետաձգման բյուջե: Մենք չենք կարող կիսել այդ բյուջեի կատարման քաղաքական պատասխանատվությունը, և ԲՀԿ կուսակցական պատգամավորները հստակ դեմ են քվեարկելու այս բյուջեին»,- ասաց Մելքումյանը:

Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ կառավարությունն իր բերած նախագծի քննարկմանը «մեղմ ասած՝ ամբողջական կազմով չէր» ներկա: «Նորություն բերելով, նոր շունչ բերելով, տպավորություն և պատրանք ստեղծելով նորովի ու որակյալ աշխատանքի, այս կառավարությունն անմիջապես անդամագրվեց Հանրապետական կուսակցությանն ու հայտարարեց, որ շարունակելու է այդ նույն քաղաքական կուրսը: Ուստի առաջարկում եմ դրայվով դեմ քվեարկել, որովհետև այն չի արտահայտում ՀՀ քաղաքացիների բարեկեցությանն ուղղված քաղաքական դիրքորոշումը»,- ասաց Ուրիխանյանը:

Գալուստ Սահակյանը շտապեց իր մեկնաբանություններով պատասխանել պատգամավորներին՝ «Երբ վարչապետը չի գալիս Ազգային ժողով, այսինքն ինչ-որ մեկը հրամանագրվել է իր կողմից, և ինքը գնացել է գործուղման: Անընդհատ նույն հարցը կրկնում եք, չմտածելով, որ 25 տարի էստեղ նստած ենք, նույն խնդիրը միշտ էլ կրկնվել է»:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն արձագանքեց՝ «Հենց էդ 25 տարի կրկնվող սխալները պետք է փոխել, դրա համար հորդորում եմ ընդդիմադիր քաղաքական ուժերին՝ առաջիկա համապետական ընտրություններին շատ ուժեղ պայքարել՝ փոխելու 25 տարվա քաղաքական ուժին»:

Անդրադառնալով բյուջեի նախագծին, նա ասաց՝ ոչ մի միլիմետր առաջ չենք գնացել: «Այս բյուջեում որևէ առաջխաղացում չկա ո՛չ կրթության, ո՛չ էլ առողջապահության ոլորտներում: Սա նշանակում է, որ մեր հայրենակիցները ոչ մի սպասելիք չունեն»,- ասաց Բիշարյանը, վերահաստատելով՝ իրենք ևս դեմ են քվեարկելու:

2017 թվականի համար կառավարությունն այսօր ընդունված փաստաթղթով նպատակ է դրել ապահովել համախառն ներքին արդյունքի 3,2 տոկոսի աճ: Հաջորդ տարի նախատեսվում է կրճատել բյուջեի ծախսային մասը մոտ 100 միլիարդ դրամով, իսկ եկամուտներն ավելացնել՝ 70 միլիարդով: Կավելանա նաև պետական պարտքը՝ 5,8 միլիարդ դոլարից հասնելով 6,2 միլիարդ դոլարի:

Վարչապետ Կարեն Կարապետյանը, հոկտեմբերի վերջին ներկայացնելով բյուջեի նախագիծը, հայտարարել էր, թե այն կազմելու հիմքում դրել են «տնտեսությունը չխեղդող կանխատեսումներ»: Ուշագրավ է, որ 2016 թվականի բյուջեն, որը ներկայացրել էր Հովիկ Աբրահամյանի կառավարությունը, ընդունվել էր ավելի քիչ դեմ ձայներով՝ միայն 12 պատգամավոր էր դեմ քվեարկել, 97-ը՝ կողմ: ՀԱԿ խմբակցությունը, հիշեցնենք, այդ ժամանակ բոյկոտում էր ԱԺ-ի նիստերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG