Մատչելիության հղումներ

Վարչապետը խոստանում է, որ ԱԺ ընտրություններից հետո գազի և էլեկտրաէներգիայի սակագները չեն բարձրանա


Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո գազի և էլեկտրաէներգիայի սակագները չեն բարձրանա, իսկ դրանց իջեցման դիմաց Հայաստանը ռուսական կողմին ռազմավարական որևէ օբյեկտով չի փոխհատուցի:

Պատասխանելով պատգամավոր Նիկոլ Փաշինյանի (ՀԱԿ) երկու ծավալուն հարցերին՝ Կարեն Կարապետյանը նախ արձագանքեց մեկ բառով, հետո, այնուամենայնիվ, որոշեց մանրամասնել:

Փաշինյանն ասաց․ - «Հարցս հետևյալն է, թե արդյոք եթե իրադարձությունները Ձեր հարազատ կուսակցության համար ընթանան բարենպաստ սցենարով, և, օրինակ, Ձեր կուսակցությունը, Ձեր կառավարությունը հանկարծ շարունակի գործել, կարո՞ղ եք արդյոք Դուք երաշխավորել երկու բան: Որ ա․ ընտրություններից հետո էլեկտրաէներգիայի և գազի սակագները չեն բարձրանա՝ նախկինում արձանագրված սցենարներով, և բ․ Հայաստանի Հանրապետությունը այս էժանացման համար չի վճարի ինչ-որ ռազմավարական օբյեկտով»:

Վարչապետի արձագանքը․ - «Ձեր ա և բ կետին պատասխանում եմ՝ այո»:

Փաշինյանը մեկ այլ հարց էլ բարձրացրեց․ - «Պարոն Կարապետյան, ի հեճուկս Հայաստանի Հանրապետության սահմանադրության հոդված 80-ի, Դուք նախորդ քառօրյայի հարցուպատասխանին չէիք մասնակցում և գտնվում էիք Մոսկվայում: Կարո՞ղ է սա նշանակել արդյոք, որ ամեն անգամ, երբ ընտրություն լինի Հայաստանի Հանրապետության սահմանադրության և Մոսկվայի միջև, Դուք ընտրություն եք կատարելու հօգուտ Մոսկվայի: Եվ քանի որ հնարավորություն ստեղծվեց Ձեր լակոնիկ պատասխանի արդյունքում, կարծեմ այդ նույն ժամանակ Մոսկվայում գտնվելով, համենայն դեպս, մամուլի հրապակումների համաձայն, Դուք էիք առաջարկի հեղինակը կամ համահեղինակը, որ ամերիանո կոֆեն վերանվանեն ռուսիանո: Ուզում եմ իմանամ՝ արդյո՞ք դա այդպես է թե չէ: Եվ եթե այո, արդյո՞ք Ձեր կառավարությունում արդեն իրականություն դարձել է այդ առաջարկությունը»:

Ի պատասխան Կարեն Կարապետյանը գերադասեց կրկին խոսել գազի մասին․ - «Քանի որ Դուք մեկ անգամ ինձ հուշեցիք, որ երկրորդ անգամ հարց տալու իրավունքը Դուք, ոնց որ, չունեք՝ մեկնաբանելու իրավունք ունեք, ես իրավունք ունեմ Ձեր հարցին չպատասխանեմ․․․ Իսկ ա և բ կետերի վերաբերյալ ֆիկսենք հարցը․ ընտրություններից հետո գազի գինը բարձրանալո՞ւ է, թե՞ չէ: Ո՛չ: Եվ դրա դիմաց Հայաստանը ընտրություններից հետո որևիցե ռազմական կամ այլ սուբյեկտով վճարելո՞ւ է, թե՞ ոչ: Ո՛չ»:

Գազի սակագնի թեման շարունակեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ շեշտելով, թե ում շահն է Կարապետյանը պաշտպանում՝ Գազպրոմի՞, թե՞ Հայաստանի․ - «Պարոն վարչապետ, դահլիճում առաջացած դրայվի շրջանակներում հարցս հետևյալն է․ Դուք հիմա մեր այն երկրի վարչապետն եք, որից Դուք, լինելով ռուսական «Գազպրոմ»-ի տնօրենների խորհրդի անդամ, ընդամենը 300 միլիոնի դիմաց տարաք մեր ռազմավարական նշանակության օբյեկտի, ցանցի, ոլորտի, այսինքն «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսանոց մեր պետական սեփականությունը: Եվ այս համատեքստում գազի գինը, երբ որ Դուք «Գազպրոմ»-ի ղեկավարության մեջ էիք, կարող էր արդեն երկար տարիներ առաջ նվազել, մեր ժողովուրդը շատ ավելի մեծ գումարներ կտնտեսեր՝ այդ վճարը չվճարելով փաստորեն, քանի որ այդ հնարավորությունը կար՝ գազի գինը նվազեցնելու: Ո՞ր շահն ենք մենք Ձեզ հետ գերադասում՝ Հայաստանի Հանրապետությա՞ն, թե՞ այլ: Ուստի, եթե ոչ ամերիկանո, ինչո՞ւ ոչ արմյանո, այլ ռուսիանո»:

Կարեն Կարապետյանն արձագանքեց․ - «Նախևառաջ ասեմ՝ երբ որ այդ գործարքը եղել է, ես «ՀայՌուսգազարդ»-ում չեմ եղել: Գործարքը համարում եմ ճիշտ գործարք, որովհետև որևիցե շահութաբաժին հայկական կողմը, ինչպես նաև «Գազպրոմ» ընկերությունը այսքան ժամանակ այս գործունեությունից չի վերցրել: Եվ վճարել մի բանի դիմաց քո ակտիվներով․․․ ես ստեղ որևիցե ոչ-տրամաբանական լուծում չեմ գտնում՝ եթե մենք արտաքին պարտքը դրանով մաշացնում ենք: Երկրորդ, հնարավո՞ր էր այն պահին գինը ավելի էժան լիներ: Հնարավոր չէր: Բոլոր ժամանակահատվածների համար Հայաստանի համար գազի գինը եղել է նվազագույն հնարավորը տարածաշրջանում»:

Հանրապետական խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը հարցրեց, թե ինչ ծրագրեր կան Գյումրիում կուտակված խնդիրները լուծելու համար: Վարչապետը պատասխանեց, թե իրենք մշակել են մի մեթոդաբանություն, համաձայն որի յուրաքաչյուր համայնք՝ այդ թվում Գյումրին, պետք է ներկայացնի իր զարգացման ծրագիրը․ - «Գյումրին ընդհանրապես ունի ֆանտաստիկ շանս՝ դառնա Հայաստանի զբոսաշրջության մայրաքաղաքը»:

Կարեն Կարապետյանը հավելեց, որ այսօր Կառավարության անդամների հետ եղել են Գյումրիում և, երկրաշարժի զոհերին իրենց հարգանքի տուրքը մատուցելուց բացի, փորձել են նաև ոգևորել մարդկանց․ - «Ինչ-որ ձևի ազդակ ուղարկենք, որ կյանքը շարունակվում է: Եվ որպեսզի մի քիչ տրամադրությունները փոխվի․ էս պանիխիդա վիճակից մի քիչ կարողանանք թափ տանք մեզ, դուրս գանք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG