Մատչելիության հղումներ

Թումասյան. Երկրաշարժի հետևանքով քանդված Գյումրին 28 տարի անց էլ վերականգնված չէ


Հայաստան, Գյումրի, 7-ը դեկտեմբերի, 1988թ․
Հայաստան, Գյումրի, 7-ը դեկտեմբերի, 1988թ․

1988 թվականի ավերիչ երկրաշարժից 28 տարի է անցել։ Ըստ «Շիրակ» կենտրոնի տնօրեն Վահան Թումասյանի՝ երկրաշարժի հետևանքով քանդված Գյումրի քաղաքը 28 տարի հետո էլ դեռ վերականգնված չէ։

«Նախ ինքը որպես քաղաք վերականգնված չէ, այսինքն՝ ինքն անմիջական աղետի հետևանքները կրող․․․ Ես երբեմն համեմատում եմ, ասենք, տեսեք, դեկտեմբերի 7-ն է՞ ծանր օր անօթևան ընտանիքների կամ անձամբ ինձ համար, որ ամեն օր շփվում եմ, թե՞ մնացած օրերը։ Անկեղծ ասած, դեկտեմբերի 7-ին ինձ համար ավելի հանգիստ օր է, որովհետև գոնե ուշադրության կենտրոնում են, որը մի փոքր սփոփանք է բերում անօթևաններին, աղետյալներին, անձամբ ինձ։ Մնացած օրերին, երբ որ մենք մնում ենք մեր պրոբլեմներով, ամեն օր կրում ենք աղետի հետևանքները, և ամեն օր մեզ համար դեկտեմբերի 7 է, բայց ավելի մոռացված, ավելի մեկուսացված վիճակում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Թումասյանը:

Նրա խոսքով՝ բնակարանային ֆոնդը մեծ մասամբ վերականգնված է, բայց այսօր դեռ 3 հազար ընտանիք ապրում է ժամանակավոր կացարանում կամ խարխուլ վագոն-տնակում։

«Այդ հետևանքներն ամեն օր հիշեցնում են դեկտեմբերի 7-ը, երկրաշարժն են հիշեցնում, և գյումրեցիները Գյումրիում տեսնելով ամեն օր փլատակները, կիսախարխուլ շենքերը, քարուքանդ փողոցները, տնակային ավանները, իրենք ամեն օր ապրում են 88 թվականի դեկտեմբերի 7-ի հիշողությունները: Դա հոգեբանական շատ ծանր երևույթ է», - ասաց Թումասյանը՝ շարունակելով. - «Կառավարության պատկերացումները բնակարանային ֆոնդի վերականգնման մասին իրարից տարբերվում են մի հասկանալի պատճառով՝ կառավարությունն ինքը որոշակի պահանջներ է ներկայացրել, որոշումներ է կայացրել և ասում է՝ «այս պահանջներին համապատասխանող ընտանիքներին մենք համարում ենք շահառու և փոխհատուցում ենք»։ Բայց կան ևս ընտանիքներ, որոնք թեև կառավարության սահմանած նորմերի մեջ չեն մտնում, բայց նրանք անմիջական երկրաշարժի հետևանքով աղետյալ, անօթևան դարձած ընտանիքներ են։ Ասեք, եթե պետությունը բազմաբնակարան շենքից կորցրած բնակարան ընտանիքին է փոխհատուցում, բայց սեփական բնակարան կորցրածին չի փոխհատուցում, ասենք՝ մինչև սահմանված ժամկետում փաստաթղթեր ներկայացրած ընտանիքին փոխհատուցում է, մյուսներին չի փոխհատուցում, եթե մեկը չի հասցրել ժամանակին բոլոր պահանջվող փաստաթղթերը ներկայացնել, չի նշանակում, թե ինքը երկրաշարժից բնակարան չի կորցրել և անօթևան չէ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG