Մատչելիության հղումներ

Եթե մեր թիմը էֆեկտիվ լինի, 2018-ից հետո ինձ վարչապետ եմ տեսնում․ Կարապետյան


Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ԶԼՄ-ների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ եթե իր գլխավորած կառավարությունը արդյունավետ լինի, ապա 2018-ից հետո էլ իրեն տեսնում է վարչապետի պաշտոնում:

«Եթե մեր կառավարությունը, մեր թիմը էֆեկտիվ աշխատի, և եթե պահանջված լինի, [2018-ից հետո ինձ] վարչապետ եմ տեսնում», - ասաց Կարապետյանը:

Հարցին արդյոք պատրա՞ստ է պաշտոնը զիջել Սերժ Սարգսյանին,քանի որ վերջինս չի բացառել, որ ինքն անձամբ կարող է վարչապետ դառնալ նախագահիպաշտոնավարման ժամկետի ավարտից հետո, Կարապետյանն արձագանքեց․ - «Եթե ես ասեի, որ 4-5 տարի անընդմեջ ես պաշտոնավարելու եմ, անմիջապես դուք կասեիք՝ իսկ եթե դուք լավ չկառավարեք: Վտանգ կա չէ՞, որ դուք կդառնանք չարիք՝ վատ կառավարելու առումով: Այդ իսկ պատճառով հարցի պատասխանը հետևյալն է՝ չեմ եկել 6 ամիս աշխատելու, բայց միևնույն ժամանակ, եթե մենք արդյունք ցույց տանք, մեր քաղաքացին, բանվորը, գիտնականը հասկանան, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում, մենք ինչ-որ ձևի ցույց ենք տալիս այն հորիզոնները, որ հրապուրիչ են, որոնք բավարար են հասկանալու համար, որ ճիշտ ուղղությամբ ենք գնում, կփորձենք աշխատել երկարատև»:

Կարապետյանը հավելեց, որ 2018-ից հետո իր պաշտոնավարման հարցը չի քննարկելՍերժ Սարգսյանի հետ՝ նշելով, որ դա կոռեկտ չէր լինի․ - «Քննարկել այդ հարցը մոտավորապես նույնն է, որ ես հայտարարեմ, որ ես 3-4 տարուց պակաս պատրաստ չեմ աշխատել»:

Կարապետյանը շարունակեց՝ կառավարման էֆեկտիվությունը որոշելու են քաղաքացու, գյուղացու, ուսուցչի, զինվորի կյանքի, ապրելակերպի որակի մակարդակի բարձրացմամբ․ - «Վերջնական ցուցանիշը նա է, երբ որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, անկախ իր սոցիալական ստատուսից, իր վա զգում է, որ իր կյանքը լավանում է»:

Վարչապետն անդրադարձավ նաև իր և մի քանի նախարարների՝ Հանրապետական կուսակցությանն անդամակցելուն: Դիտարկմանը, որ իր դիմումի մեջ նշված է եղել, թե ամբողջությամբ համաձայն է Հանրապետական կուսակցության վարած քաղաքականության հետ ու ենթադրո՞ւմ է արդյոք դա, որ իր նախորդների քաղաքականության հետ ևս է համաձայն է, վարչապետն արձագանքեց․ - «Բա ասում եք ագրեսիվ չենք տրամադրված այսօր:

Ճիշտն ասած՝ կա ձև դիմումի, ես չեմ էդ ձևը գրել: Ինչի հետ համաձայն եմ, 7 կետով հայտարարել եմ: ․․․Դրվել են խաղի կանոններ, ըստ որի մենք պետք է աշխատենք: Այդ խաղի կանոնները խախտողները պետք է համապատասխան վերաբերմունք ունենան, անկախ նրանից, թե նրանք ինչ քաղաքական պատկանելիություն ունեն», - հայտարարեց Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ իր թիմակիցներից մարդիկ են անդամագրվել Հանրապետականին, որոնք որ երբևիցե չեն մտածել կուսակցական կյանքով ապրել, «որովհետև այսօրվա իրողությունը, մարտահրավերը և այն բեռը, որը մեր վրա դրված է, պահանջում է քաղաքական հենարան»:

Անդրադառնալով իր կադրային քաղաքականությանը Կարապետյանն ասաց․ - «Ընտրել եմ այն մարդկանց, որոնք իմ հետ ճանապարհ են անցել․․․Մարդկանց, որոնք որ համոզված եմ, որ պաշտոնը չեն օգտագործի անձնական հարստացման ու բիզնեսի լոբբինգի համար: Եթե այդպես լինի, ես հենց առաջինը կնախատեմ ու դրա դեմը կառնեմ: Կան մարդիկ, որոնց ես որոշակի ավանսով եմ նշանակել, որովհետև այդ պահին ավելի լավ մարդ չեմ ունեցել»։

Վարչապետը խոսեց նաև Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության ու իշխանությունների խոստացած 200 միլիոնանոց շուկայի մասին՝ ընդգծելով, որ ԵԱՏՄ մտնելը տրամաբանական քայլ է համարում, քանի որ Հայաստանի տնտեսությունը ամենաշատը հնարավորությունը ունի այդ շուկայում իր տեղը գտնելու:

«Ցավոք սրտի, մենք շատ ապրանք, արտադրանք չունենք, որոնք որ Եվրոպայում մրցունակ են, ընկալելի են, ընդունելի են: Մտնելով այդ ակումբը, մենք հնարավորություն ունենք 200 միլիոնանոց շուկայում աշխատել: Էֆեկտիվ կաշխատենք, լավ կլինի, ոչ էֆեկտիվ՝ լավ չի լինի: Եթե լավ չի լինի, դա չի նշանակում, որ բուն մտնելու փաստն էր վատը, դա նշանակում է, որ մենք էֆեկտիվ չենք:

Երկրորդը, մենք մերժո՞ւմ ենք բոլոր մնացած հարթակները աշխարհում, իմ կարծիքով ՝ ոչ: ԵԱՏՄ-ում անդամ լինելով՝ մեր ձեռքը մեկը բռնե՞լ ա Եվրամիություն գնալու, փորձելու բիզնես անելու, իհարկե ոչ: Ավելին ասեմ՝ ԵԱՏՄ-ի անդամ լինելով, Հայաստանը ունիկալ շանս ունի: Բոլոր 5 երկրները գիտեք, սահմանափակումները Ռուսաստանի՝ գիտեք: Եվրոպայում բիզնեսներ կան, որ այդքան էլ գոհ չեն այդ սանկցիաներից ու իրենք ուզում են այդ շուկայի մեջ մնալ: Լավագույն հարթակը, եթե մենք այդ ազդակները տանք, համապատասխան միջավայրը ինվեստիցիաների համար ստեղծենք, որպեսզի Հայաստանով մտնեն ԵԱՏՄ երկրների մեջ, իմ պատկերացմամբ ունի Հայաստանը: Դա հնարավորություն չի՞», - հայտարարեց Կարեն Կարապետյանը:

Վարչապետի հետ հարցուպատասխանի մանրամասները՝ տեսանյութում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG