«Ռազմավարությունը, տակտիկան, թե ինչ ենք պատրաստվում անել, դրանք դեռևս քննարկման փուլում են, և մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի դեկտեմբերի 12-ին, երբ որ համատեղ հայտարարությամբ հանդես կգանք», - ասաց մասնավոր «Լուսավոր Հայաստան»-ի նախագահ Էդմոն Մարուքյանը:
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի խոսքով, թեև այս փուլում քննարկումները միայն երեք ուժերի միջև են ընթանում, իրենք չեն բացառում, որ նոր ուժեր ևս կարող են համագործակցելու հայտ ներկայացնել: «Միայն թե իրական ընդդիմադիրների շարքերից», - հավելեց Սարգսյանը։ - «Իրական ընդդիմության համախմբում, որոնցից երկուսի հետ «Հանրապետություն» կուսակցությունը էսօր համագործակցում է, համարում է էդպիսին «Լուսավոր Հայաստանին» և «Քաղպայմանագրին»: Եվ այս երեք ուժերը փորձում են ընդհանուր ծրագիր, Հայաստանի ապագայի ընդհանուր տեսլական ձևավորել: Ինչի արդյունքում, եթե ստացվի, կմասնակցենք ընտրություններին որպես դաշինք: Կփորձենք ձևավորել դաշինք»:
2008-ին ձևավորված «Հայ ազգային կոնգրես» դաշինքին միացած «Հանրապետություն» կուսակցության ղեկավարի խոսքով, իրենց կուսակցության և նախկին դաշնակից ՀԱԿ-ի միջև գլխավոր ջրբաժանը «հրաշալի քառյակը», ապա «եռյակն» էր:
«Հիմա էլ կան ուժեր, որոնց սպասելիքը Գագիկ Ծառուկյանի վերադարձին: ՀԱԿ-ի մասով մեր հակասությունները ժամանակին թե՛ ես, թե, կարծում եմ, նաև Նիկոլ Փաշինյանը, որը այսօրվա դրությամբ դեռ տվյալ խմբակցության անդամ է, հայտնել ենք, և այդ մոտեցումների առումով կարող են գնահատականները տարբեր լինել, բայց ապագան ցույց տվեց, որ մենք էինք ճիշտ: Այն, ինչ որ իրենք պլանավորել էին՝ եռյակը, քառյակը, ինչքան էլ հրաշալի էր, ոչինչ չծնեց», - ասաց Արամ Սարգսյանը։
Անցյալ շաբաթ «Ժառանգություն» կուսակցությունը նշում էր, որ մասնակցում է «Լուսավոր Հայաստանի», «Քաղաքացիական պայմանագրի» և «Հանրապետության» հետ խորհրդակցություններին:
«Ես հաստատում եմ, որ եղել են կոնսուլտացիաներ նաև «Ժառանգության» հետ, և կարծում եմ, որ դեռևս ամեն ինչ ավարտված չէ, և դեռ փոփոխություններ հնարավոր է, որ լինեն», - նշեց Մարուքյանը:
Չնայած խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արդեն 3 կուսակցություններ խոսում են դաշինքի մասին, այնուամենայնիվ իշխող ՀՀԿ֊ում վստահ են, որ ընդդիմությունը, ինչպես հայտարարեց Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, «հաղթելու շանս չունի»՝ շարունակելով․ - «Ընդդիմությունը ամբողջապես միավորվելու շանս չունի: Էսօր էլ վերահաստատում եմ, որովհետև գտնում եմ, որ Հայաստանի պառլամենտական ընտրությունների քաղաքական օրակարգի հիմնական հարցերից մեկը պետք է լինի արտաքին քաղաքականությունը, ինչպես նաև անվտանգությունը, իսկ այստեղ մեր ընդդիմադիր ուժերը ունեն տարագծորեն տարբեր կարծիքներ»:
Արամ Սարգսյանի խոսքով, երեք կուսակցությունների արտաքին քաղաքական մոտեցումները միմյանցից տրամագծորեն չեն տարբերվում, բայց նախ, ըստ նրա, պետք է պարզել, թե արտաքին քաղաքական կողմնորոշում ասելով, իշխող կուսակցությունը ինչ նկատի ունի․ - «Եթե իրենք Ռուսաստանի վասալը կամ ֆորպոստ լինելը համարում են արտաքին քաղաքական կողմնորոշում, ես այդպես չեմ համարում: Դա ուղղակի ենթակայի և վերադասի փոխհարաբերություններն են, ինչին դեմ է թե՛ «Քաղպայմանագիրը», թե՛ «Լուսավոր Հայաստանը», թե՛ մենք»:
Ընդդիմադիր սյս ուժերի ներկայացուցիչները վստահ են, որ ձեռնոց են նետելու իշխող կուսակցությանը։ Սակայն այս ուժերից «Լուսավոր Հայաստանը» և «Քաղաքացիական պայմանագիրը» տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրություններին
ձեռնոց էին նետել նաև միմյանց՝ ինտերնետային հարթակներից մինչև Վանաձորի բակերը իրար անողոք քննադելով։
«Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը նշեց, որ Հայաստանում միշտ արտառոց է եղել մեկ ընդդիմադիր ուժի կողմից մյուսին քննադատելը, ինչը, սակայն, իրենց համար անընդունելի է․ - «Եվ այս առումով նույն «Լուսավոր Հայաստանի» մեր գործընկերի հետ ոչ վաղ անցյալում ունեցած քննարկումների ժամանակ ես նրանց ասել էի, որ պետք չէ վախենալ այդ քննադատությունից մեկը մյուսի նկատմամբ: Որովհետև ի վերջո, այսպես ասած՝ ուժեղ բախումներից է ծնվում նոր միտք և նոր համագործակցություն»: