Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսի հետ:
Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին և նրա թիմին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ պատասխանատու առաքելության իրականացման գործում:
Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ ԱՄՆ նոր վարչակազմի օրոք հայ-ամերիկյան համագործակցության արդի բարձր մակարդակը ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական բնագավառներում ոչ միայն կպահպանվի, այլև նոր լիցք կստանա: Անդրադարձ է եղել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերին, այդ թվում՝ տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին: