«Նրանք խուսափում են հանդիպումից և այդպիսով չեն աջակցում խաղաղ գործընթացին»,- դեկտեմբերի 1-ին ասել է Մամեդյարովը Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ և հավելել՝ «Ամեն անգամ մենք հայտարարում ենք, որ բանակցությունները չպետք է լինեն բանակցային գործընթացի իմիտացիա: Մենք պետք է աշխատենք խաղաղության հասնելու համար»:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, մինչդեռ, այսօր, պատասխանելով «Ազատության» հարցին, ասել է թե չի բացառվում, որ նման հանդիպում կայանա, «բայց դեռևս դա հաստատված չէ»,- նշել է ՀՀ արտգործնախարարը:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 8-ից 9-ը ԵԱՀԿ-ն նախագահող Գերմանիայի Համբուրգ քաղաքում տեղի է ունենալու ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների տարեկան համաժողովը: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդները՝ Մինսկի Խմբի համանախագահները ջանքեր են գործադրում, որ այդ համաժողովի շրջանակում տեղի ունենա Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում:
Ադրբեջանի արտգործնախարարն այսօր ասուլիս է տվել Բոսնիա և Հերցեգովինայի արտգործնախարարի հետ Բաքվում կայացած հանդիպումից հետո: Համատեղ ասուլիսում, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին, Մամեդյարովը քննադատել է հայկական կողմի մոտեցումները: Նրա խոսքով, նախնական փուլում բարձրացնելով Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ նշանակում է «թաղել խաղաղ գործընթացը»:
«Վերջին շրջանում Հայաստանի կողմից հնչում են տհաճ հայտարարություններ: Այդ հայտարարությունները բացասական դեր են խաղում խաղաղ կարգավորման գործընթացում: Բանակցություններն այդպես չեն վարում: Ուղղությունը, որով ընթանում են բանակցությունները, ոչ մեկի համար գաղտնիք չէ: Քննարկվող փաստաղթում նաև նշված է, որ հայկական զորքերը փուլ առ փուլ պետք է դուրս բերվեն օկուպացված տարածքներից: Կարգավիճակի հարցը նույնպես քննարկվում է: Սակայն, նախնական փուլում բարձրացնելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, նշանակում է թաղել խաղաղ գործընթացը, քանի որ ադրբեջանական համայնքը պետք է վերադառնա Ղարաբաղ: Նրանք նույնպես այդ շրջանի բնակիչներ են»,- ասել է Մամեդյարովը:
ԱՊԱ գործակալության հաղորդմամբ, համատեղ ասուլիսում Բոսնիա և Հերցեգովինայի արտգործնախարար Իգոր Չրնադակն ասել է, թե ցանկանում են, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով, Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: