Վրաստանի կառավարությունը վերջին ճիգերն է գործադրում` փորձելով Եվրամիության հետ ազատ վիզային ռեժիմի հաստատմանը հասնել մինչև տարեվերջ:
Վիզային ռեժիմի ազատականացումը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի երեկ մեկնարկած բրյուսելյան այցի առանցքային թեման է:
Վրացական կառավարության ղեկավարի առաջին հանդիպումները Եվրոպական խորհրդարանում էին, ինչը նույնպես պատահական չէր: Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցում վերջնական որոշումը պետք է կայացնի հենց այս կառույցը:
«Մենք անդրադարձանք Եվրամիության նախարարների խորհրդի և Եվրոպական խորհրդարանի միջև ընթացող բանակցությունների մանրամասներին: Ես ասացի պարոն վարչապետին, որ դեռևս լավատեսորեն եմ տրամադրված և հուսով եմ, որ առաջիկա օրերին Նախարարների խորհուրդն ու Եվրախորհրդարանը կկարողանան ազատ վիզային ռեժիմի հնարավոր դադարեցման մեխանիզմի շուրջ որոշակի փոխզիջումային տարբերակ գտնել», - նշում էր Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը:
Վրաստանին, ինչպես նաև Ուկրաինային Եվրամիության կողմից ազատ վիզային ռեժիմ շնորհելու հարցը ձգձգվում է եվրոպական մի շարք պետությունների՝ նախևառաջ Գերմանիայի որդեգրած դիրքորոշման պատճառով:
Այս պետությունների ներկայացուցիչները պնդում են, որ նախ հարկավոր է հստակ մեխանիզմ մշակել, որը հնարավորություն կտա չարաշահումների դեպքում սառեցնել ազատ վիզային ռեժիմի գործողությունը, և դրանից հետո միայն ընդառաջել Վրաստանին և Ուկրաինային:
Գիորգի Կվիրիկաշվիլիի համոզմամբ, սակայն, Վրաստանի քաղաքացիներին ազատորեն Շենգենյան գոտի մուտք գործելու իրավունք տրամադրելն ավելին է, քան զուտ նրանց տեղաշարժի հնարավորությունների ընդլայնումը:
«Ես կուզեի ընդգծել վիզային ռեժիմի ազատականացման կարևորությունը: Ակնկալվող և Վրաստանի քաղաքացիների մեծամասնության կողմից շատ սպասված այս քայլը կարող է աննախադեպ փոփոխությունների դրդող գործողություն դառնալ` նպաստելով Վրաստանում բարեփոխումների օրակարգի հետագա ամրապնդմանը: Մենք հույս ունենք, որ Եվրամիության ներքին ընթացակարգերն ավարտին կհասցվեն մոտ ապագայում», - հայտարարում էր Վրաստանի վարչապետը:
Երեկ կայացած բանակցությունների ընթացքում Գիորգի Կվիրիկաշվիլին և Մարտին Շուլցը քննարկեցին նաև Վրաստանի ներքաղաքական կացությունը: Եվրոպական խորհրդարանի նախագահը հայտարարում էր, որ իր ղեկավարած կառույցը միանշանակորեն ընդունում է Վրաստանում աշնանը կայացած խորհրդարանական ընտրությունների օրինականությունը:
«Եվրախորհրդարանի դիտորդական առաքելությունը հետևում էր Վրաստանում կայացած ընտրությունների ընթացքին, և մեր գործընկերները գոհունակությամբ արձանագրել էին, որ ողջ ընտրական պրոցեսը լավ էր կազմակերպված: Մեր հանդիպման ընթացքում ես շնորհավորեցի պարոն վարչապետին՝ ընտրությունների ընթացքում իր կուսակցության արձանագրած բացառիկ հաջողության առթիվ: Անկեղծ ասած, ես ինքս էլ կցանկանայի ընտրություններում նման հաջողության հասնել», - նշում էր Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, ով հաջորդ տարի Գերմանիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններում գլխավորելու է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ռեգիոնալ համամասնական ցուցակներից մեկը: