«Այս պահին Մինսկի խմբի համանախագահներն ամենից շատ կուզեին, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները քաղաքական կամք դրսևորեին և բանակցային գորընթացն առաջ տանելու հանձնառություն ստանձնեին»: Այս մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանն ասել է ամերիկացի միջնորդ Ջեյմս Ուորլիքը, ով ավելի քա երեք տարվա աշխատանքից հետո այս տարեվերջին թողնելու է համանախագահի պաշտոնը:
«Բանակցությունների սեղանին շատ լավ գաղափարներ ու առաջարկներ կան, որոնք կարող են հիմք դառնալ համակողմանի կարգավորման համար»,- նաև ասել է Ուորլիքը, հավելելով՝ «Բանակցային մյուս գործընթացների նման այստեղ էլ որոշակի տարաձայնություններ կան, որոնց վրա պետք է աշխատել: Նախագահներ Իլհամ Ալիևն ու Սերժ Սարգսյանը, սակայն, նշել են, որ հավատարիմ են խնդրի խաղաղ կարգավորմանը»:
Ադրբեջանական գործակալությունը Ուորլիքին նաև հետևյալ հարցն է ուղղել՝ արդյո՞ք Հայաստանի նախագահի հայտարարությունները, թե Ղարաբաղը կարող է լինել անկախ կամ մտնել Հայաստանի կազմի մեջ, չեն վկայում, որ ապրիլյան պատեազմից հետո բանակցային գործընթացը ձախողվել է հենց Հայաստանի մեղքով: Ամերիկացի համանախագահը, սակայն, խուսափել է կոնկրետ մեղավորներ մատնանշել: Ի պատասխան, նա միայն ասել է՝ «Այդօրինակ հայտարարությունները ցույց են տալիս խաղաղ բանակցությունները շարունակելու կարևորությունը»:
Հստակ ժամկետներ ու մանրամասներ չնշելով՝ ամերկացի դիվանագետը նաև վստահություն է հայտնել, որ միջնորդներին կհաջողվի, ի վերջո, կյանքի կոչել ապրիլյան պատերազմից հետո ձեռք բերված համաձայնությունը՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելություններն ընդարձակելու մասին: «Կարծում եմ՝ Անջեյ Կասպշիկի 20 տարվա աշխատանքից հետո դա կարևոր քայլ կլինի, արված ճիշտ ուղղությամբ: Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում նախագահները պարտավորվեցին ընդարձակել նրա լիազորություններն ու աջակցություն տրամադրել: Մենք այժմ աշխատում ենք դետալների վրա, և վստահ եմ, որ իրականություն կդարձնենք այն»,-ասել է Ջեյմս Ոուրլիքը:
Ադրբեջանցի լրագրողը նաև փաստել է, որ Բաքուն փորձում է օրակարգ մտցնել Մինսկի խմբի համանախագահների թիվն ավելացնելու հարցը՝ քանի որ դժգոհ է առկա ձևաչափից: Արդյո՞ք դա հնարավոր է: Ուորլիքն այս հարցին ևս ուղիղ պատասխան չի տվել: «Մեր՝ միջնորդների խնդիրն է առավել դյուրին դարձնել նախագահների միջև բանակցությունները, ինչը կարող է նպաստել հակամարտության կարգավորմանը: Սակայն, վերջին հաշվով, առաջ գնալ-չգնալու հարցը կախված է նախագահներից․ նրանք պետք է ցանկանան կարգավորում և աշխատեն միմայց հետ այդ ուղղությամբ: Դա է իրական պատկերը՝ անկախ այն հանգամանքից, թե քանի միջնորդ կլինի ԵԱՀԿ Մինսկի խմբում և տարածաշրջանի քանի դերակատար կմասնակցի ձևաչափին»,- պատասխանել է ամերիկացի դիվանագետը:
Նա նաև ընդգծել է՝ միջնորդական խումբը թողնելու իր որոշումը որևէ կապ չունի բանակցային գործընթացի կամ դրա անարդյունավետության հետ: «Պատճառն անձնական է: Ես ամերիկացի դիվանագետի հաջող կարիերա եմ արել և հիմա՝ 30 տարվա ծառայությունից հետո մտադիր եմ աշխատել մասնավոր սեկտորում»,- ասել էՋեյմս Ոուրլիքը, հավելելով՝ «Նոր, ժամանակավոր համանախագահի անունը հայտնի կդառնա մոտ ապագայում»: