Մատչելիության հղումներ

ՀՀ նախագահի խոսնակ․ Ղարաբաղի անկլավային կարգավիճակի մասին խոսք անգամ լինել չի կարող


ՀՀ նախագահի խոսնակ Վլադիմիր Հակոբյան, արխիվ
ՀՀ նախագահի խոսնակ Վլադիմիր Հակոբյան, արխիվ

Ադրբեջանին որևէ տարածքի վերադարձի մասին հարցը կարող է առարկայական լինել միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման պարագայում՝ «Ազատության» հարցմանն ի պատասխան նշել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:

Ռուսաստանյան "Россия сегодня" լրատվական գործակալությանը մոտ երկու շաբաթ առաջ տված հարցազրույցում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ հինգ տարի առաջ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պատրաստ են եղել Ադրբեջանին զիջել յոթ շրջաններ՝ Ղարաբաղի կարգավիճակը որոշող հանրաքվեի դիմաց, անգամ նման բովանդակության փաստաթուղթ է եղել, սակայն Իլհամ Ալիևը հրաժարվել է այն ստորագրել: Ընդ որում, խոսելով Արբեջանին յոթ շրջան վերադարձնելու մասին՝ Սերժ Սարգսյանը որևէ բառ չէր ասել Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող ցամաքային միջանցքի մասին:

«Ազատություն»-ը հարցում էր ուղարկել նախագահական՝ ե՞րբ է որոշում կայացվել Ադրբեջանին զիջել նախկինում ԼՂԻՄ-ը շրջապատող յոթ շրջանները, արդյոք դա չի՞ նշանակում, որ այդ դեպքում Լեռնային Ղարաբաղը կհայտնվի անկլավային վիճակում՝ զրկվելով Հայաստանի հետ ցամաքային կապից, և արդյոք նման հեռանկարը Հայաստանի նախագահի կողմից սպառնալիք չի՞ դիտվում:

«Հանրապետության Նախագահն իր հարցազրույցում չի անդրադարձել համանախագահների կողմից հիմնահարցի փաթեթային հանգուցալուծման համար առաջարկված բոլոր դրույթներին, որոնք, ինչպես շեշտել են համանախագահները, անբաժանելի մեկ ամբողջություն են կազմում: Նախագահն ընդգծել է, որ այդ առաջարկի առաջին կետով ամրագրված է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը: Մյուս բոլոր տարրերը, ինչպես հայտարարել է Նախագահը ՀՀԿ 16-րդ համագումարի իր ելույթում` «ածանցյալ են»: «Մնացած բոլոր հարցերը կգտնեն իրենց տրամաբանական ու արդար լուծումը՝ խնդրի կարգավորմանը զուգահեռ: Քանի դեռ այս հիմնական խնդիրը կա, քանի դեռ անորոշության է մատնված Արցախի կարգավիճակը, որևէ այլ հարց լուծում չի կարող գտնել», - շեշտել է Նախագահը»,- ասված է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարի՝ «Ազատության»-ը ուղղված պատասխանում:

Վլադիմիր Հակոբյանը հավելել է․ - «Որևէ տարածքի վերադարձի մասին հարցը կարող է առարկայական լինել միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման պարագայում: Հանգուցալուծման առաջարկի փաթեթն ամրագրում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ցամաքային կապի անհրաժեշտությունը: Սրան բազմիցս անդրադարձել են թե՛ Հայաստանը, թե՛ համանախագահները: Որևէ անկլավային կարգավիճակի մասին խոսք անգամ լինել չի կարող: Խոսքը Հայաստանը Լեռնային Ղարաբաղին միացնող սոսկ ցամաքային ճանապարհի մասին չէ, այլ լայն, անվտանգ և անխափան ցամաքային այնպիսի կապի, որը լիարժեք ապահովված կլինի Ադրբեջանի կողմից որևէ ոտնձգությունից: Հատկապես ապրիլյան պատերազմից հետո, անվտանգության գոտի հանդիսացող հարակից տարածքների ներկա կարգավիճակն ավելի քան արդարացված է՝ հաշի առնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին սպառնացող շարունակական և անմիջական սպառնալիքը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG