Իլհամ Ալիևը և Ալեքսանդր Լուկաշենկոն նման համատեղ հայտարությամբ հանդես եկան երեկ` Բելառուսի նախագահի Բաքու կատարած մեկօրյա այցի ավարտին, հայտարարության տեքստում հատուկ ընդգծելով, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ընթացքում անհրաժեշտ է հաշվի առնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերն ու ԵԱՀԿ որոշումները:
Ադրբեջանի մայրաքաղաքում երեկ կայացած բանակցությունների գլխավոր առանձնահատկությունն, ի դեպ, երկու կողմից շարունակաբար հնչող հավաստիացումներն էին, թե Բաքուն և Մինսկը էական որևէ խնդրում տարակարծություններ չունեն:
«Մեր հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարարդակում են: Քիչ թվով պետություններ կան, որոնց հետ մենք նման հարաբերություններ ունենք: Մեր տեսակետները գործանականում համընկնում են գրեթե բոլոր ասպարեզներում: Մենք բարեկամանական հարաբերություններ ունենք և դա չենք էլ թաքցնում: Միջազգային օրակագի առումով ևս տարաձայնություններ չկան: Մենք արդյունավետորեն համագործակցում ենք միջազգային բոլոր կազմակերպություններում`աջակցելով միմյանց: Որտեղ Ադրբեջանը ներկայացված չէ, կա Բելառուսը, որտեղ Բելառուսը չկա և ներկայացված է Ադրբեջանը, մենք միմյանց մշտապես աջակցում ենք և պաշտպանում»,- Բաքվում հայտարարել է Լուկաշենկոն:
Հաճոյախոսությունների առումով Իլհամ Ալիևը Լուկաշենկոյից հետ չի մնացել`անգամ իր բելառուս գործընկերոջ խոսքն ընդհատելու գնով: «Ես հազվադեպ եմ խախտում արարողակարգը, բայց սա այն դեպքն է, երբ դա անհրաժեշտ է անել: Նախևառաջ, ես ցանկանում եմ ադրբեջանցի ժողովրդի անունից երախտագիտություն հայտնել այն խոսքերի համար, որ մեր ժողովորդի հասցեին հնչեցրեց Բելառուսի նախագահը: Միշտ էլ հաճելի է դա լսել բարեկամի շուրթերից, հատկապես՝ եթե այդ հայտարարություններն անկեղծ բնույթ ունեն: Կրկնակի հաճույք է նման հայտարարություններ լսել մի մարդուց, ով կարողացել է կառուցել ժամանակակից, դինամիկ զարգացող, ինքնաբավ և արդյունավետ մի պետություն, որին շատերը կարող է և պետք է նախանձեն»,- նշել է Ադրբեջանի նախագահը:
Երկուշաբթի օրը կայացած բելառուսա-ադրբեջանական բանակցությունների գլխավոր թեմաներից մեկն է դարձել էներգետիկ ասպարեզում երկկողմ համագործակցության հեռանկարը: Բելառուսում լույս տեսնող մի շարք անկախ պարբերականներ, ինչպես նաև մոսկովյան թերթերից մի քանիսը, վերջին օրերին պնդում էին, որ Լուկաշենկոն Բաքու է մեկնում նախևառաջ ադրբեջանական նավթի մատակարարումների շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով:
Այդ մատակարարումները Մինսկի համար կենսական նշանակություն ունեն, քանի որ հնարավորություն կտան ապահովել երկրում առկա երեք նավթամշակման գործարանների անխափան աշխատանքը: Ռուսաստանից մատակարավող նավթի ծավալների նվազեցման ֆոնին այդ գործարանները հայտնվել են հարկադիր պարապուրդի իրական վտանգի առջև: Ի դեպ, Ադրբեջանը հոկտեմբերին արդեն իսկ 85 հազար տոննա նավթ էր արտահանել բելառուսական Մոզիր քաղաքում գտնվող գործարան:
Ալեքսանդր Լուկաշնեկոն, սակայն, շատ ավելի մեծ ծավալի մատակարարումների ակնկալիք ունի: «Եթե Ադրբեջանը եվրոպական շուկայում շահեր ունի, ապա եկեք նստենք և հստակորեն պայմանավորվենք հետագա քայլերի մասին»,- երեկ հայտարարել է Լուկաշենկոն: Բանակցությունների ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, սակայն, Բելառուսի ղեկավարը գերադասել է խոսել ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալների ավելացման մասին:
«Այսօր մենք պայմանավորվեցինք ավելացնել երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը, որպեսզի հաջորդ տարի այն հասցնենք 700 միլիոն դոլարի: Դա երկու անգամ կգերազանցի ամենաբարենպաստ տարում արձանագրված ցուցանիշը»- նշել է Բելառուսի նախագահը:
Լուկաշնեկոյի` Բաքու կատարած այցի ամենավառ դրվագներից մեկն էլ, իհարկե, նրա պատվին կազմակերպված ընդունելությունն էր, որի ընթացքում Իլհամ Ալիևն իր բելառուս գործընկերոջն է շնորհել իր հոր` Հեյդար Ալիևի անունը կրող շքանշանը: «Խորհրդանշական է, որ այսօր Հեյդար Ալիևի ստեղծած պետությունում` Ադրբեջանում, նրա ընկերոջը` եղբայրական Բելառուսի նախագահին, շնորհվում է Հեյդար Ալիևի անունը կրող շքանշանը, ադրբեջանական պետության բարձագույն պարգևը»,- շքանշանը Լուկաշենկոյին հանձնելուց առաջ հայտարարել է Ալիևը:
Ինքը` Լուկաշենկոն, ադրբեջանական շքանշանի արժանանալու փաստից ակնհայտորեն հուզվել է: Նա անգամ համբուրել է Հեյդար Ալիևի` շքանշանի վրա պատկերված կիսադեմը: «Իլհամ Հեյդարովիչ, ես երախտապարտ եմ քեզ մեր ընկերության համար: Ես այն շատ բարձր եմ գնահատում, այս մեդալի համար էլ վարձահատույց կլինեմ», - անկեղծացել է Բելառուսի նախագահը: