Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր ընդունել է Սիրիայի Ժողովրդական ժողովի պատգամավորներ Օմար ալ Արաբին և Ալան Բաքերիին:
ԱԺ փոխնախագահը կարևորել է երկու երկրների միջև փոխգործակցությունն ու այդ հարցում առանձնակի տեղ հատկացրել միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը:
Նա երախտագիտություն է հայտնել Սիրիայի խորհրդարանին՝ նախորդ տարի Հայոց ցեղասպանության հարցի քննարկմանն ուղղված քայլերի համար:
«Ցեղասպանությունների ժխտումը լի է ոճրագործության կրկնության վտանգով. թուրքական ժխտողականությունն ու անպատժելիությունը ծնեցին նոր, «Իսլամական պետության» նման ահաբեկիչների», - նշել է Շարմազանովը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Սիրիայում առկա ճգնաժամին։ ԱԺ փոխնախագահը սիրիացի ժողովրդին մաղթել է տոկունություն և հույս հայտնել, որ շուտով երկրում կտիրի խաղաղություն և օրինականություն:
Էդուարդ Շարմազանովն ընդգծել է Հայաստանի դիրքորոշումը ահաբեկչության դեմ պայքարում և վստահեցրել, որ հայ խորհրդարանականները պատրաստ են միջազգային տարբեր հարթակներում իրենց ձայնը բարձրացնել սիրիական խնդրի խաղաղ կարգավորման համար:
Սիրիայի Ժողովրդական ժողովի պատգամավորները փոխանցել են սիրիական իշխանությունների և ժողովրդի երախտագիտությունը հայ ժողովրդին՝ դժվարին պահերին իրենց սատարելու և աջակցության համար, ասված է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:
Սիրիացի խորհրդարանականները նույնպես կարևորել են միջխորհրդարանական կապերի սերտացումը և նշել, որ Սիրիայի խորհրդարանի համապատասխան հանձնաժողովներում ընթանում են Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հարցի քննարկումները:
Նրանք Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահին հրավիրել են պաշտոնական այցով մեկնել Սիրիա: