Մատչելիության հղումներ

Արևելյան Հալեպի զգալի հատվածն անցավ Ասադի ուժերի վերահսկողության տակ


Հալեպի արևելյան շրջանների զգալի հատվածն անցավ Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողության տակ։

Սիրիական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ, այսօր Բաշար Ասադի բանակը դաշնակիցների օգնությամբ վերադարձրեց քաղաքի ռազմավարական նշանակության մի շարք շրջաններ, այդ թվում՝ ինչպես հաղորդվում է, Սախուրը, որը թույլ կտա սիրիական բանակին ավելի առաջ շարժվել։

Լոնդոնում տեղակայված սիրիական դիտարանի ղեկավար Ռամի Աբդուրահմանը, «Ռոյթերզ»-ի հետ զրույցում, հաստատել է Ասադի ուժերի վերջին օրերի նվաճումները Հալեպում՝ շեշտելով, որ Սիրիայի մեծությամբ երկրորդ քաղաքում ընդդիմադիր ուժերը 2012 թվականից ի վեր ամենամեծ պարտությունն են կրում՝ կորցնելով իրենց վերահսկողության տակ գտնվող թաղամասերի մոտ 30 տոկոսը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, Սիրիայի կառավարական ուժերի գրաված շրջաններն ընդգրկում են տասը արվարձան և ավելի քան 3 հազար շենք։ Ըստ նույն աղբյուրի, 100-ից ավելի ապստամբներ վայր են դրել զենքն ու լքել Հալեպի արևելյան հատվածը։

Հալեպում իրավիճակը, հիշեցնենք, կտրուկ սրվել է շուրջ երկու շաբաթ առաջ, երբ սիրիական կառավարական ուժերն ու դաշնակիցներն այնտեղ խոշոր գործողություններ սկսեցին։ Ահեղ մարտերի հետևանքով հազարավոր խաղաղ բնակիչներ ստիպված էին լքել զինյալների վերահսկողության տակ գտնվող տարածքները։ Որոշ գնահատականներով, շուրջ 250 հազար մարդ դեռ շրջափակման մեջ է, սննդամթերքի պահուստները սպառվել են։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Հալեպի արևելյան շրջաններում գործող հիվանդանոց այլևս չի մնացել։

Սիրիացի իրավապաշտպանների տվյալներով, շաբաթ օրվա գրոհի հետևանքով ավելի քան 200 մարդ, այդ թվում՝ 30 երեխա է զոհվել։

«Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, կառավարական ուժերի առաջխաղացման ֆոնին Հալեպից հազարավոր բնակիչներ լքում են զինյալների վերահսկողության տակ գտնվող շրջանները։ Իշխանությունները հատուկ ավտոբուսներ են տրամադրել՝ բնակչությանն անվտանգ վայրեր տեղափոխելու համար։

«Մենք սարսափի մեջ էինք ապրում՝ դիմացել ենք նվաստացման, տեսել ենք մահ։ Ո՛չ հաց ունեինք, ո՛չ սնունդ, ո՛չ շաքարավազ, ո՛չ ծխախոտ, ոչինչ», - պատմում է սիրիացի միջին տարիքի մի կին։

Վեցերորդ տարին շարունակվող սիրիական պատերազմի ընթացքում Հալեպը բաժանվել է երկու գոտիների՝ արևմտյան շրջանները սիրիական բանակի, իսկ արևելյան շրջանները ընդդիմադիր զինյալների վերահսկողության տակ են։ Սակայն վերջին մեկ տարվա ընթացքում Ասադի ուժերը, Իրանի աջակցությունը վայելող շիա զինյալների և ռուսական օդուժի օգնությամբ, էական հաջողությունների են հասնում այստեղ։

Մոսկվան պնդում է, որ ռուսական ռազմական օդանավերի թիրախը ոչ թե Հալեպն է, խաղաղ բնակչությունը, այլ՝ ահաբեկչական խմբավորումները։

Վաշինգտոնը մինչդեռ հերթական անգամ հայտարարում է, որ Ռուսաստանը Սիրիայում ոչ թե «Իսլամական պետության» դեմ է պայքարում, այլ սիրիական ընդդիմության։

Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Սյուզան Ռայսը CNN-ի եթերում հայտարարել է, որ ռուսների համար «Իսլամական պետության» պարտությունը Սիրիայում երկրորդական հարց է։

«Եթե նայենք, թե ինչպես են նրանք իրենց ջանքերն ու ռեսուրսները տեղաբաշխել, ապա կտեսնենք, որ ամեն ինչ տանում է Ասադին աջակցելուն և ընդդիմությանն անխնա ռմբակոծելուն», - հայտարարել է Սպիտակ տան պաշտոնյան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG