Մատչելիության հղումներ

Սյունիքի նախկին մարզպետը հերքում է իր որդու մասնակցությամբ միջադեպի մասին տեղեկությունը


Սուրիկ Խաչատրյան, արխիվ
Սուրիկ Խաչատրյան, արխիվ

Սուրիկ Խաչատրյանը լրագրողներին ասել է, թե պաշտոնը լքելուց հետո անգործ չի մնացել: Հարցին՝ հնարավո՞ր է, որ դարձյալ պաշտոն զբաղեցնի, պատասխանել է՝ «Եթե իշխանությունը կցանկանա, կորոշվի»:

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հերքել է լրատվամիջոցների տարածած տեղեկությունն այն մասին, թե որդին՝ Տրդատ Խաչատրյանը դանակահարել է Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թոռանը:

Լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, թե այսօր գիշեր «Օջախ» ռեստորանային համալիրից Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Չարենցավանի բնակիչ՝ 22-ամյա Տիգրան Շահգալդյանը՝ ոտքերի և նստատեղի հատվածում սուր-կտրող-ծակող առարկայից ստացած վերքերով: Սուրիկ Խաչատրյանը պնդել է, թե նրանք մտերիմ ընկերներ են: Ինչ վերաբերում է նշված միջադեպին, ապա իր որդին այնտեղ չի եղել։ Այսօր Խաչատրյանը պատասխանել է լրագրողների՝ նշված միջադեպին վերաբերող մի քանի հարցերի:

Խաչատրյան – Ես ձեզ վստահեցնում եմ, որ նման բան չկա, նրանք շատ մտերիմ ընկերներ են արդեն մի քանի տարի, շատ մտերիմ հարաբերություն ա, որովհետև երևի բոլորդ գիտեք՝ Կովալ Շահգալդյանի հետ մենք, որպես մարզպետներ, լուրջ ընկերություն ունենք մինչև էսօր: Մեր երեխեքն իրար հետ ընկերություն են անում։ Ժողովուրդ ջան բան չկա, վստահեցնում եմ, որ չկա:

Հարց- Իսկ ինչու՞ են նման լուրեր տարածվում:

Խաչատրյան – Դա ձեզանից ա գալիս, ուրիշ ումից ա գալիս, ձեզ հարց տվեցեք:

Հարց- Իրար հե՞տ են եղել երեկ ամեն դեպքում:

Խաչատրյան – էդ պահին իրար հետ չեն եղել:

Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը ևս այսօր հերքեց լուրերը, թե իր թոռանը վնասողը Տրդատ Խաչատրյանն է եղել։ Ասաց՝ թոռը հիվանդանոցից արդեն դուրս է գրվել, վնասվածքն էլ լուրջ չէ։ «Սենսացիա ման մի եկեք»՝ լրագրողներին հորդորեց Կովալենկո Շահգալդյանը, հավելելով, թե կենցաղային վեճ է եղել անհայտ անձանց հետ։

Երկու նախկին մարզպետներն այսօր ՀՀԿ համագումարին էին մասնակցում։ Սուրիկ Խաչատրյանը նշեց, թե ուրախ է, որ Կարեն Կարապետյանը համալրել է Հանրապետականի շարքերը։ Ասաց, թե իրենք Կարապետյանի այս քայլին սպասում էին, քանի որ նա էլ նույն թիմի անդամն է։

Սյունիքի նոր մարզպետի աշխատանքը Խաչատրյանը նորմալ է գնահատում: Ինչ վերաբերում է իրեն, ապա մարզպետի պաշտոնը լքելուց հետո անգործ չի մնացել, շարունակում է աշխատել։ Հարցին՝ հնարավո՞ր է, որ դարձյալ պաշտոն զբաղեցնի, պատասխանել է՝ «Եթե իշխանությունը կցանկանա, կորոշվի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG