Վարչապետ Կարեն Կարապետյանն, ինչպես նաև չորս նախարարներ այսօր դարձան Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամներ։
Իշխող ուժին են անդամագրվել տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Այս մասին «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, կազմակերպչական վարչության նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
Վերջինիս փոխանցմամբ, մյուս նախարարներից առայժմ դիմումներ չեն ստացել։ «[Հանրապետական կուսակցության] կենտրոնական գրասենյակն արդեն ստացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի դիմումը ՀՀԿ-ին անդամագրվելու համար։ Կանոնադրության համաձայն, եղել է կազմակերպչական հանձնաժողովի համապատասխան որոշումը, այս պահից պարոն վարչապետը Հանրապետական կուսակցության լիարժեք անդամ է, ինչպես նաև մեր մյուս ընկերները, նկատի ունեմ նախարարներին՝ Սուրեն Կարայան, Իգնատի Առաքելյան, Վահան Մարտիրոսյան և Լևոն Ալթունյան», - ասաց ՀՀԿ կազմակերպչական վարչության նախագահը։
«Ազատություն». - Կարո՞ղ ենք ասել, որ վաղվա համագումարում Կարեն Կարապետյանը կուսակցության փոխնախագահ կընտրվի։
Թադևոսյան. - Իհարկե, կանոնադրությունով նա արդեն լիարժեք կարող է ընտրվել կուսակցության կառույցներում։
«Ազատություն». - Չի՞ բացառվում, որ նա վաղը հենց կուսակցության փոխնախագահի պաշտոնը զբաղեցնի։
Թադևոսյան. - Դա վաղը կերևա, իհարկե չի բացառվում։
Նշենք, որ վաղն իշխող ուժը գումարում է իր հերթական համագումարը, որտեղ, ինչպես խոստացել են հանրապետականները, սպասվում են փոփոխություններ կուսակցության ղեկավար կազմում։ Սակայն ՀՀԿ նախագահը կմնա անփոփոխ:
Ինչպես «Ազատության» հետ զրույցում ընդգծեց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, «Սերժ Սարգսյանը կա, կմնա և վաղը կվերընտրվի Հանրապետականի նախագահ»:
«Ազատություն». - Վաղն արդեն համագումարն է իշխող Հանրապետականի, Դուք մի քանի անգամ վստահաբար ասել եք, որ կուսակցության նախագահ է ընտրվելու Սերժ Սարգսյանը, և այստեղ որևէ կասկած լինել չի կարող։
Շարմազանով. - Իհարկե, Հայաստանի հանրապետական կուսակցությունը մեկ լիդերի կուսակցություն է, մեր կուսակցության նախագահը կա և կմնա, վաղը կվերընտրվի Սերժ Սարգսյանը։
«Ազատություն». - Կարո՞ղ ենք ասել, որ հենց Սերժ Սարգսյանը կգլխավորի իշխող Հանրապետականի նախընտրական ցուցակը։
Շարմազանով. - Ցուցակի մասին մենք չենք քննարկել, բայց որ Սերժ Սարգսյանն է լինելու կուսակցության առաջնորդը և կուսակցության հիմնական գործող դերակատարը՝ ղեկավարը, դա պարզ է։ Իսկ մենք բոլորս, այդ թվում՝ նաև վարչապետ Կարապետյանը, Սերժ Սարգսյանի քաղաքական թիմի ներկայացուցիչներ ենք։
Թե ինչո՞ւ էր անհրաժեշտ, որպեսզի անկուսակցական վարչապետն ու նախարարները նույնպես դառնան հանրապետական, Էդուարդ Շարմազանովը պարզաբանեց՝ «անկուսակցական գործիչների ժամանակաշրջանը մնում է անցյալում, եթե որևէ մեկը ուզում է զբաղվել քաղաքականությամբ և ունենալ լուրջ դերակատարում, ապա պետք է լինի կուսակցական»:
Շարմազանով. - Անկուսակցական գործիչների ժամանակաշրջանները մնում են անցյալում, «Իմ կուսակցությունն իմ ժողովուրդն է» կարգախոսը և փիլիսոփայությունը մնում է անցյալում։
«Ազատություն». - Իր ցանկությո՞ւնն է եղել, թե՞ նրա առջև նման խնդիր է դրվել, որ «եթե դու ցանկանում ես նաև 2017 թվականին որոշակի դերակատարություն ունենալ քաղաքականության մեջ, լինել նաև վարչապետ, ապա պետք է լինես Հանրապետական»։
Շարմազանով. - Ես չեմ կարծում, որ վարչապետ Կարեն Կարապետյանն այն անձնավորությունն է, որին պետք է ասել՝ «պետք է դառնաս»։ Սա եղել է պարոն Կարապետյանի որոշումը և, բնականաբար, կուսակցությունն էլ ողջունել է այդ որոշումը։
«Ազատություն». - Հաշվի առնելով, որ Կարեն Կարապետյանը հանրապետական է, կարող ենք ենթադրել, որ լինելու է իշխող ուժի վարչապետի թեկնածու 2017 թվականին։
Շարմազանով. - Մենք նախընտրական որևէ զարգացման մասին կուսակցական քննարկումներ չենք արել։ Վաղը կլինի կուսակցության համագումարը, կլինի կուսակցության նախագահի հաշվետու ելույթը, և դրանից հետո մենք աստիճանաբար կմտնենք նախընտրական փուլ։ Ընդամենը կարող եմ նշել, որ վարչապետ Կարապետյանի մուտքը Հայաստանի հանրապետական կուսակցություն, ինչպես նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի որոշումը՝ անդամակցել Հայաստանի հանրապետական կուսակցությանը, նոր լիցք կհաղորդի կուսակցությանը, նոր, թարմ ավյուն կբերի մեր կուսակցությանը, և, իմ վերջին տեղեկություններով, արդեն մի քանի հազար մարդ երեկվանից որոշել է անդամակցել և նույնիսկ դիմում է գրել Հանրապետական կուսակցություն, և այդ մի քանի հազարը ոչ թե հազար-երկու հազար է, այլ երեք-չորս հազարից ավել։
Եթե իշխող հանրապետականում կարծում են, թե Կարեն Կարապետյանի անդամակցությունը նոր շունչ կհաղորդի իշխող ուժին, և դրա ապացույցն էլ մեկ օրում ստացված մի քանի հազար քաղաքացիների դիմումներն են, հանրապետականի երբեմնի գործընկեր «Բարգավաճ Հայաստան»-ում (ԲՀԿ) հակադարձում են՝ այդ հարցը ժողովրդին չի հետաքրքրում։
ԲՀԿ պատգամավոր Լլովա Խաչատրյանի խոսքով՝ իրականում այսօր երկրում մեկ դասական կուսակցություն կա՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ)։
Խաչատրյան. - Բայց, հավատացեք, այսօր գյուղամեջում այլևս նման թեմաներով ոչ մեկ չի հետաքրքրվում, դրանց ժամանակներն անցել են, նոր բան է պետք մտածել։ Ժողովուրդը վարչապետից, կառավարությունից մի պահանջ ունի՝ վաղն ի՞նչն է էժանանալու, վաղը ո՞ր օրենքն է գործելու, վաղը բոլո՞րն են օրենքի դեմ հավասար լինելու, վաղը մոնոպոլիաները վերանալո՞ւ են, թե՞՝ ոչ, վաղը արտագաղթը կրճատվելո՞ւ է... թե չէ՝ մտան կուսակցություն, դուրս եկան... կուսակցություն էլ չկա էս երկրում, որ մտնես ու դուրս գաս, մի կուսակցություն կա կլասիկ, մեծ հաշվով՝ իրա թույլ, լավ ու վատ կողմերով, դա Դաշնակցությունն է, մնացածները սկի կուսակցություն էլ չեն։
«Ազատություն». - Անգա՞մ ԲՀԿ-ն։
Խաչատրյան. - Մեկ կլասիկ կուսակցություն գոյություն ունի Հայաստանում՝ իրա վատ ու լավ կողմերով, մնացածը դեռ կուսակցություն կամ կդառնան, կամ չեն դառնա։ Մտան-չմտան, հելան-չհելան, նորից եմ ասում, գյուղամեջում նույնիսկ այլևս նման թեմաներ չեն քննարկվում։