«Որևէ բան բացառված չէ: Դա քաղաքական խորհրդի գործն է: Խորհրդի նիստը փակ է լինելու: Ես չեմ բացառում, որ նաև այդ հարցը կարծարծվի․․․ Այո, մենք բոլորս համոզված ենք, որ Գագիկ Ծառուկյանի հետ միասին «Բարգավաճը» շատ ավելի հզոր կլինի, շատ ավելի կենսունակ կլինի: Ինքը մեր հիմնադիրն է, և էս երկրում, մեր պետության մեջ մեծ ավանդ ունեցող անձնավորություն է, որը շարունակում է տարբեր տիպի ծրագրեր իրականացնել, միջոցառումներ իրականացնել», - այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց ԲՀԿ խորհրդրանական խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:
ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանն, իր բառերով ասած, ակտիվ քաղաքականությունն ու կուսակցության ղեկավարի աթոռը թողեց անցած տարվա մարտին՝ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հրապարակային սուր հակասություններից հետո:
Հակասությունները կարծես արագ հաղթահարվեցին․ Ծառուկյանի այդ հայտարարությունից ընդամենը կես տարի անց նախագահ Սարգսյանը նրան պարգևատրեց Պատվո շքանշանով:
Հնարավոր է, երկար չտևի նաև ակտիվ քաղաքականությունից ԲՀԿ նախկին առաջնորդի հեռանալը: Մոտ մեկ ամիս առաջ լրագրողների հետ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը հայտարարեց՝ եթե անհրաժեշտությունը լինի, քաղաքականություն իր վերադառնալու կարիքը լինի, հնարավոր է, որ փակված գիրքը, ծալած էջը բացվի:
Այսօր Մելքումյանը բացառեց, որ դեկտեմբերի 3-ին կայանալիք կուսակցության քաղխորհրդի նիստում կքննարկվի ԲՀԿ ղեկավար կազմի փոփոխությունը:
Հարցին, թե արդյոք խորհրդարանական ընտրություններում պարտության դեպքում կուսակցությունը շարունակելու է մնալ ընդդիմադիր դաշտում, թե վերստին կհռչակվի այլընտրանքային ուժ, Մելքումյանը, խուսափելով «ընդդիմադիր» բառից, պատասխանեց․ - «Հիմա դեռ վաղ ա: Դրա մասին էսօր խոսելը ռեալ չի: Ես անկեղծ ասեմ․․․ Հաղթանակի դեպքում էլ, նայած ինչ չափի հաղթանակ ես տանում»:
Իսկ հարցին, թե արդյոք բացառվում է առաջիկա ընտրություններում Հանրապետականի հաղթանակի դեպքում ԲՀԿ - ՀՀԿ կոալիցիան, Մելքումյանն արձագանքեց․ - «Եկեք «եթե»-ներով չխոսենք․․․ Եկեք սպասենք, առաջ չանցնենք»: